
Վրաստանը կուժեղացնի աշխատանքը միջուկային և ռադիացիոն անվտանգության ոլորտում

Վրաստանի Խորհրդարանը քննարկում է «Վրաստանում միջուկային և ռադիացիոն անվտանգության մասին» նոր օրինագիծը, որը մշակվել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հանձնարարականներին համապատասխան: Օրենսդիր մարմնում ելույթի ժամանակ նման հայտարարություն է արել շրջակա միջավայրի պահպանման և գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիան։
Շամուգիայի խոսքով՝ հիմնական նպատակը միջուկային և ռադիացիոն անվտանգության ազգային համակարգերի հզորացումն է։
«Այս առաջընթացը ճանաչվել է ինչպես մեր միջազգային գործընկերների, այնպես էլ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից: ԵՄ-ի աջակցությամբ մենք կրկին համակարգային քայլեր ենք ձեռնարկում ռադիոակտիվ թափոնների կառավարման ուղղությամբ», – հայտարարել է Շամուգիան:
Վրաստանում «Միջուկային և ռադիացիոն անվտանգության մասին» օրենքն ընդունվել է 2012թ.-ին:
Օրենքն արգելում է ռադիոակտիվ թափոնների տարանցումը Վրաստանի տարածքով, ինչպես նաև դրանց ներմուծումը։ Ինչ վերաբերում է արտահանմանը, ապա այն թույլատրելի է միայն պետական հատուկ թույլտվության հիման վրա։
«Ռադիացիոն վթարի դեպքում, որը կարող է ռադիացիոն աղտոտման վտանգ առաջացնել Վրաստանի սահմաններից դուրս, կառավարությունը պարտավոր է անհապաղ տեղեկացնել Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը։
2015 թ. դեկտեմբերին միջուկային անվտանգության շուրջ Հաագայի գագաթնաժողովի 2014 թվականի մարտի 25-ին ընդունված կոմյունիկեի հիման վրա Վրաստանը Ռուսաստանին է վերադարձրել բարձր հարստացված ուրան։ Այժմ երկիրն իր տարածքում չունի բարձր հարստացված ուրանի պաշարներ։
Ավելի վաղ Վրաստանում իրենց աշխատանքում ուրանն օգտագործել են Թբիլիսիի Իզոտոպների ինստիտուտը և Վրաստանի Գիտությունների ակադեմիայի` մայրաքաղաքի արվարձանում գտնվող հետազոտական միջուկային ռեակտորը։ Ռեակտորի աշխատանքը դադարեցվել է 1990 թվականին։