Ռուս-իրանական ռազմավարական գործընկերությունն ի օգուտ ՀՀ շահի է, բայց արդյունքը կախված է ՀՀ որոշումներից. վերլուծաբան

Իրանն ու Ռուսաստանը ռազմավարական գործընկերության մասին համապարփակ պայմանագրի նախագծի համաձայնեցման վերջնական փուլում են: Այս մասին օրերս հայտարարեց Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը՝ Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ։

Նա նշեց, որ երկու երկրների հարաբերությունները զարգանում են ճիշտ ճանապարհով, բարձրաստիճան պատվիրակությունները տարբեր մակարդակներում հանդիպում են, քննարկում տարբեր հարցեր, երկու երկրների ղեկավարները մշտապես անմիջական շփման մեջ են:

ԱԳ նախարարը հույս ունի, որ Թեհրանի և Մոսկվայի միջև ռազմավարական համագործակցության մասին համապարփակ համաձայնագրի նախագիծը վերջնականապես կհամաձայնեցվի հաջորդ ամիս:

«Ես շատ երախտապարտ եմ, որ մեր երկրների միջև ռազմավարական գործընկերության մասին համապարփակ պայմանագրի նախագիծը քննարկվել և հաստատվել է Ռուսաստանում: Մենք հուսով ենք, որ այդ համաձայնագիրը կստորագրվի»,- ասաց նա։

168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ նման համաձայնագրի կնքման ճիշտ ժամանակն է, քանի որ Իրանի ու ՌԴ շահերը թե ռեգիոնում, թե աշխարհում համընկնում են վերջին մեկ տարվա իրադարձությունների բերումով։

Ըստ նրա՝ արևմտյան կոալիցիան աշխատում է ՌԴ-ի, Չինաստանի, Իրանի դեմ, այստեղ էլ արդեն նոր կոալիցիաներ են նշմարվում, հենց սա էլ նոր աշխարհակարգի ձևավորման ճանապարհն է։

«Իրանի դեմ գործողություններ չեն բացառվում, Իսրայելը չի թաքցնում, որ սպասվում են օդային հարվածներ Իրանի դեմ, և այստեղ Իսրայելը դրանք հետաձգելու ցանկություն չունի, թեև Թուրքիան ընտրական փուլ է թևակոխում, իսկ ԱՄՆ-ը ուղիղ չի ողջունում ներկայումս այս մտադրությունը։ Նոր ձևավորվող և բևեռացված աշխարհում փոքր երկրներն իրենք են ընտրում, թե որ բևեռում են։ Հայաստանի դեպքում տպավորություն է, թե կա ցանկություն շարժվելու այլ ուղղությամբ, բայց ինչպես մշտապես պնդել եմ, այսօր էլ այն կարծիքին եմ, որ շահերի տեսանկյունից ՀՀ-ն այլընտրանք չունի, հատկապես՝ ներկայումս, երբ Իրանն է հանդես գալիս ՀՀ անվտանգության և տարածքային ամբողջականության օգտին։ Արևմուտքը դա չի անելու։

Իսկ ինչպես Իրանի ու ՌԴ-ի պարագայում, քաղաքականությունը որոշում են շահերը։ Մոսկվայում ևս իրանական կողմը շեշտեց, որ թույլ չի տալու սահմանների փոփոխություն, դա վերաբերում է Հայաստանին, ՌԴ-ն իր հերթին՝ դրան դեմ չէ։ Ուստի ռուս-իրանական նոր համաձայնագիրն ի օգուտ ՀՀ շահի է, իսկ արդյունքը կախված է նրանից, թե դա ինչպես կտնօրինեն ՀՀ իշխանությունները»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս