ՀՀ Շիրակի մարզպետարանի ու Վրաստանի Սամցխե-Ջավախքի միջև կստորագրվի փոխհամագործակցության հուշագիր
Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնում մեկնարկել է Անդրսահմանային համագործակցության առաջնորդության ակադեմիայի երրորդ հանդիպումը, որի արդյունքների հիման վրա նախատեսվում է փոխհամագործակցության ստորագրում՝ սահմանակից Շիրակի մարզպետարանի ու Սամցխե-Ջավախքի միջև: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, եռօրյա աշխատանքային հանդիպման մեկնարկին Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը կարևորեց անդրսահմանայանին համայնքների համագործակցությունը՝ ի շահ հարևան երկրների զարգացման: «Անդրսահմանային համագործակցության նպատակն է հարևան պետություններին դարձնել միմյանց ավելի մոտ»,-նշեց Մարտինա Շմիդտը։
Շիրակի մարզպետարանի Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Արամ Անտոնյանը «Արմենպրես»-ին ասաց, որ ակտիվ համագործակցության համար անհրաժեշտ է շփում ու խնդիրների բարձրաձայնում: «Հաճախ խնդիրները պետք է լուծվեն ոչ թե պետական, այլ տեղական մակարդակով»,-նշեց Արամ Անտոնյանը՝ տեղեկացնելով, որ Վրաստանի հետ սահմանակից են Շիրակի մարզի Աշոցք, Ամասիա և Ախուրյան համայնքները:«Ճիշտ է, պետական մակարդակով համագործակցություն կա, բայց սա շատ լավ հնարավորություն է տեղական մակարդակով խնդիրները լուծելու»,-նշեց Արամ Անտոնյանը՝ հույս հայտնելով, որ հետագա համագործակցությանը կնպաստի նաև Սամցխե-Ջավախքի հայ համայնքը, իսկ համագործակցության արդյունքներն արդեն տեսանելի կլինեն առաջիկայում:
Նինոծմինդայի քաղաքապետ Անի Մոսոյանը կարևորում է նմանատիպ հանդիպումները, նշելով, որ դրանց արդյունքում առաջիկայում երկու երկրների քաղաքացիները հնարավորություն կունենան սահմանն անցնել նույնականացման քարտերով: Նինոծմինդայի քաղաքապետը եռօրյա հանդիպումից ակնկալում է ոչ միայն խնդիրների լուծում, այլ նաև՝ փորձի փոխանակում:
Հանդիպման ընթացքում Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների փոխնախարար Մզիա Գիորգոբիանին կարևորեց նման ակադեմիաների իրականացումը և հույս հայտնեց, որ այն կնպաստի երկու երկրների համայնքների միջև կապերի ամրապնդմանն ու նոր ծրագրերի իրականացմանը։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի համոզմամբ՝ սա նախաձեռնություն է, որը թույլ կտա հեռու գնացող համագործակցության համար հիմքեր ստեղծել: «Շատ հետաքրքիր ծրագիր է՝ մեր բարեկամ վրաց ժողովրդի հետ ունենք համագործակցություն պետական մակարդակով, հիմա դրա ֆոնին՝ նաև մարզային և համայնքային մակարդակով. Շիրակի, Լոռու, Տավուշի մարզպետների ակտիվ նախաձեռնողականության շնորհիվ հնարավորություն ունենք Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլի տարածաշրջանների հետ ծրագրեր իրականացնել»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Վաչե Տերտերյանը:
Անդրսահմանային համագործակցության առաջնորդության ակադեմիան իրականացվում է Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի Գործողությունների ծրագրի համատեքստում։ Եռօրյա ակադեմիայի շրջանակում հայ և վրացի ՏԻՄ ներկայացուցիչները կմասնակցեն կարողությունների զարգացման սեմինարների, կունենան տարաբնույթ այցելություններ:
Արմենուհի Մխոյան



