2022 թվականին ԶԱՀ-ի շահառու է դարձել 411, 2023-ի առաջին եռամսյակին՝ 52 զինծառայող
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամում միայն 2022թ․ շահառու է դարձել 411 զինծառայող, մինչդեռ 2023թ․ 1-ին եռամսյակին՝ 52 զինծառայող։ Հիմնադրամն այսուհետ կկրի ԶԻՆԱՊԱՀ անվանումը:
Այս մասին ապրիլի 26-ին կայացած Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի (ԶԱՀ) մամլո ասուլիսին հայտարարեցին ԶԱՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Իրինա Սեյլանյանը և գլխավոր գործադիր տնօրեն Կարինե Սարգսյանը:
Սեյլանյանը ներկայացրեց հիմնադրամի երկարաժամկետ զարգացման ուղին՝ հիշեցրեց, որ ԶԻՆԱՊԱՀ-ը ստեղծվել է 2017 թվականին՝ հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված կամ անհայտ բացակայող ճանաչված զինծառայողների ընտանիքներին և 1-ին և 2-րդ խմբի զինհաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների կայուն ֆինանսական հատուցումներ տրամադրելու նպատակով՝ հանուն ապագա սերունդների խաղաղության ու անվտանգության:
«ԶԻՆԱՊԱՀ-ը կդառնա Զինծառայողի ապահովագրության հիմնադրամի նոր անունը՝ խորհրդանշելով զենք պահող և հայրենիքի սահմանները պաշտպանող մեր քաջ արծիվներին, ովքեր նույնիսկ մեկ վայրկյան չպետք է վարանեն, որ ազգովի ենք ապավեն լինելու իրենց և իրենց ընտանիքներին»,-ասաց Սեյլանյանը:
Կարինե Սարգսյանը նշեց, որ իրենց առաքելությունն է համախմբել ազգին՝ կանգնելու զինծառայողների և նրանց ընտանիքների կողքին՝ ապահովելու նրանց ֆինանասկան կայունությունը և արժանապատիվ կյանքը:
Նա ներկայացրեց 2022-ի տարեկան և 2023-ի 1-ին եռամսյակի հաշվետվությունները, նշելով, որ 2017-2022 թվականներին ԶԱՀ-ը հատուցում է տրամադրել 5,090 շահառուների։
«2017-2022 թվականներին ԶԱՀ-ի եկամուտները պարտադիր վճարներից կազմել է ավելի քան 95 մլրդ ՀՀ դրամ, եկամուտները նվիրաբերություններից՝ ավելի քան 9 մլրդ ՀՀ դրամ, եկամուտները ակտիվների կառավարումից՝ ավելի քան 10 մլրդ ՀՀ դրամ։ Կատարվել են հատուցումներ 70,9 մլրդ ՀՀ դրամի չափով։ 2022-ի ԶԱՀ-ի եկամուտները պարտադիր վճարներից կազմել է ավելի քան 35 մլրդ ՀՀ դրամ, եկամուտները նվիրաբերություններից՝ ավելի քան 0,5 մլրդ ՀՀ դրամ, եկամուտները ակտիվների կառավարումից՝ ավելի քան 3 մլրդ ՀՀ դրամ։ Կատարվել են հատուցումներ 16,8 մլրդ ՀՀ դրամի չափով»,-ներկայացրեց նա։
Նա կարևորեց, որ 2023-ի 1-ին եռամսյակին ԶԱՀ-ի եկամուտները պարտադիր վճարներից կազմել է ավելի քան 10,5 մլրդ ՀՀ դրամ, եկամուտները նվիրաբերություններից՝ ավելի քան 0,1 մլրդ ՀՀ դրամ, եկամուտները ակտիվների կառավարումից՝ ավելի քան 1,1 մլրդ ՀՀ դրամ։ Կատարվել են հատուցումներ 3,9 մլրդ ՀՀ դրամի չափով։
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը (նախկինում 1000+) այսուհետ ներկայանալու է հանրությանը ԶԻՆԱՊԱՀ անվամբ՝ խորհրդանշելով զենք պահող և հայրենիքի սահմաններն ամուր պահող մեր քաջ արծիվներին: