2023-ի առաջին 3 ամսում կատարվել է ավելի քան 25 մլրդ դրամի խաղադրույք. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Խաղերի ոլորտի կարգավորումը Նիկոլ Փաշինյանը համարում է իր կառավարության ձեռքբերումներից մեկը։ Իսկ կարգավորել են՝ էլեկտրոնային կայքերում խաղային գովազդն արգելելով, որի արդյունքում հայաստանյան մամուլը կորցրեց իր եկամտի կեսից ավելին, որովհետեւ խաղային բիզնեսն ամենախոշոր գովազդատուն էր:
Մենք փորձեցինք հասկանալ, թե այս «կարգավորման» արդյունքում որքան է նվազել խաղացողների քանակը, որը նաեւ, ենթադրվում է, պետք է անդրադառնար խաղային բիզնեսի եկամուտների վրա` դրանք պետք է 2021 թ․ համեմատ կրճատված լինեին: Եվ այսպես. համաձայն խաղային ոլորտի կազմակերպիչների կողմից վերահսկող մարմնին ներկայացված ֆինանսական հաշվետվությունների՝ «2022 թվականի 12 ամիսներին խաղատներում կատարվել է 52 մլրդ 777 մլն 837 հազար 351 ՀՀ դրամի խաղադրույք, իսկ ինտերնետ շահումով խաղերում` 5 տրիլիոն 774 միլիարդ 025 մլն 428 հազար 932 ՀՀ դրամի խաղադրույք»։
Իսկ որքա՞ն խաղադրույք են արել 2023-ին` միայն 2023 թ. առաջին 3 ամիսներին, ըստ ՊԵԿ տվյալների, խաղատներում արդեն կատարվել է 25 մլրդ 574 մլն 501 հազար 705 ՀՀ դրամի խաղադրույք, իսկ ինտերնետ շահումով խաղերում՝ 1 տրիլիոն 312 մլրդ 176 մլն 280 հազար 012 ՀՀ դրամի խաղադրույք, այսինքն՝ 2021-ին կատարված ընդհանուր խաղադրույքների թվի մոտ կեսը։ Ստացվում է՝ խաղադրույքների ծավալն ավելացել է։ Հետեւապես, շահումով խաղերի գովազդն արգելելով՝ Փաշինյանն ընդամենը մեկ խնդիր լուծեց՝ զրկեց մամուլին իր եկամտի մոտ 50-60 տոկոսից»: