Միլիարդի զենքերն իհարկե մենք ենք առել. Նիկոլ Փաշինյան

«Հայրենսաիրության մոդելի մասին, որ խոսում ենք, կարող է պարզվի, որ մի ուրիշ պետություն ավելի շատ ենք սիրում, քան մերը՝ և՛ գործնական, և՛ էմոցիոնալ առումով»,-այսօր ԱԺ-ում ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Լավ, բանակցային եղած փաստերի մասին գոնե պե՞տք է առերեսվենք, բանակցային գործընթացն ինչի՞ մասին է եղել: Բանակցային գործընթացի նպատակներն են՝ առաջին՝ Ադրբեջանի թվարկած շրջանների վերադարձը Ադրբեջանին: Ադյ ժառանգությունն եմ ես ստացել: Դրանից առաջ այլ ձևակերպում է եղել, բայց քառօրյա պատերազմի արդյունքում այդ ձևակերպումները փոխվել են: Հիմա այստեղ մարդիկ կան՝ ասում են՝ մենք քառօրյա պատերազմը հաղթեցինք, իսկ դուք 44-օրյա պատերազմը պարտվեցիք: Ես՝ որպես կամավոր, այստեղ մեր գործընկերներից շատերի հետ եղել եմ այդ քառօրյա պատերազմում: Ասում են՝ հզոր բանակը, զենքը, զինամթերքը… Ասենք՝ մենք կոշիկ էլ ենք ստացել, ավտոմատ էլ ենք ստացել, սաղավարտ էլ ենք ստացել, ուտելիք էլ ենք ստացել, ինչի՞ մասին եք խոսում: Ասում է՝ բա էդ միլիարդի զենքերն իրե՞նք են առել, բա իհարկե, մենք ենք առել, բա դո՞ւք էիք առել: Մի հատ էլ իմ բերած փաստը ներկայացնում է, որ այ, իր խոսքով ապացուցվում է, որ մենք ենք առել: Այդ ամենն արձանագրված է, չէ՞՝ ով ինչ է առել ու երբ է առել: Ե՞ս եմ ասել 80-ականների զենք, իրենք ասել են՝ 80-ականների զենք, ասում են՝ մեր բանակը մեր ժամանակ հզոր էր, ձեր ժամանակ հզոր չէր: Եթե հզոր էիք, պատերազմը հաղթել էիք, բա բանակցային բովանդակություն ինչո՞ւ է փոխվել պատերազմի ընթացքում և այդպես շարունակ»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ օրերս ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը նշել էր, որ Նիկոլ Փաշինյանն իր հայտարարությունում մի շատ կարևոր փաստի մասին է ասել. «Ասաց՝ միլիարդների զինամթերք են հանձնել Ադրբեջանին։ Բա էդ ու՞մ բերածն է, այդ միլիարդների զենքը, իրենք են այդ երկու տարում բերել։ Ինքը դրանով ասաց հետևյալը, որ մինչև 2018 թվականը հայկական բանակը իր սպառազինությունների մի հիմնական մասը ցուցադրում էր քաղաքացիներին, իսկ նա այդ ամենը հանձնեց Ադրբեջանին, իսկ Ալիևը ցույց տվեց, թե ինչ զենքեր է վերցրել իրենից, իրենից, ոչ թե զինվորից»:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև 2021թ. ընտրություններից առաջ Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրությանը, որտեղ Փաշինյանն ասում է, որ թեկուզ իրեն գժի տեղ դնելով, թեկուզ ոչ ադեկվատ թվալով պետք է կանվեյերի վրայից դուրս պրծնի:

Նիկոլ Փաշինյանը ուշադրություն հրավիրեց այն փաստին, թե ով է ձայնագրել այդ խոսակցությունը. «Կարո՞ղ է այդ մարդը նախկինում մեր խմբակցության անդամ է եղել, հիմա էլ՝ ուրիշ խմբակցության: Մեկ էլ գալիս են, մեծ-մեծ բաներից են խոսում, բարոյականությունից, բանից… Եկել է՝ մեր ցուցակով դարձել է պատգամավոր, եթե չասեմ՝ ականջից բռնել ենք, դարձել ենք պատգամավոր, նա կյանքում կարա՞ր պատգամավոր դառնար: Եկել է, հեղափոխական թիմի նիստը ձայնագրել է, տարել է Սերժ Սարգսյանին է տվել, ու մի հատ էլ այսօր հոխորտում է: Գետինն էլ չի մտնում: Կողքից էլ չեն ասում՝ բա դու ո՞վ ես: Բարոյական կերպարը մարդու նայեք: Այդ ձայնագրությունը ներկայացրել էին մեր դեմ, բայց փորձագետների գնահատմամբ՝ ընտրություններից առաջ մեզ օգնեց, որովհետև բացահայտվեց ճշմարտության ևս մեկ կտոր: Չնայած՝ կարող է վերսիա լինել, որ դա մեր ուղարկած մարդն է՝ ընդդիմության շարքերը ներսից քայքայելու համար»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս