
Ուինսթոն Չերչիլի կիսատ ծխած սիգարը հանվել է աճուրդի

Բրիտանիայում աճուրդի է հանվել երկրի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի կիսատ ծխած սիգարը։ Աճուրդը կանցկացվի հունիսի 16-ին, լոտը գնահատվում է 600-800 ֆունտ ստեռլինգ։ Այս մասին հաղորդում է Sky News պարբերականը:
Սըր Ուինսթոն Չերչիլը 1944 թվականի օգոստոսի 29-ին իր պատվին հրավիրված ընթրիքից հետո իր կիսատ ծխած սիգարը նվիրել է Ռաբաթում Բրիտանիայի գլխավոր հյուպատոս Հյու Սթոնհյուեր-Բիրդին: Հյուպատոսը հուշանվերը դրել է ապակե տարայի մեջ և պահել է այն մինչև 1973 թվականին իր մահը: Այժմ նրա հարազատները որոշել են վաճառել սիգարը:
Սիգարը 79 տարի պահպանվել է ապակե տարայում, որի վրա ձեռագիր նշումներ են արված:
Չերչիլը Միացյալ Թագավորության վարչապետն է եղել 1940-ից 1945 թվականներին և 1951-ից 1955 թվականներին: Նա մահացել է 1965 թվականի հունվարին՝ 90 տարեկան հասակում: Նա բրիտանացի երեք քաղաքական առաջնորդներից մեկն է, որին հրաժեշտ են տվել պետական հուղարկավորությամբ: