Կառավարությունը ցնծության մեջ է, մարդիկ՝ տագնապի
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում մեկնարկել են նախորդ տարվա պետական բյուջեի կատարողականի նախնական քննարկումները։ Դրանց մասնակցող Նիկոլ Փաշինյանն այնպիսի ճռճռան ցուցանիշներ է ներկայացնում անցած և ընդհանրապես իր ղեկավարած տարիների տնտեսական ու բյուջետային ձեռքբերումների վերաբերյալ, կարծես դրանից երկիրն ավելի անվտանգ է դարձել, իսկ քաղաքացին՝ պաշտպանված ու ապահով, այլևս չկան սոցիալական խնդիրներ։
Չնայած կառավարության աշխատանքից անկախ պատճառներով անցած տարի գրանցված երկնիշ աճերին, սոցիալական խնդիրները մեր երկրում մի բան էլ ավելացել են, աղքատությունն ընդլայնվել է, խորացել է հասարակության բևեռացումը։ Կառավարությունն ամեն ինչ արել է, որպեսզի հարուստներն ավելի հարստանան, իսկ աղքատներն աղքատանան։
Բյուջեի եկամուտների աննախադեպ աճերից են խոսում, երբ այդ եկամուտները ծառայեցրել են իրենց անձնական նպատակներին։ Հասարակության աղքատ հատվածը շարունակել է աղքատանալ՝ ցածր եկամուտների ու բարձր գնաճի հետևանքով։ Մի քանի հազար դրամով թոշակ ու նպաստ են բարձրացրել, իսկ ծախսերը տասնյակ-հազարներով են ավելացրել։
Աղքատացել են ոչ միայն այն 170-180 հազար քաղաքացիները, ովքեր աշխատանք չունեն, այլև նրանք, ովքեր աշխատում են։
Հարյուր-հազարների է հասնում աշխատող քաղաքացիների քանակը, որոնց աշխատավարձերի ու գների միջև խզումը խորացել է՝ վատացել են ապրելու պայմանները։
Մի քանի հազար Ռուսաստանի քաղաքացի տեղափոխվել է Հայաստան, աշխատում է Հայաստանից, բարձր աշխատավարձ է ստանում, ու դրա արդյունքում՝ պաշտոնական վիճակագրությունը մի կողմից՝ աշխատատեղերի, մյուս կողմից՝ աշխատավարձերի բարձր աճեր է գրանցում։
Անցած տարի ոչ ռեզիդենտ աշխատողների քանակը Հայաստանում եռապատկվել է։
Խոսքը Հայաստանի քաղաքացի չհանդիսացող աշխատողների մասին է, ովքեր անհամեմատ բարձր վարձատրություն են ստանում։ Նրանց միջին աշխատավարձը չորս անգամ ավելի բարձր է, քան Հայաստանի միջինը։
Սրանից մեր քաղաքացիները ոչինչ չեն շահում, բայց շահում են աշխատատեղերի ու աշխատավարձերի ցուցանիշները։
Պաշտոնական վիճակագրությունն այլ երկրների քաղաքացիների հարկադիր տեղափոխման հաշվին աշխատատեղերի աճեր ու աշխատավարձերի բարձրացումներ է գրանցում, կառավարությունն էլ կարծում է, թե դա իր աշխատանքի արդյունքն է։
Տնտեսական աճն անցած տարի Հայաստանում բարձր էր, թեև դա նույնիսկ դժվար է նորմալ տնտեսական աճ անվանել։ Մեր տնտեսության վիճակն անցած տարի նույնիսկ վատացել է։ Ներքին արտադրության ու արտահանման համար ստեղծվել են աշխատելու անտանելի պայմաններ։
Կառավարության անտարբերության հետևանքով, ներքին արտադրությունը դուրս է մղվում դրսի շուկաներից, ներսում՝ փոխարինվում է ներմուծվող ապրանքներով։
Մինչ իրական տնտեսությունը կորցնում է մրցունակությունը, հայտնի է, թե անցած տարի ինչի արդյունքում են գրանցվել բարձր տնտեսական աճերը, և հատկապես որ ոլորտներում։ Դրանք պայմանավորվել են գերազանցապես ռուս-ուկրաինական հակամարտությամբ, Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցներով, Ռուսաստանից եկած ֆինանսական ու մարդկային հոսքերով, այլ երկրների տնտեսությունների հաշվին Հայաստանի միջոցով ռուսական ապրանքային շուկայի պահանջարկը լրացնելով ու մատակարարումներ իրականացնելով։ Զարմանալի չէ, որ աճել են առևտուրն ու ծառայությունները։
Դրա արդյունք է նաև բյուջեի եկամուտների ավելացումը։ Բայց ոչ միայն դրա։
Բարձրացել են գները, արդյունքում՝ ավելացել են վճարվող հարկերը։ Դա տեղի է ունեցել սպառողի գրպանի հաշվին։ Սպառողի վրա մեծացել է բյուջեի բեռը։ Մեծացել է բյուջեի բեռը նաև տնտեսության որոշ հատվածներում։
Այս բոլոր գործոնները նպաստել են, որպեսզի ավելանան բյուջեի եկամուտները։ Բայց խոսքը միայն անվանական եկամուտների մասին է, որոնցով չէ, որ բնութագրվում են բյուջեի եկամուտների հավաքագրման որակն ու կառավարության աշխատանքի արդյունավետությունը։ Կան շատ ավելի կարևոր չափորոշիչներ, որոնցից մեկն էլ ՀՆԱ նկատմամբ բյուջեի եկամուտների և հատկապես հարկային եկամուտների հարաբերակցությունն ու դինամիկան է։
Ի հեճուկս կառավարության, անցած տարի տնտեսության մեջ հարկերի հավաքագրման առումով առաջընթաց չի եղել։ Նույնիսկ վատացում է արձանագրվել։
Նախատեսել էին ՀՆԱ մեջ հարկերի հավաքագրման ցուցանիշն ավելացնել 0,7 տոկոսային կետով։ Երբ տեսան, որ չեն կարող կատարել՝ իջեցրին 0,5-ի։ Սակայն դա էլ մնաց՝ որպես երազանք. 0,5 տոկոսային կետով բարելավելու փոխարեն՝ ՀՆԱ մեջ հարկերի հավաքագրման մակարդակն անցած տարի նույնիսկ նվազեց։
Նախորդ տարի 22,73 տոկոս էր, դարձավ 22,66 տոկոս։
Եվ դա տեղի ունեցավ՝ ինչպես բարձր գնաճի, արտաքին աննախադեպ նպաստավոր պայմանների ու որոշ ոլորտներում հարկային բեռի կտրուկ բարձրացման պարագայում։
Կառավարությունը թերացել է նաև ծախսերի գծով։ Ճշգրտված պլանի համեմատ՝ ավելի քիչ ծախսեր են արել։ Ու ինչպես սովորաբար լինում է վերջին տարիներին՝ պակաս են կատարվել հատկապես կապիտալ ծախսերը։ Կապիտալ ծախսերի ճշգրտված ծրագիրը տարեվերջին կրճատեցին, բայց նույնիսկ կրճատված ծրագիրը թերակատարեցին։
Միակ բանը, որտեղ երբեք չեն թերանում՝ պետական պարտքի ավելացումն է։ Անցած տարի, տարադրամով արտահայտված, պետական պարտքը ավելացավ ևս 1,4 մլրդ դոլարով։ Եվ, որ շատ ավելի վատ է, կտրուկ թանկացավ պարտքի բեռը։ Եթե տարվա սկզբին միջին կշռված տոկոսադրույքը 4,7 էր, հասավ 6,3 տոկոսի։
Մեկ տարում պարտքի գինը բարձրացավ 1,6 տոկոսային կետով կամ 34 տոկոսով։
Սա պարտքի աննախադեպ ծանրաբեռնում է, որի պատճառը պարտքի կառուցվածքում թանկ փողերի ներգրավումն է։
Մի քանի տարում այնքան թանկացրին պարտքը, որ հիմա արդեն այն հասել է կոմերցիոն վարկերի գնին։ Պատահական չէ, որ ամեն տարի հարյուրավոր միլիոն դոլարներ են վճարվում միայն պարտքի տոկոսավճարի դիմաց։
Այն, ինչ ունեցանք անցած տարի տնտեսության ու բյուջեի հարկային եկամուտների անվանական աճերի առումով, կապված էր գերազանցապես ռուս-ուկրաինական հակամարտության ու պատժամիջոցների հետ։ Բայց այդ հակամարտությունը հավերժ չէ և մի օր ավարտվելու է։ Այն ժամանակ կերևա կառավարության այսօրվա աշխատանքի արդյունքը, չնայած այժմ էլ երևում է։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