Բաժիններ՝

Հայաստանում կանեփի արտադրության ցուցանիշները չեն գոհացնում կառավարությանը․ լիցենզավորման կարգը պարզեցվում է. News. am

Հայաստանում արդյունաբերական կանեփի օրինականացումից ի վեր կանեփի արտադրության, ներմուծման, արտահանման, մեծածախ առևտրի իրականացման լիցենզիա է ստացել 10 կազմակերպություն 10 տարի ժամկետով։ Այս մասին news.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից։

Մասնավորապես 2021թ․ երկրորդ կիսամյակում կառավարության լիազորած պետական կառավարման մարմնին՝ առողջապահության նախարարությանը արտադրական կանեփի ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի իրականացման լիցենզիա ստանալու համար դիմել է 7 կազմակերպություն, որից 6-ի հայտը բավարարվել է, 1-ինը՝ մերժվել՝ արտադրական կանեփի արտադրության գործունեության իրականացման լիցենզավորման մասին ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի թիվ 1170-Ն որոշմամբ սահմանված պայմաններին և պահանջներին չհամապատասխանելու հիմքով: 2022թ․ հայտատուների թիվը նվազել է․ ամբողջ տարվա ընթացքում լիցենզավորման համար նախարարություն հայտ է ներկայացրել 5 կազմակերպություն, որից 4-ի ներկայացված հայտերը բավարարվել են, և նրանց տրվել է համապատասխան տեսակներով գործունեության իրականացման լիցենզիաներ՝ 10 տարի ժամկետով, իսկ 1-ի հայտը մերժվել է՝ ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված պայմաններին և պահանջներին չհամապատասխանելու հիմքով: 2023 թվականի առաջին եռամսյակում արտադրական կանեփի արտադրության լիցենզիա ստանալու մասին հայտ է ներկայացրել 1 կազմակերպություն, որը, սակայն մերժվել է։

Առողջապահության նախարարությունից, սակայն չեն հստակեցրել, թե մերժում ստացած կազմակերպությունները կոնկրետ ի՞նչ պայմանների և պահանջների չեն համապատասխանել։

Նշենք, որ 2021 թվականի հուլիսից Հայաստանի Հանրապետության կառավարությունը օրինականացրել է կանեփի աճեցումը տեխնիկական նպատակների համար։ 2021թ․ հուլիսի 15-ի կառավարության որոշմամբ՝ Հայաստանում արտադրական կանեփի արտադրությունը, ներմուծումը, արտահանումն ու մեծածախ առևտուրը հանդիսանում է լիցենզավորման գործունեության տեսակ: Կանեփի արտադրությունն օրինականացնելով՝ կառավարությունը հույս ուներ, որ արտադրության այս ճյուղը զգալի ներդրում կունենա Հայաստանի տնտեսության, հատկապես՝ գյուղատնտեսության զարգացման վրա, միաժամանակ վերահսկելով մեր երկրում կանեփի ապօրինի շրջանառությունը։ Մինչդեռ, հաշվի առնելով երկու տարում լիցենզավորման համար դիմած իրավաբանական անձանց թիվը, ինչպես նաև արտադրական կանեփի լիզեցնզավորման կարգի հետ կապած օրենսդրական պահանջները, կարելի է եզրակացնել, որ արտադրական կանեփի արտադրությունը Հայաստանում այնքան էլ գրավիչ չէ, իսկ կանեփի օրինական արտադրությամբ զբաղվող կազմակերպությունները դժվար թե Հայաստանի տնտեսության համար առաջիկա տարիներին նկատելի արդյունք ապահովեն։

Նշենք, որ կառավարությունը վերջերս փոփոխություններ է նախաձեռնել արտադրական կանեփի հետ կապված գործունեության լիցենզավորման կարգում՝ փորձելով որոշ չափով պարզեցնել այն։

Մասնավորապես ՀՀ ազգային ժողովը ապրիլի 13-ին առաջին ընթերցմամբ ընդունել է կառավարության ներկայացրած՝ «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որով առաջարկվում է լրացնել «արտադրական կանեփի գործընթաց» եզրույթի բովանդակությունը՝ ամրագրելով, որ արտադրական կանեփի բույսերի չորացումը նույնպես արտադրական կանեփի գործընթաց է: Փաթեթով նախատեսվում է փոփոխություններ իրականացնել նաև արտադրական կանեփի հետ կապված գործունեության լիցենզավորման կարգում։

Մասնավորապես՝ առաջարկվում է հանել գործող օրենքով արտադրական կանեփի արտադրության, ներմուծման, արտահանման, մեծածախ առևտրի գործունեության իրականացման համար ներկայացվող փաստաթղթերի ցանկում բիզնես ծրագիր ներկայացնելու պահանջը, ինչպես նաև քվոտաների խախտման դեպքում լիցենզիայի դադարեցման հիմքը, և լիցենզավորված անձին քվոտաները վերանայելու հնարավորություն է տրվում: Այսպիսով, ըստ էության, կառավարությունը պարզեցնում է արտադրական կանեփի արտադրության հետ կապված լիցենզավորման կարգը։

Հիշեցնենք, որ 2021թ․ փետրվարի 4-ին կառավարության՝ «Տնտեսական արձագանքման ծրագրի» շրջանակում տրվեց Հայաստանում արդյունաբերական կանեփի արտադրության մեկնարկը։ Այդ օրը կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդգծեց՝ «կանեփը շատ կարևոր արդյունաբերական հումք է»։ Այդ ժամանակահատվածում փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Ավինյանն էլ իր հերթին հայտարարեց արտադրական կանեփի արտադրության ծրագիրը «համարձակ առաջ մղելու» պատրաստակամության մասին։ Ըստ Ավինյանի՝ կանեփի արտադրությունն էականորեն կակտիվացնի գյուղատնտեսության ոլորտում հողերի օգտագործումը։

Կառավարության ղեկավարի և փոխվարչապետի լավատեսական սպասումները, սակայն չարդարացան։ 2023թ․ փետրվարի 1-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, խոսելով տնտեսության վրա արտադրական կանեփի ազդեցության մասին, խոստովանեց, որ արդյունքը գոհացուցիչ չէ։

«Մենք դեմ չենք լինի, եթե այս ծրագրի կամ արտադրական կանեփի ոլորտի զարգացման պատասխանատվությունը դրվի էկոնոմիկայի նախարարության վրա, կփորձենք ամեն ինչ անել, որպեսզի արդյունքային ցուցանիշները տարբեր լինեն նրանից, ինչ հիմա կա»,-հայտարարել էր Վահան Քերոբյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս