
Պետք է դյուրացվի միջազգային կազմակերպությունների մուտքը Լեռնային Ղարաբաղի տարածք. Ջուլիո Սենտեմերո

Պետք է դյուրացվի միջազգային կազմակերպությունների մուտքը Լեռնային Ղարաբաղի տարածք՝ անհրաժեշտ մարդասիրական օգնության համար: Այս մասին հայտարարել է Իտալիա-Հայաստան բարեկամության խորհրդարանական խմբի նախագահ Ջուլիո Սենտեմերոն: Հայտարարությունն ամբողջությամբ հրապարակվել է Իտալիայում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջում:
Հայտարարության մեջ նշվում է, որ 1915 թվականին Օսմանյան կայսրության տարածքում տեղի ունեցած Հայոց Ցեղասպանությունը ճանաչվել է Իտալիայի խորհրդարանի կողմից: Նա ցավով նկատել է, որ նույնիսկ այսօր նույն ժողովուրդը դեռևս հումանիտար ճգնաժամի մեջ է՝ ինքնակոչ բնապահպանների ցույցերի հետեւանքով Լաչինի միջանցքի փակման պատճառով։
«Այս առնչությամբ Արդարադատության միջազգային դատարանը փետրվարի 22-ին հայտնել է իր կարծիքը՝ կարգադրելով, որ Ադրբեջանը համաձայնագրով ստանձնած պարտավորություններին համապատասխան՝ օգտագործի իր տրամադրության տակ գտնվող բոլոր միջոցները՝ երաշխավորելու մարդկանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով երկու ուղղություններով՝ առանց խոչընդոտների։ Մինչ օրս դեռ ոչինչ չի արվել»,- նշել է Ջուլիո Սենտեմերոն:
Նա հույս է հայտնել, որ խաղաղ բանակցությունները կվերսկսվեն՝ ապահովելով այս «բազմաչարչար բնակչության իրավունքներն ու անվտանգությունը վերջնական եւ մշտական ձևով»։
«Պետք է դյուրացվի միջազգային կազմակերպությունների մուտքը Լեռնային Ղարաբաղի տարածք՝ անհրաժեշտ մարդասիրական օգնության համար»,- եզրափակել է Իտալիա-Հայաստան բարեկամության խորհրդարանական խմբի նախագահը: