![](/banners/BeFunky-design.jpg)
Հնդկաստանի հյուսիսում անհայտ ծագման գազի արտահոսքի հետևանքով 11 մարդ է մահացել, 4-ը` հոսպիտալացվել
![](https://168.am/wp-content/uploads/2023/04/at_least_11_dead_4_hospitalized_in_gas_leak_in_northern_india_1682848278144_v4.thumb_.jpg)
Հնդկաստանի հյուսիսային Փենջաբ նահանգում այսօր գազի արտահոսքի հետևանքով 11 մարդ մահացել է, ևս 4-ը` հոսպիտալացվել։ Գրել է Associated Press-ը` հղում անելով տեղական լրատվամիջոցներին։
Միջադեպը տեղի է ունեցել Լուդիանա քաղաքի արդյունաբերական տարածքում, սակայն գազի արտահոսքի աղբյուրը դեռևս պարզ չէ, ոստիկանությունը հայտնել է Press Trust of India լրատվական գործակալությանը:
Հնդկաստանի աղետների արձագանքման ազգային ուժերը փակել են խիտ բնակեցված տարածքն ու տարհանել բնակիչներին:
Իշխանությունները փորձում էին պարզել արտահոսքի գազի տեսակը, PTI-ն մեջբերում է աղետի արձագանքման ուժերի պաշտոնյաների խոսքերը:
Լուդիանայի փոխհանձնակատար Սուրաբի Մալիկը լրատվական գործակալությանը հայտնել է, որ գուցե գազը տարածվել է դիտահորերից։ «Պատրաստվում ենք դիտահորերից նմուշներ հավաքել։ Շատ հավանական է, որ դիտահորերում ինչ-որ քիմիական նյութ ռեակցիա է ունեցել մեթանի հետ»,- ասել է նա:
Նահանգի գլխավոր նախարար Բհագվանտ Մանն իր թվիթերյան էջում գրել է, որ արտահոսքը տեղի է ունեցել գործարանից՝ ավել մանրամասներ չի հայտնելով։ «Ամբողջ հնարավոր օգնությունը ցուցաբերվում է»,- գրել է նա։