«Սյունիքում տեղի ունեցող այս գործընթացը սպասվում է նաև Տավուշում, Գեղարքունիքում. Ադրբեջանն արդեն պատրաստ է դրան». Հայկ Նահապետյան

«Տեղ գյուղի մոտ բավականաչափ տարածքներ անցել են ադրբեջանցիների վերահսկողության տակ, բարձունքներ են վերցրել»,- 168.amի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը:

«Տեղեկատվություն տարածվեց առ այն, որ բանակցություններ են սկսվել, ենթադրում եմ՝ ռուսների միջնորդությամբ: Փաստը մնում է փաստ, որ վաղօրոք պայմանավորվածություններ կան Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների միջև, և այդ բանավոր պայմանավորվածությունների արդյունքում ունենք այն, ինչ ունենք, որից անտեղյակ են թե՛ ժողովուրդը, թե՛ Տեղի բնակիչները, ինչպես նաև ընդդիմադիր քաղաքական ուժերը, սա՛ է իրականությունը»,- ասաց Նահապետյանը:

Ռազմական փորձագետի խոսքով՝ Սյունիքում տեղի ունեցող այս գործընթացը սպասվում է նաև Հայաստանի այլ վայրերում.

«Նույնկերպ կլինի Տավուշի մարզում, Գեղարքունիքում, Ադրբեջանն արդեն պատրաստ է դրան: Տարածքների այսպես հանձնումը, ենթադրում ենք, որ բանավոր պայմանավորվածությունների հիման վրա է»:

Հայկ Նահապետյանը տեղեկացրեց, որ թշնամու կողմից Տեղ գյուղի ուղղությամբ առաջ գալու և բարձունքներին տեղակայվելու հետևանքով տասնյակ, եթե ոչ՝ հարյուրավոր հեկտարներով հողատարածքներ հայտնվել են թշնամու ուղիղ նշանառության տակ, ինչի հետևանքով բնակիչները նշված հողատարածքներում գյուղատնտեսական աշխատանքներ չեն կարող իրականացնել.

«Ակնհայտ է, որ գյուղացին հասկանում է, որ խոցելիության տարածքում է, թեկուզ ստուգողական կրակելով՝ մարդկանց մեջ վախի, խուճապի մթնոլորտ կարող են առաջացնել: Այսինքն՝ գործնականում այդ տարածքները, ենթադրենք, ՀՀ տարածքներ են, բայց, եթե չի մշակվում, եթե գյուղացին չի կարողանում իր նվազագույն կարիքները հոգալ այդ տարածքների վրա, հաշվեք՝ այդ տարածքները դե յուրե քոնն են, բայց դե ֆակտո՝ ոչ»:

Անդրադառնալով Կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանի արած այն հայտարարությանը, թե համաձայն ադրբեջանական կողմի հետ պայմանավորվածության՝ 2023 թվականի ապրիլի 1-ից Կոռնիձորի կամրջից հետո ճանապարհը շարունակվելու է միայն Հայաստանի Հանրապետության տարածքով, և, որ ՀՀ ՊՆ ստորաբաժանումների փոխարեն՝ սահմանապահ զորքերն են ստանձնելու են այդ հատվածում ՀՀ պետական սահմանի պահպանությունը, Հայկ Նահապետյանն ասաց.

«Եթե, այնուամենայնիվ, ինչ-որ մի պահ կնքվի այդ «խաղաղության պայմանագիր» կոչվածը, ապա այն կյանքի է կոչվում որոշակի փաստացի մեխանիզմների առկայության պայմաններում, այդ մեխանիզմներից մեկը սահմանապահ զորքերի տեղակայումն է սահմանին, ոչ թե բանակային ստորաբաժանումների, որոնք կարող են մարտական խնդիր կատարել՝ հակառակորդից տարածքներ, բարձունքներ վերցնել: Վերջին հաշվով, այդպես է լինելու՝ հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով, վաղ թե ուշ, եթե տարածաշրջանում երկարատև խաղաղություն լինի, սահմանապահ զորքեր պետք է լինեն սահմանում, բնականաբար՝ անցագրային կետեր, անձնագրային ստուգումներ, եթե ճանապարհներով տրանսպորտային միջոցներ են անցնում, ներառյալ՝ նաև մաքսային ծառայություն:

