Ինչքան էլ ամուսինը կակաչ տնկի՝ Հայաստանի ու Արցախի քարտեզը հո չի՞ փոխվելու. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ի խուլիգանությունների, թքելու, թրաֆիքինգի զոհերի, խուճապի, ՄԻՊ-ի թեկնածուի մասին
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների առաջադրած ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանն է:
Զրույցի ընթացքում քննարկված հիմնական թեմաները՝ թեզերով.
- Իմ թեկնածության քննարկման ժամանակ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի դահլիճում տարօրինակ տեսարան բացվեց: Նախ ներկա չէր իշխանությունների՝ ՔՊ առաջադրած թեկնածու Անահիտ Մանասյանը, ինձ թվաց, թե ՀՀ գլխավոր դատախազին առընթեր Էթիկայի հանձնաժողովի նախագահը որոշել է բարեվարքություն ցուցաբերել և ինքնաբացարկ հայտնել:
- Երկրորդ տարօրինակ հանգամանքը ՔՊ խմբակցության գրեթե ամբողջ կազմով ներկայությունն էր (դահլիճում և դրսում՝ մոտ 40 հոգի), եկել էին ոչ միայն հանձնաժողովի անդամները, այն դեպքում, երբ դրանից մի քանի օր առաջ անձամբ հանդիպում էի խնդրել ՔՊ խմբակցության հետ, բայց նրանք պարզապես չէին արձագանքել:
- Երբ հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը սկսեց ներկայացնել ինձ, ՔՊ-ական պատգամավորների մի մասը սկսեց ցուցաբերել անդաստիարակ մարդուն բնորոշ պահվածք: Դրսևորեցին քրեական ենթամշակույթին բնորոշ վարքագիծ… Նրանց կարծիքով՝ եթե մեկ մարդ (Նիկոլ Փաշինյանը) ասել է, որ 2018-ի իրադարձությունը թավշյա, ոչ բռնի, սիրո, հանդուրժողականության հեղափոխություն է եղել, ուրեմն որևէ մեկը չի կարող այլ բնորոշում կամ ձևակերպում տալ դրան, ընդ որում՝ բառերի այդ հերթականությունն էլ պետք է պահվի… Այդ քննարկման ժամանակ բացահայտ խաթարվում էր ազատ խոսք ասելու, կարծիք հայտնելու իրավունքը… Հնչեցին սպառնալիքներ՝ կկտրեմ լեզուդ, ականջներդ, ձեռքերդ, այսինքն՝ սպառնում էին կտրելու մարդու՝ տեղեկատվություն ստանալու և փոխանցելու միջոցները:
- Եթե ինձ նախապես տեղյակ պահած լինեին, որ պետք է հանդիպեմ քրեական ենթամշակույթ ունեցող մարդկանց հետ, ես միանգամից կմերժեի հրավերը, բայց ասել էին, թե հանդիպելու եմ պատգամավորների հետ:
- Նրանք ոչ թե իմ, այլ հենց իրենց և նաև իրենց իսկ ընդունած որոշման նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերեցին: Այնինչ ԱԺ պատգամավորը կանոնակարգ սահմանադրական օրենքի պահանջով պարտավոր է հետևել էթիկայի նորմերին: Նրանք ոչ թե իմ, այլ թե հենց իրենց, և թե իրենց ընդունած որոշման նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորեցին:
- Չեմ բացառում, որ այդ պատգամավորները դրսևորած իրենց խուլիգան վարքագծի համար խրախուսվեն ու պարգևատրվեն Նիկոլ Փաշինյանի կողմից, պարգևավճարներ ստանան:
- Այս իշխանություններից սպասվող ամենամեծ վտանգը բխում է անպատասխանատվությունից ու անպատժելիությունից:
- Բարեվարքությունն ընդհանրապես, իսկ ՄԻՊ թեկնածու Անահիտ Մանասյանի ներքին բարեվարքությունն ի՞նչ է հուշում՝ երբևէ, որևէ ժողովրդավարական երկրում կարո՞ղ է դատախազի տեղակալն առաջադրվի ՄԻՊ թեկնածու՝ առանց պաշտոնից ազատվելու, նստի դատախազության ծառայողական մեքենան ու գա խորհրդարան՝ իր թեկնածության հարցի քննարկմանը:
- 2018թ․-ի իրադարձություններն «ադրբեջանաթուրքական հեղափոխություն» որակմամբ եմ դիտարկել իրական շահառուների տեսանկյունից: Իսկ իրական շահառուներն Ադրբեջանը և Թուրքիան են: Նրանք են շահել այս հեղափոխությունից, Հայաստանի ժողովրդին այս իշխանությունները պարզապես խաբել են:
