Բաժիններ՝

Անգլիայում տասնյակ հազարավոր բժիշկ-ինտերններ քառօրյա գործադուլ են սկսել

Այսօր Անգլիայի բժիշկ-ինտերնները լայնամասշտաբ քառօրյա գործադուլ են սկսել, որն սպառնում է լրջորեն խաթարել Առողջապահության ազգային ծառայության (National Health Service, NHS) գործունեությունը:

Մեծ Բրիտանիայի բժշկական ասոցիացիայի կազմակերպած գործադուլներին, ըստ Sky News հեռուստաալիքի գնահատումների, պետք է մասնակցեն մինչև 47,6 հազար բժիշկ- ինտերններ՝ NHS-ի բուժաշխատողների հաստիքակազմի ավելի քան 40%-ը։

Նրանց հիմնական պահանջն է 35%-ով բարձրացնել աշխատավարձերը։ Արհմիության գնահատումներով` դա պետք է իրական հաշվարկով փոխհատուցի վերջին տասնհինգ տարվա ընթացքում աշխատավարձերի 26%-ով կրճատումը: Կառավարությունն այս պահանջներն անվանում է «չափից դուրս բարձր»։

NHS-ի գնահատումներով՝ գործադուլը կարող է հանգեցնել այն բանին, որ Անգլիայում չեղարկվեն բժշկի մոտ ավելի քան 350 հազար այցեր և վիրահատություններ: Իրավիճակը վատթարանում է Զատկի արձակուրդի պատճառով: Դա կարող է հանգեցնել այն բանին, որ բուժաշխատողներից շատերն, ովքեր փոխարինելու էին եկել գործադուլ անող գործընկերներին մարտ ամսին տեղի ունեցած համանման 72-ժամյա գործադուլի ժամանակ, այս անգամ չեն կարողանա օգնության գալ: Նախորդ գործադուլն արդեն հանգեցրել էր բժշկի մոտ 175 հազար այցերի և վիրահատությունների չեղարկման։

Գործադուլների ալիքը, որի պատճառն ապրուստի կտրուկ թանկացումն է (2022թ.-ի արդյունքներով գնաճը կազմել է 10,5%) և իրական եկամուտների անկումը, ընդգրկել է Միացյալ Թագավորությունն անցած տարեվերջից։ Բուժաշխատողներից բացի, գործադուլներին մասնակցում են երկաթուղայիններ, ավտոբուսների վարորդներ, սահմանապահներ, փոստատարներ, ուսուցիչներ, համալսարանների դասախոսներ և մի շարք այլ ոլորտների ներկայացուցիչներ։ Մեծ Բրիտանիայի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ չեն կարող իրենց թույլ տալ պետական ​​հատվածում աշխատող մարդկանց աշխատավարձերը հասցնել գնաճի մակարդակին, քանի որ նման միջոցները կհանգեցնեն երկրում գների հետագա աճի և չափազանց մեծ բեռ կստեղծեն բյուջեի համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս