
Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մայիսի 17-ին Ռեյկյավիկում հանդիպել է Շվեդիայի Թագավորության ԱԳ նախարար Թոբիաս Բիլստրյոմի հետ:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Շվեդիայի միջև երկկողմ համագործակցության, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության, այդ թվում՝ Հայաստանում ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման առաքելությանն առնչվող հարցեր: Բարձր է գնահատվել Շվեդիայի աջակցությունը Հայաստանում շարունակվող ժողովրդավարական բարեփոխումներին:
«Հայաստանի և Շվեդիայի արտաքին գործերի նախարարների ուշադրության կենտրոնում են եղել նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Արարատ Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, Հարավային Կովկասում անվտանգության և կայունության հաստատման ուղղությամբ հայկական կողմի ջանքերը: Բոլոր խնդիրների համապարփակ կարգավորման համատեքստում նախարար Միրզոյանը շեշտել է Ադրբեջանի կողմից ռազմատենչ հռետորաբանությունից, Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներին ուղղված քաղաքականությունից հրաժարվելու, ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրման հրամայականը: