«Չի բացառվում, որ արտաշիրմում լինի». փաստաբանը՝ զինվորական կացարանում զոհված 15 զինվորի գործի մասին
«Որպես քաղաքացի՝ ինձ զարմացնում է այս համառությունը, ի՞նչն է պատճառը, որ գործադիր իշխանության ղեկավարը և Պաշտպանության նախարարը խուսափում են զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպումից»,- այսօր Կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Ազատ գյուղում տեղակայված կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների գործով փաստաբան Նորայր Նորիկյանը:
Նրա խոսքով՝ քննությունը որևէ կապ չունի և չի կարող որևէ ձևով խոչընդոտ հանդիսանալ, որպեսզի Փաշինյանն ու Պապիկյանը հանդիպեն զոհվածների հարազատներին.
«Իսկ որպես մարդ, որպես ՀՀ քաղաքացի՝ կարծում եմ, որ ցանկացած իշխանություն, ցանկացած վարչապետ, ցանկացած Պաշտպանության նախարար, ով ուզում է լինի, Հայաստանի Հանրապետությունում զինվոր կորցրած ծնողի հետ 1 բառ ունի խոսելու՝ գալ, ներկայանալ, ծնկաչոք ներողություն խնդրել և հայցել ծնողի ներողամտությունը:
Հիմա իրենք, փոխանակ այս 3 ամսվա ընթացքում իրենք հանդես գային ծնողների հետ հանդիպելու նախաձեռնությամբ, ներողություն խնդրեին, որ չեն կարողացել խաղաղ պայմաններում ապահովել զոհված զինծառայողների կյանքի իրավունքը… Այս կարգի համառությունն ինձ համար հասկանալի չէ և ավելի շատ հարցեր է բարձրացնում»:
Փաստաբանը նաև չբացառեց դիակների կրկնակի դատաբժշկական փորձաքննություն անցկացնելու հնարավորությունը՝ տեղեկացնելով, որ այս պահին այդ ուղղությամբ են աշխատում.
«Նաև ակնկալում ենք չեզոք, բացարձակապես անկախ, անաչառ փորձագետների ներգրավման հնարավորությունը տուժողների կողմից: Տուժողների կողմից չի բացառվել նաև արտաշիրմում անելու հնարավորությունը: Գործ ունենք իր նախադեպը չունեցող ողբերգության հետ, երբ խաղաղ պայմաններում 15 զինվոր իր կացարանում ողջ-ողջ այրվել է…»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված կացարանում զոհված զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացրել Կառավարության շենքի մոտ: Նրանք պահանջում էին հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ: Զոհվածների հարազատներն ակցիայի շրջանակում նաև փակեցին Հանրապետության հրապարակի հարակից փողոցները, սակայն կարճ ժամանակ անց ոստիկանների հետ բանակցությունների արդյունքում ճանապարհը բացվեց:
Նշենք, որ Կառավարության նիստի ավարտից հետո Փաշինյանը չհանդիպեց զոհվածների ծնողներին, այլ ավտոշարասյունով հեռացավ շենքից: Ծնողներին հանդիպման առաջարկ էր արել Նիկոլ Փաշինյանի օգնականը՝ Գագիկ Իսախանյանը:
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել էր 15 զինծառայող, 3 զինծառայող ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց: Դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում