«Ամեն ապուշություն կարող է ասել». Ինչպե՞ս են քաղաքացիները վերաբերվում Փաշինյանի՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հայտարարությանը. հարցում
Հայաստանը պատրաստ է ճանաչել Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս. օրերս հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ ավելի հստակեցնելով, թե ինչ նկատի ունեն, երբ խոսում է Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի մետր տարածքային ամբողջականության մասին։
Այս հայտարարությունը չափազանց կոշտ հակազդեցություն ունեցավ հանրային ու քաղաքական շրջանակներում:
168.am-ն այսօր փոքրիկ հարցախույզով քաղաքացիներից հետաքրքրվել է, թե ինչպե՞ս են նրանք վերաբերվում Փաշինյանի՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հայտարարությանը:
Արձագանքները հիմնականում խիստ էին:
«Արցախը հենց Հայաստանի մաս է կազմում, ու չի կարելի նման որոշում կայացնել»,- նշեց քաղաքացիներից մեկը:
Մեկ ուրիշը նկատեց, եթե անգամ «ոչ» ասեն, ի՞նչ պիտի փոխվի:
«Սարսափելի բան է, բայց եթե ասենք՝ չէ, ի՞նչ է լինելու. իրենից ոչ մի բան կախված չէ, մեղավորը մենք ենք, որ 30 տարվա մեջ էս օրի ընկանք»,- հավելեց նա:
Ի դեպ, կարծիք կար, թե Նիկոլ Փաշինյանը դա արել է, որ Ադրբեջանին բերի բանակցությունների սեղանի մոտ:
«Ամեն ապուշություն կարող է ասել. ես չեմ ընդունում, որ դա ճիշտ է»,- շեշտեց մի կին:
Մի երիտասարդ էլ համոզում հայտնեց, որ դեռևս 2018 թվականից հետո Փաշինյանը չի սպասարկում հայկական շահը, իսկ նման հայտարարությունները չի կարող անել հայերի անունից:
Մանրամասները՝ տեսանյութում