«Ինչ-որ մեկը մտնում է սենյակ, ասում է՝ «դավայ», էս մի հարցն էլ լինի զեկուցվող կամ չզեկուցվո՞ղ». Թեհմինա Վարդանյան
«Ո՞ր մեթոդաբանությամբ ենք ընտրում, թե որ հարցն է զեկուցվող, որը՝ ոչ, որովհետև չզեկուցվողների մեջ ընդհուպ կա բյուջեի փոփոխություն: Ինչ-որ մեկը մտնում է սենյակ, ասում է՝ «դավայ», էս մի հարցն էլ լինի զեկուցվող կամ չզեկուցվո՞ղ»,- Երևանի ավագանու նիստի ընթացքում հարցրեց «Լույս» խմբակցության ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը:
Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանն արձագանքեց ավագանու անդամի հնչեցրած հարցին, երբ օրակարգը կազմվում է, առաջնորդվում են հետևյալ տրամաբանությամբ. այն հարցերը, որոնք իրենց կարծիքով՝ ծավալուն քննարկում չեն առաջացնելու, առաջարկում են դրանք փաթեթով քննարկել, որպեսզի մնացած հարցերի համար ժամանակ շատ մնա՝ ավելի առարկայական քննարկումներ կազմակերպելու նպատակով:
«Այո, իրավացի եք, չզեկուցվող հարցերի մեջ կա բյուջեի փոփոխություն, բայց եթե նայել եք բովանդակությունը, ապա չնչին գումարի մասին է խոսքը»,- մանրամասնեց Լևոն Հովհաննիսյանը:
Իրավաբանական վարչության պետ Տարոն Մարգարյանն էլ հայտնեց, որ կանոնակարգով նաև նախատեսված է, որ հարցի զեկուցվող կամ չզեկուցվող լինելու որոշումը կայացնում է ավագանին: Եվ, եթե կարծում են, որ անհրաժեշտ է հանրային քննարկում իրականացնել, կարող են առաջարկել, որը կքննարկվի:
ԲՀԿ ավագանու անդամ Լյուդմիլա Սարգսյանին էլ հետաքրքրում էր օրակարգի հարցերի համարակալման սկզբունքը: Նա առաջարկեց՝ 1,2,3-ի փոխարեն՝ լինի A, B, C, D:
ԲՀԿ ավագանու մեկ այլ անդամ՝ Միքայել Մանրիկյանն էլ ընդգծեց. «Չզեկուցվողը մի փաթեթով ենք քննարկում, այստեղ հարցեր կան, որին կողմ ենք, որին՝ ձեռնպահ, որին՝ դեմ: Մի փաթեթով բերում եք, ու հարցեր կան, որոնց կողմ ենք, բայց ստիպված ենք դեմ քվեարկել: Սխալ մոտեցում է: Եկեք տարանջատենք. օրինակ, եթե չզեկուցվող 9 հարց է, ունենանք 9 քվեարկություն: Ոնց որ բերենք, «գռդոն» անենք, գնանք»:
Նշենք, որ «Երևան քաղաքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի N 693-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծով նախատեսվում է Երևան քաղաքի 2023 թվականի բյուջեում իրականացնել հետևյալ փոփոխությունները.
«Հիմք ընդունելով 2023 թվականի ապրիլի 13-ի Հայաստանի Հանրապետության կառավարության 520-Ն որոշումը, նախատեսվում է Երևան համայնքի 2023 թվականի բյուջեի եկամտային մասում՝ ընթացիկ նպատակային հատկացումները (սուբվենցիաները) ավելացնել՝ 660.0 հազար դրամով և այն ուղղել ձմեռային զորակոչի շրջանակներում Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ում այլընտրանքային աշխատանքային ծառայության անցած 2 այլընտրանքային աշխատանքային ծառայողների դրամական բավարարման գումարները վճարելուն»,- նշված է նախագծում: