«Ինչու է բարձրաստիճան զինվորականը պահանջել հետ տալ գրաված բարձունքը. կարո՞ղ է գործակալներ են». Փաշինյան

Այսօր Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը Նիկոլ Փաշինյանին հարցրեց, թե արդյո՞ք 5-րդ շարասյան վերաբերյալ նրա արած հայտարարությունը փաստերի վրա էր հիմնված:

«Համընկնումը պատահական է, բայց 2 օր առաջ հեռուստատեսությամբ մի ռեպորտաժ տեսա մի քրեական գործի մասին, որը, ինչքան հասկացա՝ ուղարկվել է կամ պետք է ուղարկվի դատարան, որը հետևյալի մասին է, որ ադրբեջանական կողմը գրոհել  և գրավել է բարձունք, հայկական կողմը հակագրոհել է և հետ է գրավել բարձունքը:

Հիմա քրեական գործով մեղադրվող բարձրաստիճան զինվորականը մեղադրվում է ինչի՞ համար, որ գնացել է, ընդ որում, իր լիազորությունները զանցառելով, ըստ էության գնացել, ասել է՝ հետ իջեք հետ գրաված բարձունքից, թողե՛ք այդ բարձունքը: Սա չի պրոբլեմը, ամենամեծ պրոբլեմն այն է, որ ցանկացած գործողություն պետք է ունենա պատճառաբանություն, պետք է ունենա բացատրություն: Որովհետև ենթադրենք՝ Պաշտպանության բանակը հաջող հակագրոհ է արել և բարձունքը հետ է գրավել և մեր բարձրաստիճան զինվորականը գնում հրամայում է, ասում է՝ հետ իջեք, թողեք բարձունքը, այսինքն՝ ըստ էության բարձունքը նորից հանձնեք թշնամուն: Ընդ որում, այդ մարդիկ դիմադրում են, բայց ինքը պնդում է՝ չէ որ չէ, բարձունքը հետ է հանձնում: Ու պրոբլմն այն է, որ չկա բացատրությունը, ինչո՞ւ, ինչո՞ւ է հետ հանձնվում:

Իմ ունեցած տեղեկություններով՝ մենք էլի ունենք նման իրավիճակներ, հույս ունեմ, որ էլի կդառնա հեռուստատեսային ռեպորտաժի թեմա, որ գործողություն է արվել:

Կարդացեք նաև

Օրինակ՝ երբ բարձրաստիճան զինվորականը զորքի մեջ խուճապ է տարածում և հանձնարարում է իր ենթակային, ասում է՝ գնա, զորքի մեջ խուճապ տարածի, այնպես արա, թող բոլորը թողնեն այդ դիրքերը, գնան:

Կամ պայմաններ է ապահովում, որպեսզի հակառակորդն առանց որևէ բարդության գրավի տարածքներ, հետո, երբ փաստերը դրվում են, ինքն ասում է՝ հա, մեղավոր եմ, ընդունում եմ իմ մեղքը, բայց սա ամբողջ պատմությունը չի, բայց ինչի՞ ես արել դա, լավ, ինչի՞ ես արել:

Հասկանում եք, ոչ մի հանցագործություն բացահայտված չի, մինչև իր մոտիվացիան չի բացատրվել: Օրինակ՝ եթե ինձնից փորձագիտական կարծիք հարցնեք, որը դե յուրե ոչ մի նշանակություն չունի, ասեք՝ բա ձեր վերսիան ո՞րն է, ինչի՞ են արել, ես կանեմ, գուցե ավելի աղմկոտ բացատրություն կամ աղմկոտ հայտարարություն: Օրինակ, ես մտածում եմ՝ կարո՞ղ է ուրիշ երկրի գործակալներ են էդ մարդիկ, հավաքագրվա՛ծ գործակալներ:

Ես, օրինակ՝ էնքան մտածում եմ ինքս իմ մեջ, ես սա չեմ  պնդում, անում եմ իմ վերլուծական հետևությունը, որովհետև ես ուզում եմ բացատրություն գտնեմ: Այսինքն՝ կամ ինքը պետք է վերևից հրաման ստացած լինի, ե՞ս պտի տված լինեմ էդ հրամանը, ես գիտեմ, որ ես էդ հրամանը չե՛մ տվել, ուրեմն ինքն ուրիշ տեղ ունի վերև, որտեղից ստացել է հրամաններ և կատարել է, որովհետև, եթե ես տված լինեի էդ հրամանը, էդ մարդը պրոբլեմ չուներ, կասեր՝ վարչապետը հրամայել է, կատարել եմ, ես զինվորական մարդ եմ, բայց քանի որ ենթադրում եմ՝ ինքը մի տեղից է հրաման ստացել, որտեղից հրաման ստացած լինելու փաստը խոստովանելու պարագայում ինքն ավելի լուրջ մեղադրանք կստանա, այսինքն՝ լրտեսի, հայրենիքի դավաճանի մեղադրանք, ինքն ասում է՝ մեղավոր եմ, ինձ անփութության համար դատեք, ինչքա՞ն է հասնում, 7 տարի՞ է հասնում, դատեք, որովհետև էն մյուս խոստովանության դեպքում իրեն ոչ միայն կդատեն, այլև իր ապրած առոք-փառոք կյանքը, կպարզվի՝ 0 արժեք ունի, որովհետև ինքը շարքային գործակալ է, օրինակ»,- ասաց Փաշինյանը:

Դիմելով Անդրանիկ Քոչարյանին՝ նա հույս հայտնեց, որ այս թեմայով  նաև քննիչ հանձնաժողովում կխոսեն:

ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն էլ նշեց, որ իր ղեկավարած քննիչ հանձնաժողովն արդեն իսկ ակտիվ փուլ է մտել.

«Քննիչ հանձնաժողովը հրավիրում է զինվորականների և ոչ միայն զինվորականների, և հայտնվել են զինվորականներ, որոնք փոխանակ փորձեն օգտագործել այս հարթակը, նման հարցերի պատասխանները փորձեն ինչ-որ ձև պատասխաններ տան, նրանք խուսափեցին: Ավելին, նաև իրենց հարցազրույցներով հիմնավորեցին հիմնավոր կասկածները՝ չգալով: Հարցազրույցներով նաև ցույց տվեցին, որ խնդիրն այս իշխանությունների մեջ է, ոչ թե պետության առջև իրենց պարտականությունների կատարման…»:

Արձագանքելով իշխանական պատգամավորին՝ Փաշինյանն ասաց.

«Ինչուների հարցերի մի շղթա է, եթե այդ հարցերի շղթան շարունակենք, կարող է հետևությունը այն լինել, որ 44-օրյա պատերազմի առաջնային թիրախն ամենևին էլ Լեռնային Ղարաբաղը չի՛, 44-օրյա պատերազմի առաջին թիրախը Հայաստանի Հանրապետությունն է, նրա անկախությունը, ինքնիշխանությունը:

Երեկվա դեպքերի առումով՝ հարձակում է տեղի ունեցել Զինված ուժերի վրա, մեկ էլ մարդիկ ասում են՝ իշխանությունը րոպե առաջ պետք է հրաժարական տա, գոնե ասեն՝ ենթադրենք՝ էս դեպքերը հլը անցնի, չէ՛, ասում են՝ հիմա՛ հրաժարական տվեք, որ, եթե պարզվի՝ այնուամենայնիվ վիճակի, ինչ-որ կառավարում կա, որ դա էլ չլինի: Դա 5-րդ շարասյան գործելակերպ է, դա 5-րդ շարասյան գործելակերպ է, այո՛, և պետք է մեր հատուկ ծառայություններն այս ամեն ինչին ուշադրություն դարձնեն: Բայց այնպես չի, որ գործակալներին բացահայտելիս, միանգամից հայտարարում են, հրապարակում են, որովհետև այդտեղ հազար ու մի զուգահեռ պրոցեսներ կան, բայց, որ նրանք պետք է լինեն օպերատիվ հսկողության ներքո, և պետությունը պետք է նրանցից պաշտպանվելու մեխանիզմներ գտնի, դա ակհայտ է և դա պետական անվտանգության խնդիր է, և այդ խնդիրը, պետք է մտածենք՝ ո՞նց լուծենք՝ առանց մեր ժողովրդավարությանը վնասելու»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս