«Մանթաշյանց» միությունը կհիմնադրի ներդրումային ֆոնդ, որը կնպաստի ստեղծվող ծրագրերի իրականացմանը
Կայացավ «Մանթաշյանց» գործարարների միության հերթական «Business weekend»-ը։ Գործարարների ամենամեծ հավաքին ներկա էին «Մանթաշյանց» միության ավելի քան 200 անդամ Հայաստանի 4 և այլ երկրների 3 մասնաճյուղերից։
«Մանթաշյանց» միության համահիմնադիր Վահրամ Միրաքյանը բացման խոսքում ամփոփեց «Մանթաշյանց» ԳՄ անցած ուղին, ձեռքբերումները, միասին լինելու առավելությունները, ինչպես նաև հանդիսավոր կերպով ներկայացրեց միությանն անդամագրված նոր գործարարներին։
Միությունը տարեկան կազմակերպում է ավելի քան 650 միջոցառում, որոնց թվում է Sales camp-ը։ Այն կազմակերպվում է ամեն ամսվա վերջին օրը, որի նպատակը վաճառքն է։ Կան բազմաթիվ միջոցառում- հավաքներ, որոնք նպաստում են նոր կապերի ստեղծմանը, փորձի փոխանակմանը և բիզնեսի խթանմանը։
Խոսելով առաջիկա ծրագրերից` գործարարների միության նախագահ, բիզնես դասընթացավար Վահրամ Միրաքյանը նշեց, որ նախատեսվում է նոր մասնաճյուղերի բացում Հայաստանի մարզերում և արտերկրում՝ մասնավորապես Վրաստանում, Իրանում, Ռուսաստանում, Ուկրաինայում և Մեծ Բրիտանիայում։
Ակումբում գործարարները ոչ միայն նոր կապեր են ձեռքբերում, այլև կրթվում են և մշտապես կապ պահպանում պետական կառույցների հետ։
Մանթաշյանց ԳՄ-ն նախատեսում է հիմնադրել ներդրումային ֆոնդ, որը կնպաստի ստեղծվող ծրագրերի իրականացմանը։ Առաջիկա ամռանը սպասվում է նաև մեծ հավաք ամբողջ աշխարհի Մանթաշյանց գործարարների մասնակցությամբ , ինչպես նաև ծրագրվում են գործարարերի միմյանց հետ համագործակցությանը նպաստող նոր ձևաչափի հավաքույթներ։
Բիզնես վիքենդի մասնակիցները՝ խոսելով գործարարների միության իրենց անդամակցությունից, կարևորեցին Մանթաշյանց միության առավելություններն ու ձեռքբերումները իրենց բիզնես ոլորտում։
Ըստ «Ստատուս Հոլդինգ» ընկերության ղեկավար Տիգրան Բալոյանի՝ ամենակարևորը ակումբի մթնոլորտն ու շունչն է, որը ոգեշնչում է, ցույց է տալիս նոր սահմաններ ու հնարավորություններ, որոնք կարելի է օգտագործել։
«Սմարտ Փրոդաքշն»-ի հինադիր տնօրեն Նարեկ Տեր-Ավետիսյանն էլ կարևորեց «Մանթաշյանց MBA» կրթական ծրագիրը, որի ընթացքում ստացած գիտելիքները զգալիորեն ազդել են իր բիզնեսի և աշխատանքային գործունեության վրա։
Բիզնես հավաքին ներկա էին նաև հյուրեր, որոնք առաջիկայում նախատեսում էին ինտեգրվել ակումբին։
«Մանթաշյանց» ակումբի «Business weekend»-ի պատվավոր հյուրն էր բիզնես-դասընթացավար, ձեռնարկատեր, վաճառքի փորձագետ Դմիտրի Աշեպկովը, ով հանդես եկավ դասախոսությամբ, իր փորձով և բիզնես գաղտնիքներով կիսվեց հայ գործարարների հետ։
Միջոցառումն անցավ բազում նոր հանդիպումներով, գիտելիքներով և տպավորություններով։
Նշենք, որ Մանթաշյանց ԳՄ կարգախոսն է ««Մենք»-ը ուժեղ է «ես»-ից»։ Համախմբելով աշխարհի տարբեր մասերում գտնվող հայ գործարարներին՝ միությունը նպաստում է հայ բիզնեսի ճանաչմանը, զարգացմանն ու ընդլայնմանը։