- Իլհամ Ալիևը 2018թ. հուլիսի 10-ին անձամբ է բառացիորեն հայտարարել, որ Բաքուն կապ ունի Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության հետ: Նա նաև ակնարկել է, որ հիմա հայկական ընդդիմության՝ Փաշինյանի իշխանության գալուց հետո մտադիր է առավել ակտիվորեն լուծել Լեռնային Ղարաբաղի հարցը:
Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի որևէ ներկայացուցիչ մինչ օրս չի համարձակվել հակադարձել Ալիևին:
- Երբ Հայաստանի զինվորականները, գեներալները հայտարարությամբ հանդես եկան՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, պատասխան հայտարարությամբ անմիջապես հանդես եկան Թուրքիայի նախագահը և վարչապետը՝ անթույլատրելի համարեցին Հայաստանում որևէ իշխանափոխություն: Այդ նույն ժամանակ Ադրբեջանի ԱԱԾ տնօրենն էլ հայտարարեց, թե Հայաստանում կան մարդիկ, որ ուզում են հեղաշրջում անել, բայց մենք դա թույլ չենք տա ու դրա համար ունենք ռեսուրսներ: Հրապարակված այս բոլոր փաստերը վկայում են, թե ով է 2018-ին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների իրական շահառուն:
- Նիկոլ Փաշինյանի կառավարական դղյակում կեցության գինը մեկ ամսվա համար արժե 100 հազար դոլար. դա երկու անգամ ավելի թանկ է, քան այն բնակարանի գինը, որը Աշոտ Փաշինյանը չի կարողանում վաճառել:
- Սրանք շառլատաններ են, խաբում են ժողովրդին, տիրանում նրա օրինական իշխանությանն ու դա ծառայեցնում թշնամուն:
- Նախարար Վահան Քերոբյանը նախարարի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացնում, իսկ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարում է, թե ինքն է որոշողը, թե ով և երբ կարող է ազատվել աշխատանքից… Պարզվում է՝ սրանց մոտ թրաֆիքինգ էլ գոյություն ունի:
- Հարցեր ՄԻՊ թեկնածու Անահիտ Մանասյանին, որոնք հենց իրեն ուղղելու հնարավորություն ինձ չի տրվել. քո պաշտոնավարման ընթացքում խաղաղ պայմաններում 15 զինծառայող զոհվեց հրդեհի պատճառով: Լրագրողները դրա մասին հարց են տալիս, իսկ դու ժպտալով ես պատասխանում: Սա որքանո՞վ է տեղավորվում բարոյականության, բարեվարքության նորմերում:
- Սահմանադրական իրավունքի մասնագետ Անահիտ Մանասյանը արձագանքե՞լ է՝ արդյոք օրինակա՞ն էին 2020 թվականի սահմանադրական փոփոխությունները, որը հեղինակել էր Մովսես Խորենացի համալսարանի բակալավրիատի 3-րդ կուրսի ուսանող, Նիկոլ Փաշինյանի թերթի աշխատակից Վահագն Հովակիմյանը:
- Անահիտ Մանասյան, եթե ՄԻՊ լինես՝ ՍԴ դատավորների խախտված իրավունքների մասին կկարողանա՞ս խոսել:
- Ես համաձայնել եմ առաջադրվել ՄԻՊ թեկնածու՝ ոչ թե ընտրվելու, այլ արժանիների համար ճանապարհ հարթելու համար: Իսկ արժանի պրոֆեսիոնալներ կան, պարզապես նրանք հրաժարվել են ընդունել առաջարկը:
- Այս իշխանությունները, հատկապես հիմա, մտահոգ են ոչ թե հայերի, այլ ադրբեջանցիների ու թուրքերի իրավունքներով: Իրենք հետևողականորեն տապալում են մարդու ՄԻՊ ինստիտուտը:
- Մեր խարխլված պետությունը դարձել է պետականության կորստի պատճառ:
- Երկրում կա լայքի կոնտրոլ՝ հատկապես պետական հիմնարկներում աշխատողների համար:
- Փողոցում խորոված անելով՝ քաղաքացու օր են նշում, հետո թքում քաղաքացու վրա:
- Իրենք ավելի լավ, քան մենք, գիտեն, թե ինչ են արել, ու հասկանում են, որ չի ներվելու ու չի մոռացվելու:
- Ինչքան էլ ամուսինը կակաչ տնկի՝ քարտեզը հո չի՞ փոխվելու: