Փաշինյան-Ալիև բանակցություններն Արևմուտքում մեծ վտանգի տակ են․ փորձագետները բանակցությունների տապալումը չեն բացառում
Նախօրեին՝ ըստ էության, Մոլդավայում սպասվող բանակցային հերթական ռաունդին ընդառաջ՝ Իլհամ Ալիևը սպառնալիքների հերթական չափաբաժինն ուղղեց արցախահայությանն ու Արցախի իշխանություններին։ Նա հայտարարեց, թե վերջերս իրեն շատ են հարց ուղղում՝ «ինչպիսի՞ն է լինելու Ղարաբաղի ղեկավարության ճակատագիրը»։ Նա իբրև թե մանրամասնեց, թե, ըստ իր տեսլականի ու պատկերացման, որ դեպքերում կարող են լինել «զիջումներ ղարաբաղյան առաջնորդների համար»։
«Բոլորը քաջ գիտակցում են, որ այսօր մենք հնարավորություն ունենք ցանկացած գործողություն իրականացնել այդ տարածաշրջանում (Ղարաբաղում)։ Ուստի խորհրդարանը պետք է լուծարվի, իրեն «նախագահ» կոչողը պետք է հանձնվի, բոլոր նախարարները, պատգամավորները և մյուսները պետք է արդեն լքեն իրենց պաշտոնները։ Միայն այս դեպքում նրանց համար կարելի է զիջումներ անել։ Միայն այս դեպքում կարելի է խոսել ցանկացած տեսակի համաներման մասին»,- նշեց Ալիևը՝ հստակեցնելով, որ Ղարաբաղում բնակվող հայերի վերաինտեգրման հարցը քննարկելու երրորդ առաջարկ չի լինի։ «Կամ իրենք կգան գլուխները կախ, կամ իրադարձություններն այլ կերպ կզարգանան»,- նշեց նա։
Սա առաջին անգամը չէ, երբ Ալիևն իր պլանների մասին հրապարակային հայտարարում է, ավելին` բացի հայկական կողմից, ո՛չ Բրյուսելը, ո՛չ Վաշինգտոնը, որոնք այսօր ՀՀ-Ադրբեջան բանակցությունների գլխավոր միջնորդներն են, երբեք չեն հայտարարել այն մասին, որ ձևավորվելու է Ստեփանակերտ-Բաքու բանակցային միջազգային մեխանիզմ, որի շրջանակում կքննարկվեն և կապահովվեն արցախահայության անվտանգությունն ու իրավունքները, ինչպես պաշտոնական Երևանն է պնդում։
Մայիսի 14-ին Բրյուսելում կայացած Փաշինյան-Միշել-Ալիև բանակցություններին հաջորդել էր ԵԽ նախագահ Շառլ Միշելի հայտարարությունը, որում նա անդրադարձել էր նաև այս հարցին՝ նշելով․ «Շարունակել են քննարկումները Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզում ապրող հայերի իրավունքների և անվտանգության հարցի վերաբերյալ։ Ես Ադրբեջանին կոչ եմ արել միջազգային հանրության հետ սերտ համագործակցությամբ մշակել պոզիտիվ օրակարգ՝ այդ բնակչության իրավունքներն ու անվտանգությունն ապահովելու համար»։
Սա ամենևին չի ենթադրում բանակցային միջազգային մեխանիզմ, սա ենթադրում է, որ Ադրբեջանին է թողնվել հետագա որոշումներ կայացնելու իրավունքը, և Ալիևն իր նախօրեի ելույթում դա հստակորեն արտացոլեց՝ ասելով, որ իրեն հարցեր են ուղղում, թե ինչպիսին պետք է լինի նրանց ճակատագիրը։
Ուշագրավ է այն փաստը, որ սովորաբար Նիկոլ Փաշինյանը չի արձագանքում Ալիևի սպառնալիքներին, սակայն այսօր նշեց, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկվա հայտարարությունները հասկանալի չեն։ «Ադրբեջանը պետք է պարզաբանի, թե արդյո՞ք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկվա հայտարարությունները նշանակում են Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածություններից հրաժարում»,- հայտարարեց նա։
Նա հիշեցրեց, որ ՀՀ-ն և Ադրբեջանը պայմանավորվել են փոխադարձաբար ճանաչել տարածքային ամբողջականությունները, բայց տեքստը, որ հնչել է երեկ, ըստ նրա՝ շատ մոտ է պայմանավորվածությունից հրաժարվելուն։
«Ես չեմ ուզում մեկնաբանություն անել, կարծում եմ՝ պետք է լրացուցիչ ճշգրտումներ մտցնենք, որպեսզի մեր հետագա գործողությունները պլանավորենք»,- ասաց նա։ Խոսելով հունիսի 1-ին Քիշնևում տեղի ունենալիք հնգակողմ հանդիպման մասին, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս պահին չկա համաձայնեցված նախագիծ, որը հնարավոր կլինի ստորագրել։
«Մենք դեռևս չենք ստացել Ադրբեջանի մեկնաբանությունները Վաշինգտոնում իրենց փոխանցած մեր առաջարկների վերաբերյալ»,- ասաց նա։
168.am-ի հետ զրույցում ռուս արևելագետ, քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասաց, որ «Փաշինյանի ու Ալիևի մեղքով» մոսկովյան տապալված հանդիպումից հետո թվում էր, թե արևմտյան հարթակում գործընթացը հարթ է լինելու։ «Չէ՞ որ Փաշինյանն ու Ալիևը, տևական ժամանակ է՝ նշում են, որ հենց արևմտյան հարթակում են ձեռք բերել պայմանավորվածություններ, որ մոտ են Խաղաղության համաձայնագիր ստորագրելուն։ Ակնհայտ էր նաև այն, որ պաշտոնական Երևանը հույսեր էր կապում այն փաստի հետ, որ Արևմուտքի օգնությամբ կկարողանա հասնել Բաքվի համաձայնությանը ԼՂ հայերի միջև «երկխոսության միջազգային մեխանիզմի» ձևավորման հարցում։
Այսինքն՝ Երևանը հույս էր փայփայում, որ անձամբ հրաժարվելով այդ հարցից՝ Արևմուտքը կստանձնի երաշխավորի դերակատարությունը, որն Արևմուտքը չի անում։ Սակայն վերջին հայտարարությունները թույլ են տալիս ենթադրել, որ այս հարցում լուրջ տարաձայնություն է ի հայտ գալիս, և եթե Երևանը չարձագանքի ստեղծված իրավիճակին, ներկայումս Ադրբեջանի կողմից առաջարկվող այդ պայմանով ստորագրի համաձայնագիր, նշանակում է, որ ամիսներ շարունակ այդ մասով անհիմն հայտարարություններ է արել, և այդ, այսպես կոչված, Խաղաղության համաձայնագրով ոչինչ չի ստանում։
Բացի այդ, Երևանն արձագանքում է, որպեսզի Արևմուտքը գոնե հիմա ստանձնի այս հարցի լուծումը, բայց մինչ այս պահն Արևմուտքը ԼՂ հայերի իրավունքների ապահովման ուղղությամբ պասիվ դիրքորոշում է ստանձնել։ Դա նշանակում է, որ բանակցությունները, որքան էլ մինչ այս պահը որոշակի հաջողություններ են արձանագրել, կարող են տապալվել նաև Արևմուտքում, թեև Արևմուտքի համար սա կենսական հարց է դարձել»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է հունիսի 1-ին սպասվող հանդիպմանը, Տարասովը գտնում է, որ թե՛ մոսկովյան հանդիպման տապալումը՝ ԵԱՏՄ նիստում Փաշինյան-Ալիև «փոխհրաձգությունը», թե՛ նախօրեի և այսօրվա հայտարարությունները թուլացնում են արևմտյան հարթակում հետագա հաջողությունների հնարավորությունը։
«Հենց այդ պատճառով եմ ես մշտապես կրկնում, որ գործընթացն անկանխատեսելի է, կողմերը դեռ որևէ փաստաթուղթ չեն ստորագրել, և յուրաքանչյուր հրապարակային հայտարարություն, փաստորեն, կարող է լիովին զրոյացնել ամիսների բանակցություններ, ինչպես, օրինակ, դա եղավ անցյալ տարի բրյուսելյան հարթակի հետ, Բրյուսելում տևական բանակցություններից հետո եղավ սեպտեմբերյան բախումը, և բանակցային գործընթացը տապալվեց, այս տարի սկսվեց նոր ռաունդ, սակայն այն ևս լուրջ վտանգի տակ է»,- արձանագրեց Տարասովը։
Իր հերթին՝ եվրոպացի վերլուծաբան Սյուզան Ստյուարտը մեզ հետ զրույցում ասաց, որ եթե բարձրաստիճան մակարդակով սպառնալիքներ են հնչում, ապա միջնորդները միանշանակորեն պետք է ուղերձներ հղեն համապատասխան կողմերին՝ գործընթացի նկատմամբ վստահությունը պահպանելու նպատակով։
«Ինչո՞ւ Մոսկվայի միջնորդությունը չունեցավ ապագա, ինչո՞ւ խաղաղապահները վարկաբեկվեցին, քանի որ չարձագանքեցին համապատասխան իրավիճակների, այս դեպքում նույն վտանգը կա նաև Արևմուտքի դեպքում։ Իսկ կողմերը աշխարհաքաղաքական այս մրցակցության պարագայում ունեն հնարավորություն թողնել արևմտյան հարթակը, անցնել մեկ այլ հարթակի, և այդպես շարունակ։
Եթե Արևմուտքի համար կարևոր է ներկայումս ընթացող գործընթացը, նա պետք է հավելյալ ջանքեր ներդնի, հասկանա ռեգիոնի բոլոր մարտահրավերները, քանի որ միայն փաստաթղթի ստորագրմամբ խաղաղություն չի ձևավորվում»,- նկատեց վերլուծաբանը։
Ըստ նրա, նման մթնոլորտում, բնականաբար, Արևմուտքի՝ քառակողմ հանդիպում անցկացնելու նախաձեռնությունն անցնելու է ոչ թե առաջընթաց ապահովելու, այլ պարզաբանումների նպատակով։
«Բնականաբար, դա չի լինի քայլ առաջ, ցավոք, Արևմուտքում պետք է անհանգստանան»,- ասաց նա։