Գաղտնի պայմանավորվածություննե՞ր, թե՞ կազմակերպված սադրանք․ ինչո՞ւ տապալվեց մոսկովյան հանդիպումը

Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ և մասնակցությամբ Փաշինյան-Ալիև հանդիպումը երեկ ուշ գիշերին տևեց շատ կարճ և ավարտվեց առանց համատեղ հայտարարության։

Սա, իհարկե, նմանատիպ հանդիպումների դեպքում աննախադեպ իրավիճակ է․ դժվար է պատկերացնել, որ երեք ղեկավարների մակարդակով ծանր թեմաների շուրջ բանակցություններ կարող են ծավալվել 20 րոպեի ընթացքում։ Հանդիպման արդյունքը, իսկ որ ավելի ճշգրիտ կլինի՝ դրա բացակայությունը ցույց տվեց, որ ռուսական ծրագիրը տապալվել է։

Պատճառները շատ տարբեր կարող են լինել՝ ինչպես աշխարհաքաղաքական, այնպես էլ իրավիճակային, քանի որ նախօրեին մինչ բանակցությունները Կրեմլում տեղի ունեցած Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը, որին այս տարի առաջին անգամ հյուրի կարգավիճակով մասնակցեց Իլհամ Ալիևը, վերածվեց Փաշինյան-Ալիև տհաճ բանավեճի «Զանգեզուրի միջանցք» ձևակերպման պատճառով ուղիղ եթերում, ինչն անցանկալի զարգացում էր նման բանակցություններին ընդառաջ՝ ռուսական կողմի համար։

ՌԴ նախագահ Պուտինն առիթ ունեցավ շուրջ 15 րոպե տևած Նիկոլ-Ալիև ելույթների ընթացքում մի քանի անգամ թույլ ակնարկել, որ ցավոտ հարցերը կքննարկվեն եռակողմ հանդիպմանը, սակայն հրապարակայնորեն հաշիվներ մաքրելու գործընթացը սկզբից կանխել չհաջողվեց։

Այս բանավեճի հետ կապված հարցերը քիչ չեն՝ ինչո՞ւ վերջին շաբաթների ընթացքում «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը չօգտագործած և արևմտյան բանակցային հարթակում հաջողություններ արձանագրող Իլհամ Ալիևը հենց ԵԱՏՄ նիստի ընթացքում որոշեց կրկին վերադառնալ այս տերմինի օգտագործմանը, որը հայ-ադրբեջանական ներկայիս խնդիրների շարքում միակ թեման է, որին, ՀՀ իշխանությունները ցույց են տալիս, որ դիմադրում են կամ դեմ են, ու ակնհայտ էր նաև, որ Փաշինյանն ամենայն հավանականությամբ դրան կարձագանքի, և ինչո՞ւ Ալիևը հանկարծ նշեց, որ այդ պրոյեկտին Ռուսաստանն աջակցում է այն դեպքում, երբ ՌԴ ԱԳՆ-ն, ՌԴ փոխվարչապետը բազմիցս են հայտարարել, որ կոմունիկացիաները լինելու են դրանցով անցնող երկրների ինքնիշխանության ներքո։ Ըստ որոշ աղբյուրների՝ կա՛մ եղել են գաղտնի պայմանավորվածություններ Ալիև-Պուտին ձևաչափով, կա՛մ Ալիևը հրապարակային սադրանքի դիմեց՝ տապալելու համար ռուսական հարթակում բանակցությունները, հետևաբար՝ որևէ հայտարարության տեքստ համաձայնեցնելու հեռանկարը հետագայում արևմտյան հարթակում հաջողությամբ, այսպես կոչված, Խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար։

Իսկ նախօրեին ռուսական «Կոմերսանտը» գրել էր Մոսկվայում երկու փաստաթուղթ նախապատրաստելու մասին: Ըստ պարբերականի՝ գագաթնաժողովի արդյունքում, ինչպես ակնկալում է Մոսկվան, պետք է առնվազն երկու փաստաթուղթ ընդունվի: «Մեկը պատրաստել են փոխվարչապետները՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին, իսկ մյուսը լինելու է Ալիևի, Փաշինյանի և Պուտինի հինգերորդ համատեղ հայտարարությունը, հղկվել է երեք երկրների արտաքին գործերի նախարարությունների կողմից»,- գրել էր kommersant.ru-ն, որի աղբյուրները շատ քիչ են սխալվում։ Այնուամենայնիվ դատելով հրապարակայնորեն հնչած բոլոր հայտարարություններից, կողմերը համաձայնության չեն կարողանում գալ հենց այս հաղորդակցության շուրջ, որն Ալիևն անվանում է «Զանգեզուրի միջանցք»։

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը երեկ հայտարարեց, որ Մոսկվայում բանակցություններ կանցկացվեն Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների միջև՝ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հետ կապված մնացած հարցերի լուծման համար, մասնավորապես քննարկվելու է ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև սահմանը հատելու կարգը։ «Փոխվարչապետների հանդիպումը կլինի Մոսկվայում»,- ասաց նա։ Ինչպես նշեց Օվերչուկը, «կողմերը կիսում են նույն ըմբռնումը, թե ինչպես պետք է ընթանա ապաշրջափակումը», և այժմ քննարկվում են տեխնիկական մանրամասները։ «Դրանք շատ կարևոր մանրամասներ են, քանի որ խոսքն Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանը հատելու կարգի մասին է՝ այն մասին, թե ինչպես է իրականացվելու սահմանային, մաքսային և այլ տեսակի հսկողություն, սա շատ կարևոր է»,- նկատեց Օվերչուկը։

Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ բանակցություններից հետո ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ ներկա հանգամանքները թույլ են տալիս ակնկալել, որ տեսանելի ապագայում հնարավոր է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքումը, սակայն գլխավորը ոչ թե ժամանակն է, այլ բոլոր հարցերի վերջնական լուծումը։ Պեսկովը նշել է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները կհավաքվեն հաջորդ շաբաթվա վերջին Մոսկվայում՝ քննարկելու կողմերի միջև առկա խնդիրները։

«Ամեն ինչ ամբողջությամբ վերջնական տեսքի բերելու խնդիր չկա, քանի որ կարևորը, ամեն դեպքում, վերջնական արդյունքն է, ժամանակի հետևից ոչ ոք չի ընկնում»,- ասել է Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ «հենց սա հաշվի առնելով էլ հազիվ թե այժմ որևէ մեկը կարողանա կանխատեսել խաղաղության պայմանագրի ստորագրման ճշգրիտ ամսաթիվը»:

Սակայն, օրինակ, Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևան ասել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող են հունիսի 1-ին Մոլդովայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ ստորագրել Ղարաբաղի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր։

«Մենք հուսով ենք, որ հունիսի 1-ին Քիշնևում վերջապես խաղաղության պայմանագիր կստորագրվի: Սա պատմական պահ է, որը չպետք է բաց թողնել»,- ասել է Աբդուլաևան։ ԱՄՆ Պետական դեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերն անդրադարձել է՝ ինչպես գործընթացին, այնպես էլ՝ Մոսկվայի բանակցություններին՝ ասելով, որ 2 երկրի միջև բանակցությունների վերջին փուլն անցկացվել է Մոսկվայում, բայց ԱՄՆ–ի համար այդ բանակցությունները մնում են առաջնահերթություն։ ԱՄՆ Պետական դեպարտամենտը շարունակել է հորդորել Երևանին և Բաքվին՝ համաձայնության գալ վիճելի հարցերի շուրջ։ «Ինչպես մենք նախկինում նշել ենք, հավատում ենք, որ կողմերի միջև համաձայնությունը կարող է ձեռք բերվել տեսանելի ապագայում, և շարունակում ենք կողմերին դրդել համատեղ աշխատանքի»,- նշել է Միլլերը։

Այսինքն՝ արևմտյան հարթակում կան կոնկրետ նախապատրաստություններ, հնչում են համաձայնագրի հնարավոր ստորագրման մոտավոր ժամկետներ, այնինչ Մոսկվան ակնկալում է ինչ-որ երկարատև գործընթաց, հարակից հարցերի կարգավորում, ապա՝ Խաղաղության համաձայնագրի ստորագրում։ Իսկ այդ հարցերը մոսկովյան հարթակում պարզապես չեն կարգավորվում մի շարք պատճառներով։

168am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովն ասաց, որ Մոսկվայի հաշվարկները կարող են սխալ դուրս գալ, և Հայաստանն ու Ադրբեջանը գուցե մոտ ապագայում ԵՄ հովանու ներքո ստորագրեն փաստաթուղթ՝ ամրագրելով արդեն իսկ ձեռք բերված համաձայնությունները։

Ըստ նրա, գուցե փաստաթուղթը չներառի հարաբերությունների ողջ սպեկտրը, սակայն դա կարող է տեղի ունենալ, քանի որ Արևմուտքը զգալի ջանքեր ու հետաքրքրություն է ցուցաբերում, իսկ կողմերը ցանկանում են բանակցել Արևմուտքում և նույնիսկ հավելյալ բարդություններ են ստեղծում Ռուսաստանում բանակցելու համար։

Վերլուծաբանը չի կարծում, որ ԵԱՏՄ նիստի ընթացքում տեղի ունեցածը հստակ սադրանք էր կամ գաղտնի պայմանավորվածության բացահայտում, նման պնդումների համար փաստեր են հարկավոր։

«Սակայն Ալիևի խոսքը շատ հակասական բնույթ էր կրում, ի վերջո, հասկանալի չդարձավ, թե միջանցք ասելով՝ ադրբեջանական կողմն ի՞նչ նկատի ունի, քանի որ հնչեցին միմյանց հակասող ձևակերպումներ։ Պարզապես հարցերը կողմերի միջև այնքան սուր են, որ ԵԱՏՄ նիստը նման ընթացք ունեցավ, որը, իհարկե, ցանկալի չէր, քանի որ այդ հարցերը պետք է քննարկվեին պարզապես բանակցությունների ընթացքում, իսկ այդ բանավեճը, ստացվում է, թույլ չտվեց, որ տեղի ունենան բովանդակային բանակցություններ։ Իհարկե, այն, ինչ տեղի է ունենում Ռուսաստանի շուրջ աշխարհաքաղաքական իմաստով, իր ազդեցությունն ունեցել է ՌԴ միջնորդական դերի վրա, գուցե այլ իրավիճակում նման զարգացումների ականատեսը չլինեինք։

Գուցե սա ներկայումս ՌԴ-ի համար երկրորդական հարց է, սակայն կա իրավիճակը ճիշտ գնահատելու խնդիր, այդ առումով թերություններ են նկատվում»,- ասաց վերլուծաբանը։

Սկակովը նշեց, որ մեծ ակնկալիքներ չունի փոխվարչապետների բանակցություններից։

«Երբ մթնոլորտը նման հարցերի շուրջ այսպես սուր է, փոխվարչապետները չեն կարող համաձայնությունների գալ։ Կարծում եմ՝ արդյունքները, ամենայն հավանականությամբ, առաջիկայում կլինեն ԵՄ-ում»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս