Մեկ շաբաթից կհանդիպեն Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը. Պուտինը՝ եռակողմ հանդիպմանը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպմանը պայմանավորվել են, որ մեկ շաբաթից կհանդիպեն երկրների փոխվարչապետերը: Այս մասին հանդիպմանը հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Հուսով եմ, որ սա լավ նախաբան կլինի՝ որոշ հարցերի գործնական լուծումների համար, որոնց մասին մենք խոսում ենք: Հենց մեր այս ֆորմատում հաջողվել է շատ բանի հասնել. 2020-ի աշնանը դադարեցին մարտական գործողությունները, այնուհետև սկսվեցին աշխատանքներ՝ տնտեսական և տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման, սահմանների սահմանազատման ուղղությամբ»,-ասաց Պուտինը:
Ըստ Պուտինի՝ չնայած որոշ դժվարություններին, միևնույն է, իրավիճակը զարգանում է կարգավորման ուղղությամբ: Այդ ուղղություններից մեկը տրանսպորտային հաղորդակցության շուրջ աշխատանքներն են:
«Մենք երեքով մանրամասն քննարկեցինք դա: Կան դեռ չկարգավորված հարցեր, բայց իմ կարծիքով՝ դրանք կրում են մաքուր տեխնիկական բնույթ»,-ասաց Պուտինը:
Նա հայտնեց, որ քննարկել են նաև տերմինաբանության հարցը՝ նշելով, որ, իհարկե, այդ տերմինների հետևում պետք է լինի իրականության ճշգրիտ պատկերացում:
«Բայց մեր երեքի պատկերացմամբ՝ դրանք հաղթահարելի խոչընդոտներ են: Մեծ հաշվով դրանք գոյություն չունեն, դրանք մաքուր տեխնիկական հարցեր են: Դրա համար մենք հիմա պայմանավորվել ենք նրա շուրջ, որ մոտ ժամանակներս՝ մեկ շաբաթ անց, կհանդիպեն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը»,-ասաց Պուտինը:
Ըստ ՌԴ նախագահի՝ դա լավ պայմանավորվածություն է, որը հույս է ներշնչում, որ դեռ չլուծված հարցերը կլուծվեն: