«Աստված օգնում է նրան, ով ցանկություն ունի պայքարելու. ընտրել ենք պայքարի ուղին, ուրեմն չպետք է շեղվենք». Ազատամարտիկ
Այսօր Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ արցախյան երեք պատերազմի մասնակից Կարմեն Ավետիսյանը դիմելով արցախահայությանը՝ ասաց՝ որևէ ժամանակ հեշտ չի եղել:
«Առաջին պատերազմի ժամանակ մեր սերունդը կատարել է այն, ինչ որոշ մարդկանց թվացել է անհնարին, հաղթանակել ենք, որովհետև եղել ենք միասնական, որովհետև ամեն մեկը պատասխանատվություն է կրել հայրենիքի, մեր վաղվա օրվա համար։ Այսօր այս միասնության կարիքը կա։ Այսօր մենք գտնվում ենք մեր ձեռքերը բաց վիճակում, բայց կարիք կա բռունցքվելու, երևի հաղթանակն ուժով է բերվում, ինչպես Նժդեհն է ասել՝ ուժն է ծնում իրավունք։ Բայց ոչ միայն բազկի, այլև ոգու, մտքի, հենց համատեղ այդ ուժերի շնորհիվ կկարողանանք հաղթահարել դժվարությունները։ Չկան անհաղթահարելի խնդիրներ, կա մեծ ցանկության ու հավատքի պակաս»,- նշեց Կարմեն Ավետիսյանը։
Ըստ նրա, հավատն ուղեկցում է, ցանկությունը՝ ուժ ու եռանդ տալիս, ուստի միասնական է պետք լինել։
«Այս պահին, ժողովուրդ, հարազատներս, եկեք միասին պահանջենք, խնդրենք՝ որպես եղբայր ու քույր, պահանջենք որպես քաղաքացիներ՝ միացեք մեր քաղաքական ուժերի, մեր պետականության թիկունքում, կայացրեք պետական համակարգը, մեր ժողովուրդը հրաշք ժողովուրդ է, ցանկացած կանչի հավաքվում է։ Ժողովրդին վստահություն է պետք, որ մենք գնում ենք ճիշտ ճանապարհով, հավաքվեք այն կամարի, տաճարի տակ, որտեղից հույսն է տաճար թափանցում։ Գտնենք այն ճանապարհը, որով պետք է ուղեկցենք մեր ժողովրդին, և կտեսնենք, որ անլուծելի խնդիրները կլուծվեն։ Եկեք ազնիվ լինենք մեր խղճի ու Աստծո առաջ, Աստված օգնում է նրան, ով ցանկություն ունի պայքարելու, մենք ընտրել ենք պայքարի ուղին, ուրեմն չպետք է շեղվենք։
Ի կոչ միասնության»,- խոսքը եզրափակեց ազատամարտիկը։