«Եթե պետք է բողոքեն արձանի տեղադրման համար, մենք էլ պետք է բողոքենք, որ հայկական թաղամասերում կան Թալեաթ փաշայի փողոց, դպրոց». Տիգրան Ալթուն

Թուրքիայի նախագահական ընտրություններում թեկնածուներից ցանկացածի հաղթանակի պարագայում Հայաստանի նկատմամբ թուրքական պետության քաղաքականությունը լուրջ փոփոխություններ չի կրելու։ Այս կարծիքին է Ստամբուլի հայկական համայնքի անդամ Տիգրան Ալթունը։

«Սա պետական քաղաքականություն է, չեմ կարծում, որ այս կամ այն նախագահը կկարողանա փոխել պետական քաղաքականությունը։

Ես կարծում եմ՝ Ադրբեջանը շատ մեծ ազդեցություն ունի Թուրքիայի վրա։ Այդ երկիրն այստեղ այնքան շատ ներդրումներ ունի, որ Թուրքիան չի կարող անտեսել նրան ու ստիպված է հետևել ադրբեջանական քաղաքականությանը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Ալթունը։

Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին՝ պոլսահայը նկատեց, որ երկու երկրներն էլ պետք է սովորեն ապրել կողք կողքի։ «Իհարկե, դա չի նշանակում, որ պետք է սկզբունքներիցդ հրաժարվես, բայց առօրյա կյանքը շարունակելու համար պետք է սահմանները բացվեն»,- նշեց նա։

Անդրադառնալով Երևանում «Նեմեսիս» շարժմանը նվիրված արձանի տեղադրման առնչությամբ պաշտոնական Անկարայի բարձրացրած աղմուկին՝ Ալթունը նկատեց, որ այդ հայտարարությունները պետք է կապել նաև մայիսի 14-ի նախագահական ու խորհրդարանական ընտրությունների և այդտեղ ազգայնական շրջանակների ձայները ստանալու միտման հետ։ «Եթե պետք է բողոքեն այդ արձանի տեղադրման համար, ապա մենք էլ պետք է բողոքենք, որ հայկական թաղամասերում կան Թալեաթ փաշայի փողոց, դպրոց։ Ընդ որում, այդ ամենը արվում է հենց այն վայրերում, որտեղ ապրում են հայերը»,- նշեց նա։

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը 2000-ականների սկզբին շատ էր բարձրաձայնվում հենց թուրք մտավորականների՝ լրագրողների, գրողների, իրավապաշտպանների կողմից, սակայն վերջին տարիներին նման միտում այլևս չի նկատվում։ «Նախկինում այդ հարցի մասին խոսողների մեծ մասն այսօր այլևս Թուրքիայում չէ, լքել են երկիրն ու ապրում են եվրոպական երկրներում։ Թուրքիայի ներսում այս հարցի մասին խոսող շատ մարդ չի մնացել։ Տարբեր պատճառներից ելնելով՝ նրանք վախեցան ու հեռացան այստեղից։ Բացի այդ, պետք է ընդունել, որ Թուրքիայում բոլոր լրատվամիջոցները, հեռուստաընկերությունները տարբեր ձևերով Էրդողանի, պետության ճնշման տակ են։ Ինչ նրանք ասեն, այն պետք է գրվի»,- նշեց Ալթունը։

Նրա գնահատմամբ՝ Էրդողանի վերջնական ընտրության պարագայում առաջիկա տարիներին Թուրքիան կունենա խիստ ավտորիտար, բռնապետ նախագահ։ «Եթե նրա այսքան սխալներից հետո ժողովուրդը այդքան քվե է տվել նրան, ապա նա այսուհետ ավելի վստահ կլինի իր գործողություններում։ Հավանաբար, այս երկիրն այլևս կդառնա մեկ անձի ու մեկ կուսակցության՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության երկիր»,- ասաց Ստամբուլի հայ համայնքի անդամ Տիգրան Ալթունը։

Արաքս Կասյան

Տեսանյութեր

Լրահոս