
Գործը կարող եք փակել, գրեք, որ անկարող եք հանցագործությունը բացահայտել, սպասում եմ ձեր գրավոր պատասխանին. Աստղիկ Ավետիսյանը՝ որդուն ծեծի ենթարկելու փաստով հարուցված վարույթի վերաբերյալ

Օրերս ստացա դատաբժշկի փորձաքննությունը որդուս վրա հարձակման և ֆիզիկական վնասվածքներ հասցնելու առնչությամբ: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Հայկական PR ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանը, ով ավելի վաղ հայտնել էր, որ որդուն ծեծի են ենթարկել:
«Գիտե՞ք Հայաստանում ինչպես են փորձաքննություն իրականացնում, երբ մարդն արդեն ի վիճակի է քայլել, վերքերն ու վնասվածքներն արդեն լավացել են, արտաքին դաշտում որևէ նկատելի բան չկա, այ հենց այդ ժամանակ տուժածը հայտնվում է դատաբժշկի մոտ: Արդեն պատկերացնում եք չէ՞, թե ինչ փորձաքննություն է իրականացվում: Պարեկային ծառայությունը, Ոստիկանությունը, Քննչական կոմիտեն, Դատախազությունն իրենց գործառույթները թողած չգիտես ինչո՞վ են զբաղված: Տեսախցիկներ հայտնաբերված չեն, կասկածելի ոչինչ չկա….Վաղը ձեր երեխաներն էլ են հայտնվելու այդ իրավիճակում, որովհետև մեր երկրում ամենաթողությունը, անդաստիարակ վարքագիծը, խուլիգանությունն ու ցինիզմն ամենաբարձր մակարդակում են:
Ի դեպ, իմ հրապարակումից հետո մի քանի օր աշխատեցին և ամեն ինչ ավարտվեց: Հերթական չբացահայտված գործը մնաց դարակում…. Գործը կարող եք փակել, ձեզ նեղություն մի՛ տվեք, գրեք, որ անկարող եք հանցագործությունը բացահայտել, ես սպասում եմ ձեր գրավոր պատասխանին։
Ի դեպ, ՀՀ գլխավոր դատախազություն, դեպքի առնչությամբ հաղորդագրություն եք տարածում ու անչափահասի անուն, ազգանուն, հայրանունն ամբողջությամբ բացված գրում եք, որ ի՞նչ անեք: Ամենատարրական հարցերում նույնիսկ տգիտությունն է առաջնային:
Այս ընթացքում մի բան էլ հասկացա, որ այս իշխանությունը սիրում է, որ իրեն հայհոյեն, նա չի սիրում, երբ մասնագիտական կարծիք է հնչում….»,- գրել է նա: