Բաժիններ՝

Թուրքիայում «Կանաչների ձախ» կուսակցության անդամները Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառում են անցկացրել

Թուրքիայում գործող «Կանաչների ձախ» կուսակցության անդամները Ստամբուլի Քուրթուլուշ թաղամասում (հին անվանումը Թաթավլա), որտեղից 108 տարի առաջ սկսել է հայերի Ցեղասպանությունը, Ցեղասպանության օրվան նվիրված հիշատակի միջոցառում են անցկացրել։

Այս մասին հայտնում է sendika.org-ը։

Միջոցառմանը ելույթ է ունեցել «Կանաչների ձախ» կուսակցության պատգամավորի թեկնածու, 1915 թվականի Հայոց ցեղասպանության կազմակերպիչ Ջեմալ փաշայի թոռ Հասան Ջեմալը։

«Սիրելի Հրանտ Դինքի ցավն է ինձ այստեղ բերել։ Սիրելի Հրանտ Դինքի ցավն ինձ ծանոթացրեց սիրելի հայ ժողովրդի ցավին։ Հրանտ Դինքի շնորհիվ ես սկսեցի հասկանալ այս հողի առհասարակ ոչ լավ էջերը։ 2017 թվականին գրածս գիրքը կրում է 1915 թվականի Հայոց ցեղասպանություն անունը, և ինչպես ասացի, Հրանտ Դինքի ցավը եղել է նաև գիրքը գրելու ժամանակ։ Ես այսօր այստեղ եմ՝ կիսելու իմ հայ եղբայրների ցավը»,- ասել է Հասան Ջեմալը։

Նրա ելույթից հետո կուսակցության մեկ այլ անդամ Անի Քալքը ներկայացրել է կուսակցության Շիշլիի գրասենյակի հայտարարությունը։

«Ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերն էր։: Օսմանյան կառավարությունը «Միություն և առաջադիմության» գլխավորությամբ մի ժողովրդի բնաջնջման ուղղությամբ այստեղ արեց առաջին քայլը։ Նրանք մեծ օպերացիան սկսեցին այս շրջանից, որը հետագայում կոչվեց Քուրթուլուշ, իսկ հին անունը Թաթավլա էր։ Հրամայվել էր անհապաղ ձերբակալել այդ ժամանակաշրջանի մայրաքաղաք Ստամբուլում բնակվող հայ համայնքի մոտ 250 մտավորականների, հասարակական կարծիքի առաջնորդների, գրողների, լրագրողների, արվեստագետների և գործարարների։ Թաթավլան այն շրջանն էր, որտեղ նախաձեռնվել և ամենաշատն են իրականացվել այս ձերբակալությունները։ Ձերբակալությունները շարունակվել են հաջորդ օրերին։ 24 ժամվա ընթացքում ավելի քան 2000 մարդ, այդ թվում՝ Ստամբուլի նշանավոր հայեր, արտաքսվել են։ Միաժամանակ ամբողջ Անատոլիայում սկսվել է հարկադիր տեղահանություն, որի նպատակն էր արտաքսել հայերին իրենց տներից։ Անատոլիական հողերը հազարավոր տարիներ իրենց տունը դարձրած հայ ժողովուրդը տարագրության անվան տակ իր հայրենիքից վտարվելով՝ մահվան էր ճամփորդվում նրանց կողմից, ովքեր եկել են այդ տարածքներ նրանցից հազարավոր տարիներ հետո»,-ասվում է հայտարարության մեջ։

«Թշնամության, ատելության և կոտորածի վրա կառուցված հասարակությունները, փախչելով ճշմարտությունից և վախենալով առերեսվել իրենց անցյալին, չեն կարող քայլել դեպի գեղեցիկ ապագա: Հնարավո՞ր է միասին խաղաղ ապրել մի երկրում, որտեղ հասարակության մի մասն անընդհատ անհանգստանում է անվտանգության համար։ Այս երկիրն այժմ պետք է առերեսվի իր պատմության հետ։ Պետք է վերջ տալ թշնամանքի և ատելության քաղաքականությանը, և ռասիզմը չպետք է հանդուրժվի»,-հավելել է Քալքը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս