Հայաստանում ստեղծվում է ջրային պարեկային ծառայություն՝ Սևանա լճում պարեկություն իրականացնելու համար
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց որոշման նախագծի, որով Հայաստանում Ոստիկանության պարեկային ծառայության կազմում կստեղծվի ջրային ստորաբաժանում, ջրային պարեկները կատարելու են նավավարի սթափության վիճակի զննության, լողամիջոցի զննման և մի շարք այլ գործառույթներ, արձագանքելու են ձկնագողության դեպքերին:
«Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին հարցը կառավարության նիստում ներկայացրեց ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։
«Նախագծերը նախատեսված են Ոստիկանության պարեկային ծառայության կազմում ջրային ստորաբաժանման ստեղծման համար գործառութային անհրաժեշտ նախադրյալներ ապահովելու նպատակով, որն իր բնույթով նոր ձեռագիր կապահովի բոլոր առումներով անվտանգ ու ապահով Սևանա լիճ ունենալու տեսլականի հարցում: Ջրային պարեկները լինելու են ունիվերսալ ծառայություն իրականացնողներ: Ջրային պարեկությունը լինելու է դասական պարեկի լրացուցիչ ֆունկցիան: Այսինքն՝ մասնագիտացված պարեկների թիմում ընդգրկված պարեկներն ըստ անհրաժեշտության պարեկություն իրականացնելու են նաև ցամաքային հատվածում, Գեղարքունիքի պարեկային ծառայությանը վերապահված այլ գործառույթներ»,-ասաց Վահե Ղազարյանը:
Պարեկային ծառայության ջրային ստորաբաժանմանը վերապահվելու են մի շարք գործառույթներ: Մասնավորապես նախատեսվել են կարգավորումներ՝ ջրային փոխադրամիջոցների շահագործման պահանջների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելիս համապատասխան փաստաթղթերի ստուգման, նավավարների սթափության վիճակի զննության, լողամիջոցը վարելուց ոչ սթափ վիճակում գտնվող անձանց մեկուսացնելու, հրդեհային անվտանգության կանոնների պահպանման, ստուգման, լողամիջոցի զննման, օրենքով նախատեսված որոշ հիմքերով լողամիջոցի շահագործումն արգելելու և վերջին դեպքում լողամիջոցը տեղափոխելու կամ այլ անձի հանձնելու վերաբերյալ:
Նախարարը նշեց նաև, որ նշվածներն առանձնահատուկ լիազորություններ են: «Դրան զուգահեռ ջրային պարեկները Ոստիկանության առջև դրված խնդիրների իրականացման շրջանակում բնականաբար արձագանքելու են նաև վարչական այլ իրավախախտումների, հանցագործությունների: Խոսքը հատկապես վերաբերվում է Սևանա լճի ավազանում ձկնագողության դեպքերին»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ ջրային պարեկների ներկայությունն անգամ մեծ կանխարգելիչ նշանակություն կունենա:
Պարեկային ծառայության ջրային ստորաբաժանումը կգործի վաշտի կարգավիճակով, նախնական՝ 95 հաստիքի միավորով՝ ներառյալ տեխնիկական անձնակազմը: Նշված ստորաբաժանումը կունենա 4 հենակետեր՝ «Շողակաթ հանրային», «Արծվանիստ», «Գեղամա լողափ», «Թերակղզի հանրային»՝ ստատիկ և մոդուլային շենքային պայմաններով:
Առաջիկա օրերին կամփոփվեն նաև ջրային փոխադրամիջոցների համար հայտարարված մրցույթի արդյունքները: Արդեն մեկնարկել են ջրային ստորաբաժանման համար դիմած դիմորդների՝ լողալու, սուզվելու և այլ համանման կարողությունների ստուգման գործընթացը, ամռանը նաև պրակտիկա կկազմակերպվի Սևանա լճի տարածքում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ այս աշնանն ավարտվում է ողջ հանրապետությունում պարեկային ոստիկանության ներդրման գործընթացը: «Հընթացս պետք է լուծենք նաև Սևանա լճի հարցը, որովհետև Սևանա լիճն, ըստ էության, Հանրապետության միակ տարածքն էր, որտեղ Պարեկային ոստիկանությունը ծառայություն չէր իրականացնելու: Եվ դրա համար մենք որոշեցինք նաև ջրային պարեկային ոստիկանություն ստեղծել»,-ասաց Փաշինյանը:
Անդրադառնալով տեխնիկային՝ վարչապետն ասաց, որ արդեն իսկ հայտարարված է մրցույթ, նպատակն է ունենալ առափնյա ծառայության համար լավագույն տեխնիկան, միջազգային գործընկերների աջակցության կարիքը կա՝ մոտորանավակներ ձեռք բերելու համար: Այս ընթացքում ՆԳՆ-ի կողմից ձեռք կբերվեն սկուտերներ: Մինչև մոտորանավակների ձեռքբերումը Ջրային ծառայությունը կիրականացնի սկուտերներով:
Այս ծառայությամբ կծածկվի Սևանա լճի ողջ մակերեսը, առափնյա հատվածում ևս ծառայություն են իրականացնելու՝ հասարակական կարգի պահպանության առումով: