ՀԱՊԿ-ի որոշ երկրներում ուժի մեջ է մտել ՀԱՊԿ-ի շրջանակներում իրավական օգնության տրամադրման համաձայնագիրը
Ուժի մեջ է մտել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների տարածքներում հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների ժամանակավոր տեղաբաշխման հետ կապված գործերով իրավասության և իրավական օգնության ցուցաբերման հարցերի շուրջ համաձայնագիրը: Այս մասին նշվում է ՀԱՊԿ-ի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
«Միջազգային պայմանագիրը վավերացվել է Բելառուսի Հանրապետությունում, Ղրղզստանի Հանրապետությունում, Ռուսաստանի Դաշնությունում և Տաջիկստանի Հանրապետությունում և 21-րդ հոդվածին համապատասխան՝ հիշյալ պետությունների համար ուժի մեջ է մտել 2023 թվականի մարտի 24-ին», – ասված է տեքստում։ Մամուլի ծառայությունում հիշեցրել են, որ համաձայնագիրը ՀԱՊԿ անդամներն ստորագրել են 2021 թվականի սեպտեմբերի 16-ին Դուշանբեում։
«Այս փաստաթղթի հիման վրա կիրականացվի ՀԱՊԿ անդամ պետությունների իրավասու մարմինների՝ զինվորական ոստիկանության, զինվորական հետաքննության, զինվորական դատախազության, ռազմական դատարանների (տրիբունալների) համագործակցություն՝ քրեական և վարչական գործերով, այն անձանց նկատմամբ, որոնք մտնում են հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կազմի մեջ», – հստակեցրել են կազմակերպությունում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ փաստաթուղթը նաև ուղղված է այն հանցագործությունների օպերատիվ հետաքննությանը, որոնք կատարվել են տեղաբաշխման վայրերում ուղարկող կողմի կազմավորումների մեջ մտնող անձանց կողմից ընդունող կողմի քաղաքացիների դեմ՝ հանցանքի վայրում ձերբակալման դեպքում։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնագրի վավերացման մասին օրենքն ստորագրել էր 2022 թվականի մայիսի 28-ին: