Լիբիայի բանակը փակել է Սուդանի հետ սահմանը
Լիբիայի ազգային բանակն այսօր փակել է Սուդանի հետ սահմանը՝ հարևան երկրում բանակի և «Արագ արձագանքման ուժերի» (հատուկ ջոկատներ) միջև շարունակվող բախումների պատճառով։
«Լիբիայի բանակը որոշում է ընդունել փակել Սուդանի հետ սահմանը, ինչպես նաև օգնական ուժեր է ուղարկել Քուֆրա քաղաք (խմբ.՝ երկրի հարավ-արևելքում, Սուդանի հետ սահմանից ոչ հեռու)՝ մոբիլիզացնելով իր ուժերը տարածաշրջանում», – մեջբերում է Al-Marsad տեղեկատվական հարթակը Լիբիայի զինված ուժերի գլխավոր հրամանատարության իր աղբյուրի խոսքը։
Երկրների միջև պետական սահմանի երկարությունը 382 կմ է, Լիբիայի տարածքն այս տարածաշրջանում օգտագործվում է զինված խմբավորումների և քրեական հրոսակախմբերի կողմից, որոնք զբաղվում են մաքսանենգությամբ և մարդկանց վաճառքով։ Սահմանային անցակետը գտնվում է Լիբիայի ազգային բանակի վերահսկողության ներքո:
Սուդանում իրադրությունը սրվել է բանակի հրամանատար Աբդել Ֆաթթահ ալ Բուրհանի և «Արագ արձագանքման ուժերի ղեկավար Մուհամեդ Համդան Դագալոյի (Հեմեթի) միջև տարաձայնությունների պատճառով: Երկրի երկու ռազմական կառույցների միջև հիմնական հակասությունները կապված են Սուդանի միացյալ զինված ուժերի ձևավորման ժամկետների և մեթոդների հարցերի հետ, ինչպես նաև այն հարցի հետ, թե ով պետք է դառնա բանակի գլխավոր հրամանատարը՝ պրոֆեսիոնալ զինվորականը, որին կողմ է ալ Բուրհանը, թե՞ ընտրված քաղաքացիական նախագահը, որին կողմ է Դագալոն:
Ապրիլի 15-ին նշված երկու կառույցների միջև սկսվել են բախումներ Մերովե քաղաքի ռազմակայանի մերձակայքում և Խարթումում։ Սուդանի առողջապահության նախարարության տվյալներով՝ մարտերի սկսվելուց ի վեր երկրում զոհվել է ավելի քան 600 մարդ։ Իր հերթին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է, որ հակամարտության զոհ է դարձել 459 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 4 075-ը: