Նիկոլ Փաշինյանը պայթեցրեց վերջին մեկ տարում փչվող փուչիկը

Հայաստանից արտահանումն այս տարի ավելի քան կրկնապատկվել է։ Անցած տարվա առաջին եռամսյակում արտահանվել էր 735 մլն դոլարի, այս տարի արտահանվել է գրեթե 1,7 մլրդ դոլարի ապրանք։ Աճը հասնում է 2,3 անգամի։

Այս աճը, անկախ ամեն ինչից, ձեռնտու է Հայաստանի համար։ Սակայն, որքան արտահանումն անգամներով ավելանում է, այնքան ավելանում են կասկածները՝ պատժամիջոցները շրջանցելու հետ կապված, և այնքան ավելի ենք մոտենում պատժամիջոցների տակ հայտնվելու վտանգին։

Հայաստանից արտահանումների, նաև ներմուծումների ավելացումները գերազանցապես Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցների արդյունք են։ Արտահանումների հսկայական աճ է տեղի ունեցել հատկապես ռուսական շուկա։

Այլ պարագայում Հայաստանի իշխանությունները պարզապես կերազեին Ռուսաստանի հետ ունենալ արտաքին առևտրի դրական հաշվեկշիռ, բայց այսօր հենց այդ վիճակն է։ Ստացվել է այնպես, որ ավելի շատ արտահանում ենք Ռուսաստան, քան ներմուծում ենք Ռուսաստանից։

Մինչև հակամարտությունն ու պատժամիջոցները հակառակն էր։ Միշտ էլ Հայաստանն ավելի շատ ներմուծել է Ռուսաստանից, քան արտահանել։ Ներմուծումն անգամներով գերազանցել է արտահանմանը։ Հակամարտությունից հետո իրավիճակը փոխվել է։

Այս տարվա առաջին երեք ամիսներին Հայաստանից արտահանումը Ռուսաստան 4,5 անգամով ավելացել է և անցած տարվա 187 մլն դոլարից հասել է 839 միլիոնի։ Արտահանման կեսը գնացել է Ռուսաստան։ Նախորդ տարի կեսի կեսն էր գնացել, չհաշված, որ արտահանման ծավալներն էին շատ փոքր։ Այս տարի ոչ միայն արտահանման ծավալն է ավելացել, այլև կրկնապատկվել է ռուսական շուկայի մասնաբաժինը։

Միայն Ռուսաստան 4,5 անգամ ավելի շատ արտահանում է իրականացվել, քան Եվրամիության բոլոր երկրներ միասին։

Սա այն սպեցիֆիկ փոփոխությունն է, որ տեղի է ունեցել Հայաստանի արտահանման կառուցվածքում վերջին մեկ տարվա ընթացքում։

Ավելացել է նաև ներմուծումը Ռուսաստանից, սակայն արտահանումը 207 միլիոնով գերազանցել է ներմուծմանը։ Հաշվեկշիռը դարձել է դրական՝ Հայաստանի օգտին։

Եթե սա լիներ մեր տնտեսության ու տեղական արտադրության ապրանքների մատակարարումների և ոչ թե պարզ վերարտահանումների ու առևտրային հոսքերի սպասարկման կամ լոգիստիկ սխեմաների փոփոխության հաշվին, անշուշտ, կարելի էր մեծագույն հաջողություն համարել։ Բայց նման հաջողության մասին այսօր անիմաստ է խոսել։

Արտահանման ու ներմուծումների այս աճերը ոչ մի առնչություն չունեն մեր տնտեսության հետ։ Ավելին՝ դրանք սպառնալիք են ստեղծել տնտեսության համար։

Սպասվում են հերթական պատժամիջոցները, որոնք ուղղված են լինելու երրորդ երկրների կողմից պատժամիջոցները շրջանցելով՝ դեպի Ռուսաստան արտահանումներ իրականացնելու դեմ։

Այդ խնդրին օրերս անդրադարձավ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ հայտարարելով, որ Ուկրաինա Ռուսաստանի ռազմական ներխուժմանն ի պատասխան՝ դաշինքի հերթական՝ 11-րդ փաթեթով նախատեսվում է ընդլայնել արգելված ապրանքների ցանկը, որոնք Ռուսաստան են մտնում երրորդ երկրների միջոցով։ Դրա համար ԵՄ-ն նախատեսում է ստեղծել նոր գործիքներ, որոնք պետք է կանխարգելիչ դեր կատարեն և թույլ չտան երրորդ երկրներին շրջանցել պատժամիջոցները։

Եվրահանձնաժողովի ղեկավարը չբացառեց, որ հնարավոր է՝ պատժամիջոցներ կիրառվեն եվրոպական այն ապրանքների արտահանումների դեմ, որոնք գնում են երրորդ երկրներ, իսկ հետո հայտնվում են Ռուսաստանում՝ հանգեցնելով անսովոր առևտրային հոսքերի աճի։

Նման խնդիր են իրենց առաջ դրել նաև Յոթնյակի (G7) երկրները, որոնք ծրագրում են խստացնել Ռուսաստանի նկատմամբ պահանջները ու կրկին վերարտահանումների հետ կապված։ Նոր սահմանափակումներն ուղղված կլինեն երրորդ երկրների դեմ, որոնք օժանդակում են պատժամիջոցներից խուսափելուն։

Ուղղակի կամ անուղղակի, դրան մասնակից է նաև Հայաստանը։ Ու չնայած Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ պատժամիջոցները կարմիր գիծ են Հայաստանի համար, միշտ չէ, որ այդ կարմիր գծերը պահպանվում են։ Այդ է վկայում նաև այն, որ հայկական գրանցում ունեցող որոշ ընկերություններ արդեն իսկ պատժամիջոցների տակ են։ Ու առաջիկայում այդ ցանկը կարող է նոր համալրումներ ստանալ, որովհետև Հայաստանը դարձել է ռուսական շուկայի հիմնական մատակարարներից մեկը։

Ուկրաինայի իրադարձություններից հետո բեռնափոխադրումների լոգիստիկ շղթաները չեն գործում։ Դա է պատճառը, որ շատ ապրանքներ, որոնք ուղղակիորեն մատակարարվում էին Ռուսաստան, այժմ այնտեղ են գնում Հայաստանի, Ղազախստանի և այլ երկրների միջոցով, չեխական ամսագրին տված հարցազրույցում ասել էր Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստանից Ռուսաստան արտահանման մեծածավալ աճին։

«Օրինակ ՝ խմիչքները, որոնք ենթակա չեն պատժամիջոցների, խնդիր չեն: Մինչև 2022 թվականի փետրվարը նրանք գնում էին Լեհաստանով ու Բելառուսով, հիմա գնում են Հայաստանով։

Խոսքը միայն երթուղիների փոփոխության մասին չէ, եվրոպական փոխադրողների մեծ մասը հրաժարվում է ուղղակիորեն համագործակցել ռուսական շուկայի հետ։ Իսկ ռուսական փոխադրողները չեն կարող դրանք հասցնել Լեհաստան։

Այսպիսով, ստեղծվեցին բոլորովին նոր լոգիստիկ երթուղիներ, այդ թվում՝ նաև Հայաստանի տարածքով»,- այս հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, պայթեցրեց այն փուչիկը, որը վերջին մեկ տարում փչվում էր Հայաստանի արտաքին առևտրի հաջողությունների, կրկնակի-եռակի աճերի վերաբերյալ։

Իշխանություններն առիթը բաց չէին թողնում պարծենալու արտահանումների հսկայական աճերով, այնինչ՝ դրանք ընդամենը լոգիստիկ փոփոխությունների արդյունք են։ Այդ փոփոխությունները բերել են նրան, որ պատժամիջոցների պատճառով որոշ ապրանքներ մի տեղից մյուս են տեղափոխվում Հայաստանի միջոցով։ Այդ տեղափոխումներն էլ հանգեցրել են արտաքին առևտրի և հատկապես արտահանումների նման բարձր աճերի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախկինում արտահանման ծավալներն անհամեմատ ավելի փոքր էին։

Անշուշտ, լոգիստիկ տեղափոխումներից Հայաստանն ունի իր շահը, որն արտահայտվում է ոչ միայն արտաքին առևտրի հսկայական աճերի ու տնտեսական ցուցանիշների վրա դրանց ազդեցության, այլև բյուջեի եկամուտների ավելացման տեսքով։ Դա է պատճառը, որ ներմուծում-արտահանումների ոլորտում գործող որոշ ընկերություններ երբեմն անգամներով ավելացրել են ոչ միայն շրջանառությունները, այլև վճարած հարկերը։ Մի բան, ինչը չեղած տեղից ու իր կամքից անկախ՝ կառավարությանը տնտեսական ու հարկային եկամուտների բարձր աճեր, նաև «պատմական ռեկորդները» գրանցելու հնարավորություն է տվել։ Բայց դրանից մեր տնտեսությունն իրականում ոչինչ չի շահել։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս