Միշելի հայտարարությունում կա փաստերի խեղաթյուրում և միակողմանի մեկնաբանություն՝ հենվելով ադրբեջանական վարկածի վրա. Սիրանուշ Սահակյան

Մայիսի 14-ին ԵՄ կենտրոնակայանում Փաշինյանի ու Ալիևի հետ եռակողմ բանակցություններից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հանդես էր եկել հայտարարությամբ։

Խոսելով հումանիտար հարցերի մասին՝ Միշելն ասել էր, որ եղել է փոխըմբռնում՝ առաջիկա շաբաթներին «ազատ կարձակվեն մնացած պահվող անձինք»։

«Ես նաև ընդգծել եմ փոխհասկացվածության պահպանման անհրաժեշտությունն առ այն, որ զինծառայողները, որոնք պարզապես մոլորվել և հակառակ կողմ են անցել, արագացված կարգով կշարունակեն ազատ արձակվել։ Մենք նաև քննարկել ենք անհետ կորածների ճակատագրերը պարզելու և ականազերծման աշխատանքներն ակտիվացնելու կարևորությունը»,- ասել էր Միշելը։

168.am հետ զրույցում Միջազգային կառույցներում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանն անդրադառնալով Շառլ Միշելի այս հայտարարությանը, ասաց, որ բոլորի մոտ ընկալումն այնպիսին է, որ խոսքն ադրբեջանցի հանցագործների մասին է, որովհետև այլ համադրելի իրավիճակ չկա, որի նկատմամբ կարելի կլիներ այդ արտահայտությունը՝ «մոլորվածները», կիրառել։

Կարդացեք նաև

«Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին սա վերաբերելի չէ, որովհետև նրանց մի մասն անմիջական ակտիվ հակամարտության մասնակիցներ են, մյուս մասը՝ առևանգվածներ՝ խաղաղանցում միջանցքով իրականացնելիս։ Եվ այո, բոլորին հանրահայտ է նաև Խծաբերդի միջադեպը, որտեղ տեղակայված են եղել օտարերկրյա խաղաղապահներ, և նրանց ներկայությամբ հայտնվել են շրջափակման մեջ։

Այստեղ կա փաստերի խեղաթյուրում և ակնհայտ միակողմանի մեկնաբանություն, որի պատճառները հստակ չեն։ Նա բացառապես հենվել է ադրբեջանական վարկածի վրա, ինչն անթույլատրելի է, որպես կանոն, նման բարձրաստիճան պաշտոնյաները մեկ կողմերի վարկածներով չեն ինքնասահմանափակվում՝ միայն փաստերի համալիր ուսումնասիրություններից հետո են հանդես գալիս հրապարակային հայտարարությամբ»,- նշեց Սիրանուշ Սահակյանը։

Սիրանուշ Սահակյանն այս համատեքստում նաև ասաց, որ պատճառներից մեկն էլ այն է, որ ամբողջական փաստեր չի ներկայացրել հայկական կողմը և հետևողական չի եղել, որպեսզի Սյունիքում հայտնված ադրբեջանցիների դեպքը պատշաճ ներկայացվի միջազգային հանրությանը։

«Ինչևէ, մոլորյալները բռնության կոչեր չեն հղում, և մոլորումը չի զուգակցում հանցագործությունների կատարմամբ՝ մարդկային կյանքի դեմ ուղղված։

Մենք տվյալ պարագայում ունենք տեսանյութ, երբ անձը նախքան ՀՀ իրավապահ ուժերի հսկողության տակ հայտնվելը, ինքնագովազդել է սեփական գործունեությունը և փորձել է բռնություն գործադրելու իր մտադրություններով հերոսանալ տարբեր լսարաններում։ Ունենք նաև փաստեր՝ կատարված սպանության վերաբերյալ։ Այդ իսկ պատճառով, կարծում եմ՝ այստեղ փաստերի ակնհայտ խեղաթյուրում կա։ Ուղղակի այս իրավիճակը որոշ չափով ձեռնտու է նաև միջազգային գործընկերներին, քանի դեռ Ադրբեջանը հայկական կողմից որևէ բան ստանալու ակնկալիք, հեռանկար չունի, անգամ մարդասիրական հարցերում պատշաճ չի համագործակցում միջազգային կառույցների հետ։ Կարծում եմ՝ եվրոպական կառույցների համար դժվար է դարձել մաքուր մարդասիրական խնդիր լուծելը՝ Ադրբեջանի իշխանությունների հետ բանակցելու արդյունքում։ Այս դեպքում նրանց մոտ էլ լավատեսություն էր դրսևորվել, որ ադրբեջանցի հանցագործների վերադարձը երաշխավորելով՝ հայկական կողմի վրա նրանք այդ իշխանությունն ու լծակներն ունեն, հնարավոր կլինի փոխանակման միջոցով ստանալ միջազգային մարդասիրական իրավունքի պաշտպանության ներքո գտնվող հայ ռազմագերիներին»,- ընդգծեց Սիրանուշ Սահակյանը։

Ըստ նրա, եթե փոխանակում տեղի ունենա, ապա հայ ռազմագերիների ու ադրբեջանցի հանցագործների թվաքանակը նույնական չի լինի, թեպետ չի կարծում, որ 33 ռազմագերի կփոխանակվի 2-ի դիմաց։

«Այստեղ մենք կարգավիճակների տարբերություն ունենք, մեր ռազմագերիները դասական առումով պաշտպանված են մարդասիրական իրավունքով, և նրանց վերադարձի իրավունքը կա, որը չպետք է կապված լիներ որևէ զարգացման հետ, այդ թվում՝ հանցագործների վերադարձի հետ։ Ուղղակի ներկա փուլում սա մշտապես կապակցվում է այլ խնդիրների ու զիջումների հետ, ուստի կարծես թե ճանապարհ է դարձել, որ միջազգային մարդասիրական իրավունքի պաշտպանության ներքո չգտնվող անձանց Ադրբեջանին տալով՝ հնարավոր կլինի լուծել հայ ռազմագերիների խնդիրը»,- եզրափակեց Սիրանուշ Սահակյանը։

Հիշեցնենք, որ ապրիլի սկզբին երկու ադրբեջանցիներ հատել էին հայ-ադրբեջանական սահմանը և հայտնվել Սյունիքի մարզում։ Նրանցից մեկին Հայաստանի իրավապահ մարմիններն ավելի վաղ էին հայտնաբերել։ Մյուս ադրբեջանցին հայտնաբերվել էր ավելի ուշ, միայն այն բանից հետո, երբ սպանել էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահնորդին։ Դրա վերաբերյալ նա հայտարարել էր հեռախոսով ուղիղ եթերի ժամանակ։

Տեսանյութեր

Լրահոս