Շիրակի մարզում քաղաքաշինության բնագավառում այս տարի 22,1 մլրդ դրամի կապիտալ կներդրվի
Շիրակի մարզպետի հանձնարարականով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը գույքագրում է համայնքների հիմնախնդիրները: Այս աշխատանքները միտված են աջակցելու համայնքներին սուբվենցիոն ծրագրեր մշակելիս:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ն՝ աշխատանքային 100 օրերն ամփոփող ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը:
Անդրադառնալով քաղաքաշինությանը՝ մարզպետը նշեց, որ 2023-ի մայիսի 1-ի դրությամբ եղած տվյալներով այդ բնագավառում պետական բյուջեով և այլ ֆինանսական աղբյուրներով կիրականացվի 22,1 մլրդ դրամի կապիտալ ներդրում։
Շուրջ 4,5 մլրդ դրամ կուղղվի կրթական, մշակութային և մարզական 16 օբյեկտների կառուցման և հիմնանորոգման նպատակին, 3 մլրդ դրամ բնակարանաշինությանը, 1 մլրդ դրամի մասնավոր ներդրումներ են կանխատեսվում, 100 մլն դրամի էլ նախագծային աշխատանքներն են։
«Գումարի առյուծի բաժինը՝ 13,5 մլրդ դրամ, ճանապարհաշինությանն է հասնում: Դրանից 10 մլրդը շուրջ 66 կմ երկարությամբ միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ճանապարհահատվածների հիմնանորոգմանը կուղղվի: Կարևոր է նաև Հյուսիս-հարավ միջանցքի զարգացման վարկային ծրագիրը՝ Տրանշ 3՝ Լանջիկ-Գյումրի, 23 կմ երկարությամբ։ Այդտեղ կիրականացվեն շուրջ 3,5 մլրդ դրամի աշխատանքներ»,- նշել է Շիրակի մարզպետը՝ ընդգծելով, որ քաղաքաշինական խնդիրների մեջ առաջնային են համարվում նաև անօթևանության ու վթարայինների հիմնախնդիրները, որոնց լուծման համար ևս քայլեր են մշակվում ՀՀ կառավարության կողմից։
Սուբվենցիոն ծրագրերը պետություն-համայնք համագործակցության լավագույն օրինակ համարելով՝ Շիրակի մարզպետը փաստել է, որ 2023-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն է ներկայացվել 31 սուբվենցիոն ծրագրի ամբողջական փաթեթ՝ 130 ենթածրագրերով։ Ծրագրերի ընդհանուր արժեքը կազմել է 10 մլրդ 54 մլն դրամ, որից ՀՀ պետական բյուջեից համաֆինանսավորման չափաբաժինը կազմում է 5 մլրդ 325 մլն դրամ (53%)։
Համայնքների բյուջեների սեփական եկամուտները մայիսի 1-ի դրությամբ կատարվել են 87,8 տոկոսով՝ նախորդ տարվա 80 տոկոսի փոխարեն։ Նախորդ տարվա համեմատ՝ աճը մարզպետը բավարար չի համարել՝ ընդգծելով, որ այս առումով համայնքների ղեկավարները դեռ անելիքներ ունեն։
Գյուղատնտեսական հիմնահարցերից խոսելով՝ Շիրակի մարզպետը տեղեկացրել է, որ մարզում այս պահի դրությամբ կատարվել է շուրջ 12 հազար հա գարնանացան, 18 հազար 203 հա էլ աշնանացան ցորենի ցանք, որը նախորդ տարվանից ավելի է 5523 հա-ով: Աշնանացան ցորենի ցանքատարածության աճին նպաստել է «Հայաստանի Հանրապետությունում աշնանացան ցորենի արտադրության խթանման 2022 թվականի պետական աջակցության» ծրագիրը։ Ծրագրի շրջանակներում ցորենի մշակությամբ զբաղվող մարզի 6302 շահառուների ապրիլի 27-ի դրությամբ տրամադրվել է փոխհատուցում՝ շուրջ 1.145 մլրդ դրամ։
Անդրադարձ է կատարվել քաղաքացիների դիմումներին ու ընդունելությանը ևս․
«Անցած 4 ամիսներին քաղաքացիներից ստացվել է 910 դիմում, դրանց մեծ մասը՝ 641-ը, վերաբերվել է դրամական աջակցության տրամադրմանը։ Ինձ համար կարևոր ու առաջնային է եղել քաղաքացիների հետ աշխատանքն ու հանդիպումները, ցանկացած խնդրի արագ արձագանքումը, նրանց լսելն ու հասանելի մնալը։ 5 ընդունելություններին մասնակցել են 67 քաղաքացիներ, պաշտոնական ընդունելությունների մասին եմ խոսում: Բնականաբար, ամենօրյա հանդիպումներ եմ ունեցել քաղաքացիների հետ, շատ հստակ հաշվարկ, իհարկե, չենք արել, բայց միջին հաշվարկով 400-ից ավելի քաղաքացիների եմ լսել տարբեր խնդիրներով»։
Առանձնակի ոգևորությամբ Մուշեղ Մուրադյանն անդրադարձել է մարզական ձեռքբերումներին՝ ընդգծելով, որ մարզական ավանդույթները շարունակում են բարձր պահել շիրակցի մարզիկները։
«Աշխարհի և Եվրոպայի 9 առաջնություններին ՀՀ հավաքական թիմերի կազմերում մասնակցել են շիրակցի 34 մարզիկներ։ Ծանրամարտ, հունահռոմեական ըմբշամարտ, սամբո և բռնցքամարտ մարզաձևերում մեր մարզիկները նվաճել են 14 մեդալ, որից 4-ը՝ ոսկի, 4-ն՝ արծաթ և 6-ը՝ բրոնզ։ Տարբեր տարիքային խմբերի ՀՀ պաշտոնական 25 առաջնություններին մասնակցել են 436 մարզիկ–մարզուհիներ։ Նրանք նվաճել են 175 մեդալ, որից 55-ը՝ ոսկի, 56-ն՝ արծաթ և 64-ը՝ բրոնզ»,- փաստել է մարզպետը։
Խոսելով առողջապահության մասին՝ Շիրակի մարզպետը վստահեցրեց՝ ոլորտը ամենօրյա աշխատանք ու հոգատարություն, բժշկական ծառայությունների հասանելիություն, որակի բարելավման աշխատանքներ է պահանջում: 2023 թվականի մայիսի 1-ի դրությամբ 2022 թ. նույն ժամանակահատվածի համեմատ 103-ով ավելի ծնունդ է գրանցվել՝ ծնունդների թիվը 809 է եղել:
Արմենուհի Մխոյան