Միջազգային զարգացման համագործակցության իսպանական գործակալությունը 100 հազար եվրո է հատկացնում ԼՂ-ից տեղահանվածների համար
Միջազգային զարգացման համագործակցության իսպանական գործակալությունը (AECID) 100 հազար եվրո է հատկացնում՝ 2020 թվականին Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված հազարավոր մարդկանց աջակցելու, կենսապայմանները բարելավելու համար: Այս մասին տեղեկացնում է COPE ռադիոկայանը:
Նշվում է, որ Միջազգային զարգացման համագործակցության իսպանական գործակալությունը (AECID) համաձայնել է 100 հազար եվրոյի չափով ներդրում կատարել, աջակցել «Գործողություն սովի դեմ» ՀԿ-ին՝ օգնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով տեղահանված բնակչությանը Սյունիքում:
Նպատակն է՝ առաջիկա երեք ամիսների ընթացքում ֆինանսապես, նաև՝ հոգեսոցիալական ուշադրությամբ աջակցել մոտ 250 տեղահանված ընտանիքների:
Գործակալության հայտարարությունում նշվում է, որ ընդհանուր առմամբ կան մոտ 1000 խիստ խոցելի տեղահանվածներ, ովքեր ֆինանսական աջակցություն կստանան՝ հոգալու համար իրենց հրատապ լուծում պահանջող կարիքները:
Ծրագիրը կկենտրոնանա հատկապես հղի և կերակրող կանանց, բազմազավակ ընտանիքների, ինչպես նաև Գորիսի 13 սահմանամերձ համայնքներում բնակվող հաշմանդամություն ունեցող անձանց վրա:
Բացի այդ, ծրագրի շրջանակում աջակցություն կցուցաբերվի 100 տեղահանվածների, ովքեր կարիք ունեն հոգեսոցիալական և հոգեկան առողջության աջակցության՝ Գորիսում գործող «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ի միջոցով: