Անահիտ Մանասյանը Նիդերլանդների դեսպանին ներկայացրել է Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով առաջացած խնդիրները

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին:

Պաշտպանը հյուրին ներկայացրել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանությանը, Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով առաջացած խնդիրներին, գտնվելու վայրն անհայտ զինծառայողներին վերաբերելի հարցեր:

Նա հատուկ անդրադարձել է ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ սահմանամերձ բնակավայրում մայիսի 17-ին շտապօգնության ավտոմեքենայի և բուժանձնակազմի թիրախավորմանը՝ ընդգծելով, որ դա միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի ակնհայտ խախտում է։

Խոսելով Նիդերլանդների հետ համագործակցության մասին՝ Անահիտ Մանասյանը կարևորել է «Լիբերալ քաղաքականության ինստիտուտ» ՀԿ-ի հետ 2022 թվականի նոյեմբերի 3-ին ստորագրված համագործակցության հուշագիրը, ըստ որի՝ կողմերն իրականացնում են «Ատելության խոսքի դեմ պայքար` հանուն ժողովրդավարական հասարակությունում բազմակարծության և հանդուրժողականության հաստատման» ծրագիրը, որը ֆինանսավորում է Թագավորության կառավարությունը։

Պաշտպանը Դեսպանին ծանոթացրել է նաև կառույցի գործունեության առաջնահերթություններին, որոնց թվում են երեխաների, կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը, խտրականության բացառումը:

Իր հերթին, դեսպանը, շնորհավորելով Անահիտ Մանասյանին Մարդու իրավունքների պաշտպան ընտրվելու առթիվ, ընդգծել է, որ շատ է կարևորում դեսպանության և Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության միջև արդյունավետ փոխգործակցությունը։

Հանդիպման շրջանակում կողմերը սերտ շփումները շարունակելու պայմանավորվածություն են ձեռք բերել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031