Կհասնի՞ արդյոք Վաշինգտոնը բեկման․ Մոսկվայի սխալ հաշվարկներն ու խաղադրույքները

Նախօրեին Վաշինգտոնում մենարկած և դեռ շարունակվելիք Հայաստան-Ադրբեջան նախարարական բանակցային սերիան թերևս վերջին ժամերի ռեգիոնալ թոփ թեման է։ Ապրիլի 30-ից ԱՄՆ–ում են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի գլխավորած պատվիրակությունները, որոնք  մայիսի 1-ին Առլինգտոն քաղաքում եռակողմ և երկկողմ հանդիպումներ են անցկացրել Ջորջ Պ. Շուլցի անվան արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնում։

Հանդիպումների ժամանակ քննարկվել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցեր:

Վաշինգտոնն այս հանդիպումներին, որոնք դեռ շարունակվելու են ԱՄՆ մայրաքաղաքում, ամենայն հավանականությամբ ուղիղ՝ երկկողմ ձևաչափով, պատրաստվել է ամիսներ շարունակ դիվանագիտական ջանքեր ներդնելով։ Ըստ էության ամերիկյան կողմը կարողացավ կողմերին ոչ միայն նստեցնել բանակցային սեղանի շուրջ, մի բան, որը դեկտեմբերից չէր հաջողվում Մոսկվային, այլև կազմակերպել բանակցությունների շարք կողմերից հստակ ակնկալիքով։

Մինչ բանակցությունները Պետքարտուղար Բլինքենը հեռախոսազրույցներ էր ունեցել Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հետ։

ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը բանակցություններից հետո անդրադառնալով դրանց ընթացքին ու բովանդակությանը՝ ասել է, որ ԱՄՆ-ը ուրախ է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին հյուրընկալելու և բանակցություններին աջակցելու համար, բանակցությունները Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղ ապագայի հասնելու համար են։ «Պետքարտուղար Բլինքենը պատիվ ունեցավ ողջունել արտաքին գործերի նախարարներին ընթրիքի ժամանակ և ներկա գտնվել Ջորջ Պ. Շուլցի անվան արտաքին գործերի ուսումնական կենտրոնում լիագումար նիստի բացմանը: Պետքարտուղարը կարծում է, որ ուղիղ երկխոսությունը խնդիրների լուծման և տևական խաղաղության հասնելու բանալին է»,- ասել է Պատելը։

Նա նաև անդրադարձել է այն հարցին, թե արդյո՞ք առաջիկա օրերին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները նոր հանդիպումներ ունենալու են, թե՞ ոչ։ Պատելը նշել է, որ այս պահին նոր տեղեկություններ չունի և թույլ կտա, որ երկու նախարարներն «արտահայտվեն» իրենց ժամանակացույցին համապատասխան։

«Ամերիկայի ձայնը» հաղորդում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներն այս շաբաթվա ընթացքում կունենան հաջորդաբար մի շարք հանդիպումներ։

Լրատվամիջոցի աղբյուրների փոխանցմամբ՝ քննարկվող փաստաթուղթը կրում է «Հարաբերությունների կարգավորման համաձայնություն» (Agreement on the normalization of relations) անունը, և ԱՄՆ-ը ձգտում է, որպեսզի կողմերը կարգավորեն իրենց հարաբերությունները, կարողանան միասին ապրել, ամրապնդել տնտեսական կապերը և, նույնիսկ, իրենց հավաքական անվտանգությունը տարածաշրջանում: «Պետքարտուղարությունից հայտնում են, որ քննարկվող փաստաթուղթը շատ համապարփակ է, որի շրջանակում քննարկվում են բազմաթիվ հարցեր, ներառյալ՝ էթնիկ փոքրամասնությունների իրավունքներն ու անվտանգությունը»,- գրում է այս լրատվամիջոցը։

Ըստ մի շարք տեղեկությունների՝ հանդիպումների այս շարքով Վաշինգտոնը փորձում է «գործն արագացնել» և միանգամից հասնել ղեկավարների մակարդակով առաջիկա հանդիպման ընթացքում ստորագրման։

Մոսկվան Վաշինգտոնի նախաձեռնությանն անդրադարձել է դեռ միայն ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի մակարդակով, ով նշել է, որ երկու երկրների միջև առկա խնդիրների լուծումն ու տարածաշրջանի լարվածության նվազեցմանն ուղղված որևէ համատեղ գործողությունների և քայլերի հնարավոր մշակումն առաջին հերթին, իհարկե, հնարավոր է այն եռակողմ փաստաթղթերի հիման վրա, որոնք ստորագրվել են Ռուսաստանի հետ։ «Դեռ որևէ այլ իրավական հիմք, որը կնպաստեր կարգավորմանը, չկա»,- ասել է Պեսկովը։ Նա նշել է, որ այդ եռակողմ փաստաթղթերն այլընտրանք չունեն։

«Բնականաբար, ցանկացած օգնություն, որը կարող է կարգավորմանն օգնել այդ հիմքի վրա, կարող է ողջունելի լինել, սակայն մենք գիտենք նաև, որ տարբեր փորձեր են լինում, որոնք ձախողում են կարգավորման հիմքը, ինչը հեռանկարում կարող է արդյունք չտալ։ Հույս ունենանք, որ տվյալ պարագայում խոսքն առաջին դեպքի մասին է»,- հավելել է Պեսկովը։

168am-ի հետ զրույցում եվրոպացի վերլուծաբան Սյուզան Ստյուարտն ասաց, որ Վաշինգտոնը փորձում է այնպիսի ջանքեր ներդնել, որոնք նույնիսկ այդքան էլ սպասելի չէին շատ վերլուծաբանների համար այս փուլում։

Սակայն, նրա որակմամբ, սա ցույց է տալիս ԱՄՆ պետքարտուղարի իսկապես հետևողական և սկզբունքային վերաբերմունքը հարավկովկասյան օրակարգի նկատմամբ, որում չի կարելի թերագնահատել Ռուսաստանի դերը, քանի որ ԱՄՆ այս հանձնառությունը պայմանավորված է նաև ՌԴ-ի դեմ ավելի լայն պայքարով և այն իրադարձություններով, որոնք ծավալվում են ուկրաինական թատերաբեմում։

«Արևմուտքը բոլոր հնարավոր ճակատներով՝ դիվանագիտական, Ուկրաինան՝ ռազմական, բոլոր ռեգիոններում պատրաստվում են գրոհի, այս տրամաբանությունը առկա է, ներդրվում են մաքսիմալ ջանքեր ու բանեցվում են ճնշումներ։ Իհարկե, ինչպես երևաց նաև Վաշինգտոնի հրապարակային շեշտադրումներից, կա նաև ընկալում, որ չնայած Արևմուտքի ցանկությանը՝ արագ լուծումներ գտնել, կողմերի միջև խնդիրները ծանր ու բարդ բնույթ են կրում, և պետք է կարողանալ նրանց հանգեցնել բալանսավորված լուծումների, ինչը բարդ է։

Սակայն ձևաչափը, երբ ԱՄՆ-ը սկսում է այս բանակցությունների շարքը, բայց ոչ միշտ է ներկա բանակցություններին, լավ հնարավորություն է՝ ինչպես Երևանի, այնպես էլ՝ Բաքվի համար, քանի որ Վաշինգտոնը, օրինակ, նախորդ տարվա օգոստոս-սեպտեմբեր ամիսներին փորձում էր խրախուսել երկկողմ բանակցություններն առանց Մոսկվայի, ինչը չհաջողվեց և փաստորեն երկար դադարից՝ Մոսկվայի ու Բրյուսելի անհաջող միջնորդական փորձերից հետո, Վաշինգտոնին հաջողվեց առաջարկ անել։ Փաստաթղթի վերջնական բովանդակության վերաբերյալ կդժվարանամ որևէ բան ասել, քանի որ կողմերը կարծես քննարկումների մեջ են։ Այս պահին կդժվարանամ նաև նշել, թե ում օգտին են բանակցությունները։ Առանց հավասարակշռության, իհարկե, չի լինում խաղաղություն»,- նկատեց վերլուծաբանը։

Մեզ հետ զրույցում ռուս վերլուծաբան Ալեքսանդր Սկակովն ասաց, որ այս անգամ Մոսկվայի հաշվարկները կամ դրանց բացակայությունը, գուցե սխալ խաղադրույքները կարող են սխալ դուրս գալ։

Ըստ նրա, եռակողմ փաստաթղթերը մինչ այս պահը միակն են, բայց իրավիճակը գետնի վրա փոխվում է, կան նոր պայմանավորվածություններ, այդ փաստաթղթի խախտումներ, հակառուսական մեծ արշավ, իսկ Արևմուտքի ներգրավումը գործընթացում բավականին խորն է։

«Աշխարհաքաղաքական իրավիճակն այնպիսին է, որ կարծես Մոսկվան դեմ չէ նաև վաշինգտոնյան սցենարին, կամ վստահ է, որ այդ սցենարը կարող է ամեն պահի տապալվել։ Բայց սրանք այդքան էլ ստույգ հաշվարկներ չեն, ըստ իս, և գլխավոր պատճառը, իհարկե, իրավիճակն է Ուկրաինայի շուրջ, մի մեծ մեքենա է գործի դրվել Ռուսաստանի դեմ, իսկ ՌԴ-ն իր ուժերը կենտրոնացրել է մեկ ուղղությամբ, քանի որ ռեսուրսներն անսպառ չեն։

Այնուամենայնիվ, սա ամենաանկանխատեսելի հակամարտություններից մեկն է, և նույնիսկ նման բարձրաստիճան ներգրավման ու ցանկության պարագայում բարդ է ասել՝ կհաջողվի՞, ի վերջո, իրականացնել այդ պլանը, թե՞ ոչ։ Հիշեք հակամարտության պատմությունը՝ քանի՞ անգամ են կողմերը մոտ եղել ինչ-որ բան ստորագրելու, և վերջին պահին այն խափանվել է։ Այսօր առավել ևս այդ սցենարն առավել քան երբևէ հնարավոր է»,- ասաց նա։

Սկակովի կարծիքով, ադրբեջանական կողմն բոլոր իր նպատակներին հասնում է ուժի գործադրմամբ, և նույնիսկ բարդ է ասել, թե ինչ պետք է բանակցեն կողմերը։ «Թերևս, հարցը մնում է Հայաստան-Ադրբեջան բանակցությունների տիրույթում, մնացած հարցերը սղվել են»,- նկատեց նա։

Տեսանյութեր

Լրահոս