«Սա չպետք է ընկալվի, որ լոտո ենք շահել, չնայած շահել ենք». Փոխքաղաքապետ
«Հանդիպել ենք բնակիչներին, ներկայացրել բնակարանների ձեռքբերման տրամաբանությունը, ստացել ենք երկու տիպի դժգոհություն: Դժգոհել են բնակարան ձեռք բերելու դժվարությունների հետ կապված, այսինքն՝ գումար ստանալուց հետո ինչպե՞ս կարող են բնակարան ձեռք բերել, և երկրորդը, դժգոհություններ են եղել քառակուսի մետրերի հաշվարկի տրամաբանության վերաբերյալ»,- Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ խոսելով Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչներին վերաբնակեցնելու ուղղությամբ տարվող աշխատանքների մասին՝ ասաց քաղաքապետի տեղակալ Ստեփան Մաչյանը:
Նա նշեց, որ հանդիպել է կառուցապատողներին, փորձել հասկանալ՝ արդյոք կա՞ բնակարանների առաջարկ՝ նշված քառակուսի մետրով և գնով, ու կա դրական պատասխան:
Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ 1 քմ-ն 402 հազար դրամով են պայմանավորվել:
«Հա, իհարկե, 402.000 դրամով Երևանի կենտրոնում բնակարան չես գնի, բայց այդ գնով հնարավոր է գտնել բնակարաններ: Մենք խոսում ենք 4-րդ կարգի վթարային շենքի մասին, որը հնարավոր երկրաշարժից կարող է փլվի: Մենք գիտակցում ենք մեր պատասխանատվությունը՝ մարդկանց անվտանգությունն ապահովելու տեսանկյունից, չնայած այդտեղ ուղիղ պարտավորություն, որպես այդպիսին, Երևանի քաղաքապետարանը չունի:
Երևան քաղաքը գնման վկայականներ է տալու, խնդրում եմ համապատասխան վերաբերմունք ունենալ նաև Երևանի քաղաքապետարանի նկատմամբ, որովհետև միայնակ փրկողի դերում չենք կարող լինել: Պետք է լինի համագործակցություն: Խոսել էինք, որ քառակուսի մետրն ավել ենք տալու, խոստացել ենք օգնել համապատասխան կառուցապատողների հետ այդ գնով բնակարան գնել:
Խնդրում եմ՝ կոնկրետ անձանց ցանկ տալ, որովհետև արդեն ոնց որ սկսում եմ չհասկանալ: Ամեն ինչը չափի մեջ է գեղեցիկ: Սա չպետք է ընկալվի, որ լոտո ենք շահել, չնայած շահել ենք»,- ընդգծեց Տիգրան Ավինյանը: