«Դուք ի՞նչ գիտեք, որ չի կատարվել». Էդվարդ Ասրյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին
Այսօր խորհրդարանի միջանցքում լրագրողները ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանից հետաքրքրվեցին, թե Տեղ գյուղում ապրիլի 11-ին Ադրբեջանի կողմից հարձակման ժամանակ ովքե՞ր են թերացել, որի մասին երեկ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։
Պատասխանելու փոխարեն՝ Էդվարդ Ասրյանը լրագրողներին ասաց, որ իրենք են թերացել, որ թույլ չեն տալիս իրեն անցնել։
«Եթե վարչապետը նշել է թերացումների մասին, ուրեմն՝ կնշանակվի քննություն և թերացողները կերևան»,- նշեց Էդվարդ Ասրյանը։
Լրագրողները նաև հարցրեցին՝ Նիկոլ Փաշինյանն ի՞նչ հանձնարարություններ է տվել, որ չի կատարվել, սակայն մինչ Էդվարդ Ասրյանը կպատասխաներ, Անդրանիկ Քոչարյանը բղավեց լրագրողների վրա՝ ասելով.
«Մի հատ ճանապարհ տվեք, էս ի՞նչ եք անում»։
Այնուհետև հարցին պատասխանեց ԳՇ պետը՝ նշելով, որ հանձնարարությունը վերաբերում է պետության ռազմական անվտանգության ապահովմանը։
Հաջորդ հարցին, թե ինչո՞ւ այդ հանձնարարությունը չի կատարվել, Էդվարդ Ասրյանը հարցով պատասխանեց.
«Իսկ դուք ի՞նչ գիտեք, որ չի կատարվել»։
Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը խոսելով Տեղ համայնքում տեղի ունեցած բախման մասին՝ ասել էր.
«Ձեզ պետք է անկեղծ ասեմ, որ երբ նման իրավիճակ է լինում, առաջին հարցը, որ ես տալիս եմ ինքս ինձ, հետևյալն է՝ թե ես ինչն այնպես չեմ արել։ Դա նաև այդ դեպքերից է, որովհետև կան իրավիճակներ, որոնք կանխատեսելի չեն, այսինքն՝ ինչ-որ մի բան կարող է ուղղակի «կոնտրոլից» դուրս գալ։ Բայց կոնկրետ այդ իրավիճակային դեպքերից է, որ կանխատեսելի է, կանխատեսվել է, և ես այդ թեմայով խորհրդակցություններ եմ հրավիրել, կոնկրետ հանձնարարականներ եմ տվել, խնդիրներն եմ առաջադրել և այլն, և այդպես շարունակ։ Իմ գնահատմամբ, այն, ինչ տեղի ունեցավ, պետք է տեղի չունենար։ Առնվազն ինձ համար միանշանակ է, որ մենք այստեղ էլ պետք է քննենք և հետաքննենք, թե ինչ է տեղի ունեցել, և ինչու է այդպես տեղի ունեցել։
Այն, որ Ադրբեջանի պահվածքը և գործունեությունը եղել է ուխտադրուժ, այդտեղ ինձ համար երկրորդ կարծիք լինել չի կարող, բայց մենք չէինք էլ կարող հույս ունենալ հակառակի։ Այդ սցենարի շրջանակներում կոնկրետ մարդկանց տրվել են կոնկրետ հանձնարարականներ, և այդ հանձնարարությունների կատարումը ձախողվել է։ Իհարկե, սրան պետք է հետևեն և վարչական որոշակի ադմինիստրատիվ հետևանքներ, նաև պետք է ավելի խորը քննենք և հասկանանք»,- ասել էր Փաշինյանը։