«Երևանյան բեսթսելեր». Առաջին տեղում Սերժ Սարգսյանի «Բանակցային առաջնագծում» գիրքն է

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակն՝ ըստ մարտի վաճառքների։

Առաջին տեղում է Սերժ Սարգսյանի «Բանակցային առաջնագծում» գիրքը։ «Բանակցային առաջնագծում» ժողովածուն ամփոփում է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տասը (2008-2018) և հետնախագահական շրջանի չորս տարիներին (2018-2022) ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ նախագահ Սարգսյանի հայտարարությունները, ուղերձները, ելույթները, հոդվածները, հարցազրույցները: Դրանցում արտահայտված մոտեցումները հստակ ցույց են տալիս վերոնշյալ ժամանակահատվածում հակամարտության կարգավորման հարցում Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունը, բանակցային գործընթացի զարգացումերը, որոշակի փուլերում առաջացած խնդիրները, առաջընթացն ու ձեռքբերումները, ՀՀ երրորդ նախագահի և նրա քաղաքական թիմի «կարմիր գծերը» հիմախնդրի կարգավորման գործընթացում:

Հեկտոր Գարսիայի և Ֆրանսեսկ Միրալեսի «Իկիգայ. երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը» երկրորդ տեղում է։ «Իկիգայ. երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը» յուրահատուկ լրագրողական հետաքննություն-հետազոտություն է՝ պարզելու, թե որն է Ճապոնիայի Օկինավա կղզու բնակիչների երկարակեցության գաղտնիքը և ինչ է իրականում նշանակում իկիգայը: Շնորհիվ այս գրքի դուք բազմաթիվ տեղեկություններ կստանաք երկարակեցության գաղտնիքների և իրենց կյանքում թեկուզ փոքրիկ, բայց կարևոր նպատակներ ունեցող ճապոնացիների մասին: Այն կօգնի ձեզ գտնել ձեր սեփական իկիգայը ու լիցքավորվել թարմ էներգիայով՝ պատրաստ ապրելու երկար ու երջանիկ:

Երրորդ տեղում է Ջոն Ստրելեքիի «Սրճարան աշխարհի եզրին» համաշխարհային բեսթսելերը: Գրքում հերոսը սեփական կյանքի քաոսից փախչելով հայտնվում է աշխարհից հեռու մի սրճարանում, որտեղ մենյուի հարցերի և մատուցողների հետ զրույցների միջոցով վերագտնում է իր կյանքի իմաստը։

Էրվին Շրյոդինգերի «Ի՞նչ է կյանքը» չորրորդ տեղում է։ Հայտնի գրքի հիմքում ընկած են մի շարք հանրային դասախոսություններ, որոնք աշխարհահռչակ ֆիզիկոսը կարդացել է տարբեր տարիների և ինքնակենսագրական ակնարկ, որն ավելի տեսանելի է դարձնում Նոբելյան մրցանակակրի անցած ճանապարհն ու ձեռքբերումները։ «Կենդանի բջջի ֆիզիկական կողմը» բաժնում տեսական ֆիզիկայի դրույթներից ելնելով՝ Շրյոդինգերը դիտարկում է կյանքի տարբեր երևույթների նկատմամբ ֆիզիկական մոտեցմանը, միկրոաշխարհից մակրոաշխարհի անցմանը, օրգանիզմի բազմատոմությանը, ժառանգականությանը և մուտացիաներին վերաբերող կարևորագույն հարցերը՝ կանխագուշակելով ժառանգական մոլեկուլի բնույթը և ըստ էության կանխորոշելով ԴՆԹ–ի հայտնագործությունը հետագայում։ «Միտք և նյութ» բաժնում հայտնի գիտնականը քննում է գիտակցությանը վերաբերող զանազան հարցեր՝ արդյոք մե՞կ են նյութն ու միտքը, օբյեկտն ու սուբյեկտը, ներքին և արտաքին աշխարհները՝ փորձելով պարզել, թե գիտակցությունն ինչ դեր ունի էվոլյուցիայում, որն է բարոյականության հիմքը, և ինչ ուղղությամբ է ընթանալու մարդու հետագա կենսաբանական զարգացումը։

Հինգերորդ տեղում է Ջո Նավարոյի «Ես կարդում եմ Ձեր մտքերը» գիրքը։ Այս գրքում դուք կիմանաք, թե որ նախնադարյան բնազդներն են կառավարում մեր մարմնի լեզուն, ինչու չի կարելի վստահել մարդու դեմքի արտահայտություններին, որն է մարմնի «ամենաանկեղծ» մասը, ինչպես կարդալ դիմացինի իրական մտքերը նրա ձեռքերի, ոտքերի, իրանի և շուրթերի միջոցով և ինչպես կիրառել այս գիտելիքները՝ ավելի վստահ ու անկեղծ տպավորություն թողնելու համար։ Գրքում ներկայացված են ոչ միայն համոզիչ օրինակներ FBI-ի գործակալի իրական պրակտիկայից, այլև առկա են հղումներ ոչ վերբալ հաղորդակցության ոլորտում ամենահայտնի հետազոտողների աշխատություններին: Գրքում կգտնեք նաև պատկերներ, որոնք է՛լ ավելի ընկալելի և հետաքրքիր կդարձնեն ընթերցանությունը:

Վեցերորդ հորիզոնականում է Էկհարթ Թոլլի «Ներկայի ուժը»։ «Ներկայի ուժը» գիրքը իրավմամբ համարվում է պոպուլյար հոգեբանության, մոտիվացիայի և էզոթերիկայի ժանրերի ամենաառանցքային ստեղծագործություններից մեկը, իսկ հեղինակ Էկհարթ Թոլլը՝ ամենահեղինակավոր հոգևոր ուսուցիչներից մեկը:

Այս գիրքը կստիպի ձեզ մի պահ դադարեցնել մտքերում տիրող աղմուկը, երանելի լռություն հաստատել հոգում և գլխում ու վերջապես ապրել միակ իրական պահը՝ Ներկա պահը:

Յոթերորդ տեղում է Իլոն Մասկի «Երբ բոլորը քո դեմ են. Իլոն Մասկն ինքն իր մասին» գիրքը։ «Երբ բոլորը քո դեմ են. Իլոն Մասկն ինքն իր մասին» գրքում ամփոփված են մեջբերումներ աշխարհի ամենաառանցքային մարդկանցից մեկի՝ Իլոն Մասկի հարցազրույցներից ու ելույթներից: Գրքում թեմատիկ բաժիններով առանձնացված են Իլոն Մասկի գործունեության տարբեր ոլորտները՝ SpaceX և Մարսի գաղութացում, Tesla Motors և էլեկտրամոբիլների տարածում, SolarCity և կանաչ էներգետիկա: Բացի դա, մեջբերված են Մասկի ուշագրավ հայտարարություններն ու գաղափարները կադրային քաղաքականության, աշխատանքի և առհասարակ՝ կյանքի մասին:

Ութերորդ տեղում է Գարեգին Նժդեհի «Չխրատվող ժողովուրդը»: Խորհրդածությունների և հոդվածների այս գրքում Նժդեհը դիմում է հայ երիտասարդությանը՝ մղելով ինքնաճանաչողության: Նա անդրադառնում է մեր բնավորությանը, պատմական առաքելությանը, տարածաշրջանում մեր հնարավորություններին: Խոսելով ապագայի պատերազմներից՝ Նժդեհը խրախուսում է Հայաստանում ռազմարդյունաբերության հիմնումը: Նա գերակա է համարում մեր ժողովրդի հավաքական պայքարը, որովհետև այդպես «ավելի ուժեղ ենք, քան ժամանակավոր դժբախտությունը»:

Իններորդ տեղում է Ռոբերտ Կիյոսակիի «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ» գիրքը։ «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ»-ը անձնական ֆինանսների կառավարում ուսուցանող թիվ մեկ գիրքն է ամբողջ աշխարհում։ Այն պատմում է Ռոբերտ Կիյոսակիի և նրա երկու հայրիկների՝ հարազատ հոր և լավագույն ընկերոջ հոր՝ հարուստ հայրիկի պատմությունը, այն մասին, թե ինչպես են այդ երկու տարբեր մարդիկ ձևավորում ներդրումների և փողի մասին իր գաղափարներն ու ընկալումները։ Գիրքը հօդս է ցնդեցնում այն առասպելը, թե հարուստ լինելու համար պետք է ունենալ բարձր եկամուտ, և բացատրում է փողի համար աշխատելու և փողը քեզ համար աշխատեցնելու տարբերությունը։

Ջո Ջիրարդի «Վաճառիր ցանկացած բան ցանկացած մարդու» գիրքը տասներորդ տեղում է։ Ջո Ջիրարդը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում 13 001 հատ «Շևրոլե» մեքենա վաճառելու համար: Աղքատ սիցիլիական ընտանիքում մեծացած Ջիրարդը համաշխարհային բեսթսելեր դարձած իր այս գրքում պատմում է վաճառողի իր կարիերայի մասին՝ ներկայացնելով իր հաջողության այն գաղտնիքներն ու հնարքները, որոնք վստահաբար պետք կգան ցանկացած ոլորտի ցանկացած վաճառողի: Ինչպես ասում է հեղինակը՝ «Եթե կարողացել եմ ես, ապա դուք էլ կկարողանաք»: «Վաճառիր ցանկացած բան ցանկացած մարդու» գիրքը համարվում է աշխարհի ամենալավ բիզնես գրքերից մեկը։

Տեսանյութեր

Լրահոս