«Ո՞վ է Գուրգեն Արսենյանը՝ բոլոր իշխանություններին տարբեր ծառայություններ մատուցած անձ, իսկ Փաշինյանին ընդամենը մեկ հարց պետք է տալ». Դավիթ Գալստյան

Ապրիլի 20-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանն արձագանքել էր Արցախի Հանրապետության ԱԺ խմբակցությունների տարածած այն հայտարարությանը, որ ՀՀ իշխանությունն արցախահայության անվտանգության հարցը չպետք է տարանջատի ինքնորոշման իրավունքից։

«Կարծում եմ, այնուամենայնիվ, իմ ելույթն ինչի մասին էր, ես ընդհանրապես ձեզ էլ, մեզ էլ, բոլորիս էլ խնդրում եմ և ակնկալում հետևյալը, մենք պետք է հարցը հասկանանք, հարցերի մեջ խորանանք։ Եթե մենք հարցի բովանդակությունը խորությամբ չենք ըմբռնում, անընդհատ սխալներ ենք գործում և գործել ենք։ Ես Արցախի ԱԺ կարծիքներին ուշադիր հետևում եմ, գնահատում եմ և հարգանքով եմ վերաբերվում, բայց իմ ասածը ուրիշ բան է»,- նշել էր Նիկոլ Փաշինյանը։

Ճշտող հարցին՝ Արցախի ԱԺ խմբակցություններն իր հայտարարությունը սխա՞լ են հասկացել, Նիկոլ Փաշինյանը պատասխանել էր, որ սովորաբար սխալ են հասկանում, և չի բացառվում, այս անգամ էլ են սխալ հասկացել։

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցից հետո «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանն ԱԺ ամբիոնից ևս անդրադարձավ Արցախի ԱԺ խմբակցությունների տարածած հայտարարությանը՝ ընդգծելով՝ Արցախից եկող հայտարարություններն իրենց համբերությունը հատում են, ավելին՝ «Արցախում ոչինչ չեն անում, բայց իրենցից պահանջում են»։

Կարդացեք նաև

168.am հետ զրույցում Արցախի Հանրապետության «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի և իր թիմակիցների հայտարարություններին՝ նկատեց.

«Սկսենք նրանից, թե ով է նման հայտարարություն արել, և ո՞վ է Գուրգեն Արսենյանը՝ բոլոր իշխանություններին տարբեր ծառայություններ մատուցած անձ, ով այսօր Նիկոլ Փաշինյանին է ծառայություններ մատուցում։ Եթե ՀՀ իշխանությունը չխոսեր Արցախի մասին, այն էլ՝ Արցախը որպես Ադրբեջանի մաս ճանաչելու մասին, ապա Արցախից նման արձագանք չէր լինի։ Բայց երբ մարդիկ հայրենիքի արժեքը չգիտեն, և իրենց համար միակ շարժիչ ուժն իրենց բիզնեսների ծաղկուն լինելն է, ապա նման մարդկանց պետք է հեռու պահել ազգի կառավարչական կամ քաղաքական ասպարեզից։ Նման մարդիկ հայրենիքը մասնատելով, վաճառելով՝ իրենց սեփական բիզնեսն ու բարեկեցությունն են միայն ապահովում, մոռանալով պետական շահը։ Այդ մարդկանց հայտարարություններին արձագանքել կարծում եմ՝ չարժե»,- նշեց Դավիթ Գալստյանը։

Խոսելով Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին, որ հայկական կողմը 2007 թվականից Մադրիդյան սկզբունքներով Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս, Դավիթ Գալստյանն ասաց, որ եթե Նիկոլ Փաշինյանը ճիշտ է ասում, ապա ինչո՞ւ Ադրբեջանը հրաժարվեց այդ սկզբունքներից։

«Նիկոլ Փաշինյանին պետք է մեկ հարց տալ՝ եթե Մադրիդյան սկզբունքները հայանպաստ չէին, ապա ինչո՞ւ հենց Ադրբեջանը հրաժարվեց։ Ինչո՞ւ Ադրբեջանը փաստաթուղթը չստորագրեց, եթե Փաշինյանը կարողանա այս ամենը բացատրի, ուրեմն՝ կասենք, որ չի մանիպուլացնում։ Բայց հստակ է, որ Փաշինյանը մանիպուլյացիոն հնարքներով փորձում է ժողովրդին շեղել իրականությունից»,- հավելեց Դավիթ Գալստյանը։

Հիշեցնենք, որ առաջին անգամ չէ, որ Գուրգեն Արսենյանը նման ատելությամբ է  արտահայտվում արցախահայության նկատմամբ։ Այս տարվա փետրվարին նա կրկին ԱԺ ամբիոնից հայտարարել էր, որ «չեն կարող ռիսկի ենթարկել 3 մլն հային՝ հանուն 120 հազար արցախահայերի», այնուհետև փորձել էր իր հայտարարությունը սրբագրել։

Տեսանյութեր

Լրահոս