
ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Ռուսաստանը, ԵՄ-ն, պատրա՞ստ են երաշխավորել Ադրբեջանի հետ կնքվելիք խաղաղության պայմանագրի կատարումը. Մարուքյան

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը գրառում է կատարել՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում ապօրինաբար տեղադրված անցակետին, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հավանբական խաղաղության պայմանագրի կնքմանը:
«Ադրբեջանը, խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ համաձայնագիրը, անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքում։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Ռուսաստանը, ինչպես նաև ԵՄ-ի Ժոզեֆ Բորելը (Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ) իրենց մտահոգություններն են հայտնել այս առնչությամբ։
Հետաքրքիր է, որ բոլոր այս 3 երկրները և ԵՄ-ն կողմերին կոչ են անում համաձայնության գալ և խաղաղության պայմանագիր կնքել։ Այստեղ մի կարևոր հարց է առաջանում, եթե Ադրբեջանը շարունակաբար խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությունը, ապա որո՞նք են Հայաստանի երաշխիքները, որ (Ադրբեջանը) չի խախտի նաև ստորագրված խաղաղության պայմանագիրը։ Միջազգային հանրության նույն անդամները՝ ԱՄՆ-Ն, Ֆրանսիան, Ռուսաստանը, ԵՄ-ն, պատրա՞ստ են երաշխավորել Ադրբեջանի հետ կնքվելիք խաղաղության պայմանագրի կատարումը», – գրել է Մարուքյանը։