Գուրգեն Արսենյանի «արդարացումները» կամ դուբլ-2
Փետրվարի 3-ին, երբ ԱԺ-ում «Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել էր հանրային լսումներ՝ Լաչինի միջանցքը փակելու հարցով ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից մասնակցում էր միայն Գուրգեն Արսենյանը։ Նա հենց ամբիոնից իր ելույթում հայտարարեց, որ չեն կարող ռիսկի ենթարկել 3 մլն հայի՝ հանուն 120 հազար արցախահայերի։
Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Գուրգեն Արսենյանը փորձեց մաքրագրել իր ասածները և արդարանալ, ինչպես ՔՊ-ականների գերակշիռ մասը, այնպես էլ նա՝ փորձեց մեղադրել, որ իր ասածները լավ չեն հասկացել։
«Ես ՀՀ պատգամավոր եմ, ընտրվել եմ Հայաստանի քաղաքացիների կողմից, ընտրվել եմ մի քաղաքական թիմի կազմում, որի առաջնային խնդիրը Հայաստանի պետական շահերի սպասարկումն է»,- շեշտեց նա։
Հարցին՝ դրա մեջ Արցախը մտնո՞ւմ է, Գուրգեն Արսենյանը խուսափեց ստույգ պատասխան տալ և շարունակեց նախորդ միտքը՝ ասելով, թե կատարում է իր աշխատանքը՝ սպասարկելով ՀՀ շահերը, և պաշտպանում ժողովրդի շահերը։
Հաջորդ հարցին՝ պատրա՞ստ է կրկնելու ԱԺ ամբիոնից իր արած հայտարարությունը, իշխանական պատգամավորը պատասխանեց.
«Ես շարունակում եմ պնդել, որ Հայաստանը 3 մլն բնակչություն ունի, շարունակում եմ պնդել, որ ինձ համար առաջնայինը Հայաստանի պետական շահերի սպասարկումն է»։
Ճշտող հարցին՝ իսկ Արցախի 120 հազար ժողովո՞ւրդը, Գ. Արսենյանը պատասխանեց.
«Արցախի 120 հազար ժողովուրդը, որը շրջափակված է, դա մտնում է ՀՀ պետական շահերի կոմպլեքսի մեջ, ես արդեն ասացի՝ առաջինը և առաջնահերթը ՀՀ պետական շահերի սպասարկումն է»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում