Ի՞նչ հայտարարություն կտարածեր Անահիտ Մանասյանը, եթե չունենար համոզմունք, որ ՄԻՊ-ը հայտարարություն տարածող չէ

Երեկվանից հայկական հասարակական-քաղաքական ու սոցիալական տիրույթը քննարկում է Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առևանգման պատմությունը, դրան հետևած իրադարձությունները: Խոսում են բոլորը՝ հասարակության տարբեր շրջանակները, ընդդիմադիրները, իշխանական քարոզիչներն ու ֆեյքերը, հասարակ քաղաքացիներ. լուռ է միայն ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը (ՄԻՊ): Ըստ երևույթին հետևում է իր այն համոզմունքին, որ ՄԻՊ-ը հայտարարություն տարածող չէ: Իսկ ի՞նչ հայտարարություն կտարածեր Անահիտ Մանասյանը, եթե չունենար համոզմունք, որ ՄԻՊ-ը հայտարարություն տարածող չէ:

Բովանդակային առումով երեկվա դեպքի առնչությամբ իրականում շատ բան կա ասելու և հենց ՄԻՊ լիազորությունների և իրավասությունների տիրույթում:

Նախ երեկ տեսանյութ տարածվեց, թե ինչպես են տասնյակ ոստիկաններ, Գայանե Հակոբյանի թևերից բռնած, դուրս բերում Մաշտոցի 13 հասցեում գտնվող «Որդիների կանչ» ՀԿ-ի տեղակայման վայրից ու ձերբակալում:

Պաշտպանն այս պարագայում պարտավոր էր անդրադառնալ պետության պահվածքին:

Կարդացեք նաև

ՄԻՊ-ը, օրինակ, կարող էր ասել, որ չէր կարելի նման կերպ վարվել, բերման ենթարկել նրան այդ կերպ՝ հաշվի առնելով թե՛ հուզական վիճակը, և թե՛ այն, ինչ տեղի ունեցավ 2022թ. սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում, երբ զոհված զինծառայողների ծնողներին նույն ոստիկանական ուժերը, այդ թվում՝ կարմիր բերետավորները, քարշ էին տալիս Եռաբլուրի ասֆալտներով՝ իր նախորդի աչքի առջև, և որի համար այդպես էլ ոչ ոք չպատժվեց: ՄԻՊ-ը կարող էր ասել, որ նման պայմաններում նման կերպ բերման ենթարկելն ու ձերբակալումը ծնողներին կրկնակի խոցելի է ու կրկնակի զոհացման վիճակում է դնում, որովհետև ընկալման տեսանկյունից ծնողը նույն կարմիր բերետավոր համազգեստավորին է տեսնում իր աչքի առաջ:

Ի դեպ, այս պարագայում Անահիտ Մանասյանը չի կարող կիրառել իր սիրած «ես իրավասու պետական մարմնից պարզաբանում եմ պահանջել» նախադասությունը, որովհետև ձերբակալումը՝ ազատությունից զրկումը, միշտ որպես վերջին միջոց է կիրառվում, և թեպետ ոստիկանությունը որպես ձերբակալման հիմք՝ նշել էր փախուստն ու ազատության մեջ մնալու դեպքում Աշոտ Փաշինյանին կրկին առևանգելու հավանականությունը, ակնհայտ է, որ տիկին Գայանեին բերման են ենթարկել իրենց գրասենյակից, որ նա չի փախել ու փախչելու մտադրություն չի էլ ունեցել:

Պաշտպանը պետք է կատեգորիկ դատապարտեր Գայանե Հակոբյանին բերման ենթարկելու փաստն առհասարակ, որովհետև նրան կարող էին հարցաքննել նաև իր գտնվելու վայրում:

Մյուս ծիծաղելի «հիմքին» թերևս չանդրադառնանք:

Պաշտպանը կարող էր և թերևս պետք է անդրադառնար դեպքին հաջորդող անհանդուրժողականության մթնոլորտին, կոչ աներ, խստիվ պահանջեր դադարեցնել զոհվածների ծնողներին թիրախավորելը, երբ ամենաստոր ֆեյքից մինչև ՔՊ-ի փաստաբան ամենաայլանդակ բառապաշարով ու հայհոյանքներով վիրավորում են ծնողներին:

Եվ եթե դրան արձագանքեր ամենասկզբում, էսկալացիան այսքան չէր մեծանա ձնագնդու էֆեկտով:

Ի դեպ, անհանդուրժողականության մասին խոսելիս ՄԻՊ-ը պետք է անդրադառնար թե իշխանության, և թե ծնողների կողմնակիցներին, բայց քանի որ իշխանությանը հասկանալի պատճառներով չէր կարող թթու խոսք ասել, մյուս կողմին նույնպես, բնականաբար, չի անդրադարձել:

Ի դեպ, այդ անհանդուրժողականության խորացմանը նպաստեց նաև հենց Գայանե Հակոբյանի ձերբակալումը: Եվ ՄԻՊ-ը պետք է անհապաղ ուսումնասիրեր ձերբակալման հիմքերն ու հանդես գար համապատասխան հայտարարությամբ: Կրկին հիշեցնենք՝ ձերբակալումը ծայրահեղ միջոց է:

Պաշտպանը պիտի անդրադառնար նաև փաստաբաններին ու Ազգային ժողովի (ԱԺ) պատգամավորներին երեկ նախ՝ Ոստիկանության, ապա՝ Քննչական կոմիտեի Շենգավիթի բաժին չթողնելուն: Հանուն արդարության պետք է ասել, որ նաև ՄԻՊ միջամտության շնորհիվ փաստաբաններին հաջողվեց մտնել բաժին, սակայն հրապարակային դատապարտում այդ արատավոր երևույթին մենք այդպես էլ չտեսանք:

Իհարկե, վստահ ենք, և այդ մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նաև Անահիտ Մանասյանն ասաց, որ ՄԻՊ աշխատակիցները տեսակցել են հացադուլի մեջ գտնվող տիկին Գայանեին, սակայն դա չի չեղարկում ՄԻՊ մյուս գործողությունները, որոնք պիտի արվեին ըստ էության:

Եվ վերջում՝ թեպետ Անահիտ Մանասյանն այսօր կրկին հղում կատարեց ընթացող քրեական վարույթին, ՄԻՊ-ը թերևս պիտի կոչ աներ անհապաղ ազատ արձակել հացադուլի մեջ գտնվող և բազմաթիվ հիվանդություններ ունեցող կնոջը, և, որ ընթացող վարույթը ոչ մի կապ չունի ձերբակալության հետ:

Բացի դրանից, նա նաև պետական մարմիններին պետք է կոչ աներ պարբերաբար ինֆորմացիա տրամադրել թեմայի վերաբերյալ:

Բայց ինչպես գիտենք, Անահիտ Մանասյանը հայտարարություններ անել չի սիրում, կամ անում է միայն անշառ դեպքերում, երբ չկա իշխանությանն ու նրա գործողություններին անդրադառնալու խնդիր, մինչդեռ գոնե ՁՊՎ ՄԻՊ աշխատակիցների այցերի մասին հայտարարությունը զսպիչ նշանակություն կարող էր ունենալ, և իշխանությունը կարող էր մեսիջ ստանալ, որ խնդիրը ՄԻՊ ուշադրության կենտրոնում է:

Մի առիթով ասել ենք՝ ՄԻՊ աշխատելու համար գնահատական տալու համարձակություն պետք է ունենալ. կողմը էական չէ:

Տեսանյութեր

Լրահոս