«Ո՞ւր են մեր երեխեքը, բերե՛ք. վարչապետը դեպքից 2 ժամ հետո գործը ծածկեց». հրդեհից զոհված զինվորների ծնողները ճանապարհ են փակել
Տարեսկզբին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զինվորական կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների ծնողները վաղ առավոտյան փակել էին Հանրապետության հրապարակին հարող ճանապարհը: Նրանք հանդիպում են պահանջում Նիկոլ Փաշինյանի հետ:
«Ո՞ւր են մեր երեխեքը, բերե՛ք մեր երեխեքին, մենք առողջ երեխեք ենք տվել ձեզ: Դիտավորյալ սպանել են մեր երեխեքին ու վարչապետը 2 ժամ հետո հելավ, գործը ծածկեց ու դրեց էն կողմ: Ինքը մեզ պետք է ընդունի, պետք է պատասխան տա՛, ինքն իր 4 երեխուն գրկած քնում է, իսկ մեր 15 լույս երեխեքը… Էլ սուս չե՛նք մնալու, արդեն 3 ամիս է անցել, ի՞նչ են արել…»,- ասաց զոհված զինծառայողներից մեկի մայրը:
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել էր 15 զինծառայող, 3 զինծառայող ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց: Դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում