Ընդհանուր գնաճային միջավայրը մնում է բարձր. ԿԲ նախագահի ասուլիսը՝ ՈւՂԻՂ
2023 թ. մայիսի 2-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 10.75 տոկոս՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:
«2023 թվականի մարտին 12-ամսյա գնաճը կտրուկ նվազել է և ամսվա վերջին կազմել 5.4 տոկոս: 2023 թվականի 1-ին եռամսյակում պահպանվել են համաշխարհային և ՀՀ հիմնական գործընկեր երկրների տնտեսական աճի դանդաղ տեմպերը։
ՀՀ գործընկեր երկրներում 12-ամսյա գնաճը շարունակում է նվազել, սակայն պահպանվող բարձր պահանջարկի և աշխատաշուկայից ածանցվող ճնշումների ազդեցությամբ՝ ընդհանուր գնաճային միջավայրը մնում է բարձր, ուստի գործընկեր երկրների կենտրոնական բանկերն առաջիկայում կշարունակեն խստացնել դրամավարկային պայմանները»,- տնտեսական հիմնական միտումներին անդրադառնալով՝ նշեց ԿԲ նախագահը:
ԿԲ նախագահն արձանագրեց նաև՝ 2023թ. սկզբին Հայաստանի տնտեսությունում պահպանվել է բարձր ակտիվությունը, որին նպաստել է ծառայությունների և շինարարության ոլորտներում արձանագրված բարձր աճը։
«Իրականացված զսպող դրամավարկային քաղաքականության, դրամի արժևորման և արտաքին հատվածից գնաճային ազդեցությունների թուլացման արդյունքում՝ 12-ամսյա գնաճը ՀՀ-ում նվազում է, այնուամենայնիվ, բարձր պահանջարկը և գնաճային սպասումները դեռևս շարունակում են նպաստել աշխատավարձերի և առանձին ապրանքախմբերում ու ծառայություններում բարձր գնաճի պահպանմանը»,- հավելեց նա:
Մարտին Գալստյանը վստահեցրեց, որ ԿԲ խորհուրդը հետևողական է լինելու համարժեք գործողություններով ապահովելու պահանջարկի կարգավորում և գնաճային սպասումների կայունացում. «Դրամավարկային քաղաքականության նախանշված սցենարում 12-ամսյա գնաճն արագորեն կնվազի, առաջիկայում կձևավորվի նպատակային ցուցանիշից ցածր և միջնաժամկետում կկայունանա նպատակային 4 տոկոս ցուցանիշի շուրջ: ԿԲ խորհուրդը գնահատում է, որ նախանշվածից գնաճից շեղման ռիսկերը հիմնականում հավասարակշռված են»: