Լարսը բացվել է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար
Լարսը բացվել է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար 17:23, 24 Ապրիլ 2023
ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաց-ռուսական սահման տանող ճանապարհին բացվել է երթևեկությունը կցորդիչով և կիսակցորդիչով ավտոտրանսպորտի համար: Նման հայտարարություն է տարածել Վրաստանի տարածաշրջանների զարգացման նախարարության ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Sputnik գործակալության վրացական ծառայությունից:
Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածում ձյան տեղումների պատճառով ապրիլի 24-ի գիշերը սահմանափակվել էր մեծ բեռնատարների երթևեկությունը։ Սահմանափակման վերացումը հնարավոր է դարձել մաքրման աշխատանքներ իրականացնելուց հետո։
Մլեթա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի հատվածներում տրանսպորտը շարժվում է շարունակական ռեժիմով, իսկ Գուդաուրի-Կոբի ճանապարհին՝ միայն ձնահյուսերից պաշտպանված թունելներով։
Կցորդիչով և կիսակցորդիչով մեքենաների, ինչպես նաև 30 նստատեղից ավելի տարողությամբ ավտոբուսների անցումը թունելներով կիրականացվի միայն միակողմանի ռեժիմով։
Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս կենտրոնական ավտոմայրուղին, այսպես կոչված` Ռազմավիրական ճանապարհը, ներկայում միակ ցամաքային ճանապարհն է, որը Վրաստանն ու Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ։ Իսկ «Կազբեգի-Վերին Լարս» մաքսակետն այսօրվա դրությամբ միակ գործող մաքսակետն է Վրաստանի և Ռուսաստանի ցամաքային սահմանի վրա։