«Սոթքից որևէ բնակիչ չի տարհանվել, նման բան չկա». Սոթքի համայնքապետը հերքում է ՔՊ-ական պատգամավորին
Մայիսի 11-ից սկսած մի քանի օր շարունակ ադրբեջանական կողմը կրակում էր Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունեցել է 1 զոհ և 5 վիրավոր։
Ադրբեջանական կրակոցների թիրախում եղել են նաև այլ բնակավայրեր՝ Վերին Շորժա, Կութ։
168.am-ի հետ զրույցում Սոթի համայնքապետ Սևակ Խաչատրյանն ասաց, որ այս պահին Սոթքում իրավիճակը նորմալ է, կրակոցներ դեռևս չկան։
«Մարդիկ զբաղված են գյուղատնտեսական աշխատանքներով, այս պահին էլ այդ աշխատանքներն ընթանում են, նույնիսկ կրակոցների օրերին են մարդիկ աշխատել»,- շեշտեց նա։
Ինչ վերաբերում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանի հայտարարությանը, որ կրակոցների օրերին մարդկանց Սոթքից տարհանել են, և հարցին՝ այդ մարդիկ վերադարձե՞լ են իրենց տները, Սևակ Խաչատրյանը պատասխանեց, որ տարհանում տեղի չի ունեցել։
«Սոթքից որևէ բնակիչ չի տարհանվել, նման բան չկա»,- եզրափակեց Սևակ Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ ադրբեջանական այս կրակոցների հետևանքով չի աշխատում Սոթքի հանքավայրը։