ՀՀ-ում COVID-19-ի «կրակեն» տեսակն է հայտնաբերվել. նախարարություն. Sputnik Արմենիա
ՀՀ առողջապահության նախարարությունը տվյալներ է ներկայացրել սուր շնչառական վարակների, գրիպի, COVID-19-ի և կարմրուկի համաճարակային իրավիճակի վերաբերյալ։
Հայաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի նոր XBB.1.5 ենթատեսակը, որը կոչվում է «կրակեն»։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել էր, որ «կրակենը» COVID–ի առավել վարակիչ տարբերակն է գոյություն ունեցողներից, սակայն հիվանդությունը թեթև է ընթանում։
Նշվում է, որ XBB.1.5 հայտնաբերվել է սեքվենավորման մեթոդով իրականացված հետազոտության արդյունքում։
Նախարարությունից հայտնել են նաև, որ Հայաստանում մարտի 27-ի դրությամբ ընդհանուր առմամբ հայտնաբերվել է COVID-19-ի 448,782 դեպք, որից 660-ը բուժում է ստանում, առողջացել են 473,514–ը, իսկ 8746 մարդ էլ մահացել է։
Վերջին 7 օրվա ընթացքում արձանագրվել է հիվանդության 307 դեպք, ինչը նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ (421 դեպք) նվազել է 27%-ով։
Ինչ վերաբերում է սուր շնչառական վարակներով և գրիպով պայմանավորված հիվանդացությանը, ապա այստեղ էլ է նկատվում ցուցանիշի նվազում։ Ընդհանուր դեպքերի 65%-ը կազմում են 0-18 տարեկանները։ Գերատեսչությունից նշում են, որ Հայաստանում տարածված են գրիպի վիրուսի Ա տեսակի H1N1 և H3 ենթատեսակի և գրիպի Բ տեսակի հարուցիչները։
Պատասխանելով կապիկի ծաղկի վերաբերյալ հարցին` նախարարությունից վստահեցրել են, որ հանրապետությունում այս հիվանդության ոչ մի դեպք չի արձանագրվել։ Միևնույն ժամանակ հայտնել են, որ Հայաստանում վարակի տարածման վտանգը ցածր է։
Ներկայում Հայաստանում դիտվում է կարմրուկի բռնկման մարման միտումներ։