Արցախի նախագահը տեղյակ է բանակցային որոշ մանրամասների. Արցախի տեսակետի առանցքում ինքնորոշման իրավունքի իրացման և դրա միջազգային ճանաչման հարցն է. Լուսինե Ավանեսյան
168.am-ի հարցերին պատասխանել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը։
– Տիկին Ավանեսյան, Արցախն ի՞նչ սպասելիքներ ունի Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ հանդիպումից։ ՀՀ իշխանությունների կողմից մշտապես քննարկվում է «Արցախում բնակվող հայության իրավունքների ու անվտանգության» վերաբերյալ հարցը, այս եզրույթն Արցախի համար ընդունելի՞ է։
– Արցախի Հանրապետության իշխանությունները հետևում են ՀՀ և Ադրբեջանի միջև ընթացող գործընթացներին: Կարծում եմ, խնդիրների կարգավորումն ուժի և ուժի սպառնալիքի կիրառման բացառման սկզբունքով և բանակցությունների միջոցով միշտ նախընտրելի է:
– Հայաստանի իշխանական վերնախավը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, բազմիցս հայտարարել է, որ Արցախի իշխանությունը, մասնավորապես՝ նախագահ Արայիկ Հարությունյանը, տեղյակ է բանակցությունների մանրամասնություններից։ Արցախի նախագահն արդյո՞ք Նիկոլ Փաշինյանին ասել է, որ արցախահայության համար «Արցախում բնակվող հայության իրավունքների ու անվտանգության վերաբերյալ հարցը» եզրույթն ընդունելի չէ, ընդունելի է միայն ինքնորոշման իրավունքի իրացման հարցի առաջմղումը:
– Արցախի նախագահը տեղյակ է բանակցային որոշ մանրամասների և հնարավորություն ունի փոխանցելու իր և ժողովրդի մտահոգությունները, հայտնելու Արցախի Հանրապետության իշխանությունների տեսակետը, որի առանցքում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման և դրա միջազգային ճանաչման հարցն է, ինչպես նաև Արցախի Հանրապետության անվտանգության թեման:
– Տեղեկություններ ունե՞ք, Ադրբեջանի կողմից ապօրինի տեղադրված մաքսակետն ապամոնտաժելու ուղղությամբ բանակցություններ ընթանո՞ւմ են, այս պահին ի՞նչ արդյունքներ կան, միայն ռուսական կո՞ղմն է բանակցում Ադրբեջանի հետ։
– Միջազգայնորեն ընդունված Լաչինի/ Քաշաթաղի/ միջանցքում Ադրբեջանի կողմից ապօրինի անցակետի տեղադրումն անընդունելի է: ԱՀ դիրքորոշումն արտահայտված է ԱՀ Անվտանգության խորհրդի հայտարարության մեջ: Ադրբեջանական կողմի հետ տվյալ հարցով ՌԴ խաղաղապահների վարած բանակցություններն առայժմ արդյունք չեն տվել: