Փաշիկ Ալավերդյանն ամփոփել է հայ ծանրորդների արդյունքները Եվրոպայի երևանյան առաջնությունում
Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը Երևանում կայացած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում հայ ծանրորդների գրանցած արդյունքները որակում է փառահեղ:
«Եթե հիշում եք, երբ որոշվեց, որ Երևանում պետք է անցկացվի Եվրոպայի առաջնությունը, ես դեմ էի, ինչի համար ունեի շատ պատճառներ: Ոչ թե վախենում էի պարտությունից կամ ինչ-որ ուրիշ բանից, այլ ելնում էի մեր պետության վիճակից: Արդյոք մեր երկիրն ունա՞կ է նման ծախսերի: Բայց այս թերությունները կարողացանք նվազագույնի հասցնել: Մենք փառքով ու պատվով ավարտեցինք առաջնությունը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ալավերդյանը:
Հավաքականի գլխավոր մարզիչն, ամփոփելով մարզիկների ելույթները, բարձր գնահատեց այն հանգամանքը, որ Հայաստանի տղամարդկանց հավաքականի 10 անդամներն էլ մեդալակիրներ դարձան։
«Տղաների ելույթը փառահեղ էր: Այս մրցումներին երիտասարդ 3 մարզիկ միացավ հավաքականին։ Իմ աշխատելաոճն է այդպիսին` սերնդափոխությունը կատարել այնպես, որ արդյունքների վրա դա զգացնել չտա»,-ասաց նա:
Մասնագետի վերլուծությամբ՝ երիտասարդ ծանրորդ, Եվրոպայի չեմպիոն Գոռ Սահակյանի հաղթանակը պատահական չէ․ նա երիտասարդների ԵԱ-ի ու ԱԱ-ի մրցանակակիր ու հաղթող է, օժտված է մարդկային բարձր հատկանիշներով:
«Սիմոն Մարտիրոսյանն էլ այն մարզիկներից է, որ կարող է ցանկացած կիլոգրամ բարձրացնել, եթե կարգապահ ու աշխատասեր լինի, եթե վնասվածքները նրան չխեղդեն: Ինչ վերաբերվում է Անդրանիկ Կարապետյանին, ապա իր քաշային կարգում նրա բարձրացրած կիլոգրամներին մոտ կանգնած մարդ չկա»,-ասաց նա:
Անդրադառնալով Հայաստանի կանանց հավաքականի արդյունքներին` Ալավերդյանը շեշտեց, որ ինքը գոհ է աղջիկների կատարած աշխատանքից: Ինչ վերաբերվում է Հռիփսիմե Խուրշուդյանի ելույթներին՝ ապա, ըստ Ալավերդյանի, նա ապացուցեց, որ կարող է վերադառնալ և արդյունք գրանցել:
Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնության նախապատրաստաակն փուլը կսկսի հունիս ամսից:
Փարիզի Օլիմպիական խաղերի համար Հայաստանի ծանրամարտի հավաքականը կմասնակցի 6 մարզիկով, 3 ծանրորդ տղամարդկանց, 3-ը՝ կանանց հավաքականից։