Իսկ Ադրբեջանն այն, ինչ այսօր Տեղում կատարեց, փաստորեն փաստացի փորձում է ամբողջովին շրջափակման մեջ վերցնել Արցախը, ցանկանում է այդտեղ անցագրային կետ դնել, որին շատ արագ արձագանքեց ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը՝ ասելով, որ անցագրային կետ տեղադրելու հետ կապված ոչ մի պայմանավորվածություն չկա»:

Հարցին՝ դուք խնդրի լուծումն ինչպե՞ս եք պատկերացնում, Հայկ Նահապետյանը պատասխանեց, որ պատերազմի վտանգը շատ մեծ է.

«Երեկ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարության ներկայացուցիչը կրկին անգամ վերահաստատում էր Հայաստանին ռազմատեխնիկական օժանդակություն, դիտորդներ տրամադրելու իրենց պատրաստակամությունը, Հայաստանը լուռ է, իսկ այդ լռությունն ավելի շուտ մերժում է, որը կարող է պատճառ հանդիսանալ, եթե Ադրբեջանը, Թուրքիան և իրենց անդրօվկիանոսյան տերերը որոշեն, որ այստեղ այնուամենայնիվ իրավիճակը պետք է պայթեցնել, ապա ռազմական առումով կանխարգելիչ որևէ ուժ չկա: Այդ ուժը ՀԱՊԿ զորքերն են՝ խաղաղապահենրի, դիտորդների տեսքով, զորավարժությունների տեսքով, Փաշինյանն այդ ամենը մի կողմ է դրել: Ինքնին հասկանալի է, որ նա ուղղակիորեն կատարում է ԱՄՆ Պետքարտուղարության հանձնարարությունը, և զոհասեղանին մեր երկիրն է, երկրի տարածքներն են, բնակչությունն է և զինծառայողներն են, սա՛ է Փաշինյանի վարած քաղաքականության ամբողջ ալֆան ու օմեգան»:

Ճշտող հարցին՝ բանակցությունները կարո՞ղ են որևէ դրական փոփոխության հանգեցնել և թշնամին հետ շպրտվի ելման դիրքեր՝ հաշվի առնելով, որ դեռ 2021 թվականի մայիսից թշնամին մտել է Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք, ամրաշինական աշխատանքներ կատարել և հաստատվել, Հայկ Նահապետյանը բացասական պատասխան տվեց.

«Ո՛չ: Քանի դեռ 2 պետությունների միջև դելիմիտացիա չի եղել, Ադրբեջանն առաջ է գալու, վերցնելու է և ասելու է՝ սա իմն է: Այդ գործընթացը կկանգնի այն ժամանակ, երբ գործնականում լինի դելիմիտացիա, 2 պետությունների ղեկավարները ստորագրեն փաստաթղթի տակ, սա է միակ կանգնելու ձևը, ոչ թե բանակցությունները»:

Դիտարկմանը, որ մենք տեսանք, որ վերջերս Ադրբեջանի ղեկավարը հայտարարեց, որ պատրաստ է սահմանագծման աշխատանքներին այն ժամանակ, երբ Հայաստանը Արցախը ճանաչի Հայաստանի կազմում, Հայկ Նահապետյանն ասաց.

«Ադրբեջանն իր մոտեցումն է ասում, բայց այդպես չի, էլի, Ռուսաստանն ասում է՝ դելիմիտացիան արվելու է քարտեզներով, այդ քարտեզները գտնվում են ՌԴ Գլխավոր շտաբում: Եթե Ռուսաստանի միջնորդությամբ արվի, բնականաբար, այդ քարտեզներով է արվելու, անկախ նրանից՝ Ալիևն ինչ է հայտարարում, դա արդեն երկրորդական է: Դրա համար է ինքը կանգնեցրել դելիմիտացիայի հանձնաժողովների գործընթացը, կանգնեցրել է, որովհետև գիտի, որ Փաշինյանը զիջում է, և այդ զիջման ֆոնի վրա իրենք մաքսիմում կարող են առավելագույնը ստանալ, որովհետև Փաշինյանը խուսափում է պատերազմից, բայց քայլերը տանում են հակառակին…»:

Տեսանյութեր

Լրահոս